• June 8, 2022

«Ժողովուրդ». Մշտական բնակչության թվաքանակը նվազել է. տխուր պատկեր

«Ժողովուրդ». Մշտական բնակչության թվաքանակը նվազել է. տխուր պատկեր

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեկ տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պակասել է 2300-ով:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ մեր երկրում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բնակչության թվաքանակը 2 մլն 963 հազար 900 մարդ էր: Մյուս կողմից՝ նկատենք, որ ՀՀ որոշ մարզերում, հակառակը, բնակչության թվաքանակն ավելացել է` տարբեր տեղաշարժերի հաշվին։

Օրինակ՝ Արմավիրի մարզում 2021թ. ապրիլի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 264 հազար 100, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 264 հազար 700 մարդ: Արարատի մարզում եւս բնակչության թվաքանակն ավելացել է՝ 256 հազար 700-ից հասնելով 257 հազարի: Արագածոտնի մարզում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը 124 հազար 500-ից դարձել է 124 հազար 700 մարդ: Ի դեպ, Գեղարքունիքի մարզում բնակչության թվաքանակն ավելացել է 400-ով: Բնակչության թվաքանակը պակասել է Երեւանում 400-ով: Եթե նախորդ տարվա ապրիլի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 93 հազար 600, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 93 հազար 200 մարդ:

Մյուս կողմից՝ բնակչության թվաքանակը պակասել է Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզերում: Միայն սահմանամերձ Սյունիքում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը պակասել է 700-ով: Տեղեկացնենք, որ Կոտայքի մարզում բնակչության թվաքանակը պահպանվել է (251 հազար 400 մարդ):

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում