• January 31, 2019

Հայտարարություն դատավոր Նարինե Հովակիմյանի ակնհայտ կողմնակալության մասին

Հայտարարություն դատավոր Նարինե Հովակիմյանի ակնհայտ կողմնակալության մասին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը բողոք է ընդունել մի անձից, ով բողոք բերելու իրավունք չուներ։

Այսօր դատարանը քննության պետք է առներ ՀՀ դատախազության բողոքն ընդդեմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման։ Դատական նիստի ընթացքում պարզվեց, որ դատարանը բողոք է ընդունել նաև փաստաբան Հրանտ Անանյանից, ով տվյալ գործով պատշաճ կողմ չէ։ Մեր խնդրանքներին՝ ցույց տալ որևէ արձանագրություն, որով Անանյանը կամ իր վստահորդը կողմ են ճանաչվել առաջին ատյանի դատարանի կողմից, մնացին անպատասխան։

Ավելին՝ դատավորն անհարգալից վերաբերմունք դրսևորեց մեր նկատմամբ։

Հայտարարում եմ, որ տվյալ դատավորը #շահագրռվածություն է ցուցաբերում սույն գործով, քանի որ ակնհայտորեն խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասը (բողոք ընդունել այն անձից, ով բողոք բերելու իրավունք չուներ)։ ՀՀ բարձրագույն դատական խորհրդին կոչ եմ անում բացահայտել տվյալ դատավորի շահագրգռվածության պատճառը և կիրառել համապատասխան միջոցներ։

Նշեմ, որ սույն գործով, մենք հաղթանակ էինք տարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, որը որոշում էր կայացրել պարտավորեցնել քննչական մարմնին հարուցել քրեական գործ իմ ներկայացրած հաղորդման հիման վրա։ Իսկ հաղորդումը վերաբերում է իմ դեմ հարուցված կեղծ քրեական գործի շրջանակներում մի շարք ստորագրություններ կեղծելուն։ Ակնհայտ է, որ եթե հարուցվի քրեական գործ և նշանակվի փորձաքննություն, ապա կբացահայտվի, որ գործը սարքելու համար կեղծվել են ստորագրություններ, նաև քրեական պատասխանատվության կենթարկվեն կեղծարարությանը մասնակցած անձիք։ Հավանաբար, դատավոր Հովակիմյանը գործում է տվյալ անձանց շահերից ելնելով։

Մարինա Պողոսյան
«Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ
Դատական Դեպարտամենտ
Բարձրագույն դատական խորհուրդ The Supreme Judicial Council of RA