Հայաստանն ամբողջովին անցնում է էլեկտրոնային ուղեգրման համակարգի: Կառավարության հերթական նիստում նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը նախ նշեց, որ պետբյուջեի «Առողջապահություն» բաժնի 17 միջոցառումների փոխհատուցումը կիրականացվի պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով՝ 6 ամիս ժամկետով:
Ավանեսյանը հիշեցրեց, որ այսօր արդեն օֆերտային սկզբունքով բաշխվում է 27 միջոցառմամբ հատկացված գումարի 44 տոկոսը, որը կազմում է մոտ 52 միլիարդ դրամ:
«Նշված փոփոխության արդյունքում, բացի պահպանման ծախսերով փոխհատուցվող հոգեբուժական, նարկոլոգիական, տուբերկուլոզի բուժման, քրեակատարողական հիմնարկներում պահվող բուժօգնության միջոցառումներից, մնացած բոլոր ծրագրերը և միջոցառումները կփոխհատուցվեն պայմանագրային գումարով՝ բյուջեի չսահմանափակման սկզբունքով:
Կանոնակարգվում են նաև պացիենտների հերթագրման և ուղեգրման հետ կապված հարաբերությունները: Նշեմ, որ մեր այս նախագծով դուրս է գալիս թղթային ուղեգրման տարբերակը, և մենք ևս անցնում ենք ամբողջովին էլեկտրոնային ուղեգրման համակարգին»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ օրենսդրական փաթեթի ընդունումից հետո ծառայությունների գնման գործընթացն ամբողջովին կփոխվի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին պարզաբանեց, որ այլևս չի լինի առողջապահության նախարարի հրաման, որով իրականացվում են նախնական բաշխումներ պետպատվերով հիվանդանոցային ծառայություններ մատուցելու համար:
«Մենք կունենանք ընդհանուր բյուջե, և այդ բյուջեն կծախսվի՝ ըստ ուղեգրված քաղաքացիների ընտրության, այսինքն՝ նրանք, որ հիվանդանոց կգան, ծառայություն կստանան, «Արմեդ»-ում այդ ծառայությունը կգեներացվի, դրանից առաջ կգեներացվի նաև ուղեգրումը, և պրոցեսները կլինեն ըստ այդմ։ Արդյունքում մենք կունենանք ծառայությունների մատուցման տիպային ինչ-որ պայմանագիր, և նրանք, ովքեր ուզում են միանալ, կտեսնեն այդ պայմանագիրը և կորոշեն, որ ուզում են միանալ»,- ասաց վարչապետը:
Առողջապահության նախարարը նշեց նաև, որ մինչ այս ամենը բժշկական կենտրոնի համար նախատեսված էին նախարարի հրամանով սահմանված առավելագույն սահմանաչափեր, իսկ այսուհետ բժշկական կենտրոնները կփոխհատուցվեն ըստ մատուցած ծառայությունների: