• September 11, 2018

Ով պիտի պահանջի Վանեցյանի հրաժարականը

Ով պիտի պահանջի Վանեցյանի հրաժարականը

ՀՀ ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնի ձայնագրումն ու հրապարակումը պետք է որ ԱԱԾ տնօրենի՝ իր պաշտոնից հրաժարվելու պատճառ դառնար, սակայն վերջինս լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե հրաժարականի դիմում կներկայացնի միայն եթե հանրությունը կամ երկրի քաղաքական ղեկավարությունը դա կպահանջի։

Նախ այն մասին, թե ինչու Վանեցյանը պետք է հեռանա ԱԱԾ-ից։

Անվտանգություն ապահովողը վտանգված է

Փաստորեն, մեր բոլորիս անվտանգությունն ապահովելու լիազորություն ու պարտավորություն ունեցող կառույցի ղեկավարը ի վիճակի չի եղել ապահովելու սեփական անվտանգությունը՝ վտանգի ենթարկելով նաև ազգային անվտանգությունը։ Սովարաբար ԱԱԾ-ն է գաղտնի ձայնագրում մարդկանց, սակայն այս դեպքում ԱԱԾ-ի ղեկավարն է գաղտնի ձայնագրման թիրախ դարձել և այժմ խոստովանում է, որ պատկերացում անգամ չունի, թե դա ինչպես է տեղի ունեցել․ «Իմ համար հանելուկ ա, քննություն կիրականացվի, կպարզվի։ Եթե ԱԱԾ-ի ներսում ա, շատ ցավալի ա»,- ասել է նա։

Ֆուտբո՞լ, թե՞ ԱԱԾ

 

Ուշագրավ է նաև, որ Հայաստանում չգտնվող ԱԱԾ տնօրենը հեռախոսով բավականին լուրջ, այդ թվում միջազգային նշանակության թեմաներ է քննարկում ՀՔԾ պետի հետ՝ հավանաբար չերևակայելով, որ իրենց խոսակցությունը կարող է ձայնագրվել։ Առավել ուշագրավ է պատճառը, որի համար ՀՀ ԱԱԾ ղեկավարը այդ պահին Հայաստանում չէր։ Նա գտնվում էր Ժնևում՝ ԱԱԾ գործառույթների հետ որևէ կապ չունեցող պատճառով։ Արթուր Վանեցյանը, ինչպես հայտնի է, ձգտում է դառնալ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, և Ժնև կատարած այցը հենց այդ ձգտումն իրականություն դարձնելու համար է եղել․ «Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ կապված մեկնել էի Ժնև, այնտեղ որոշակի հարցեր կային քննարկելու»,- խոստովանել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Վանեցյանը։

Ի սկզբանե, երբ ԱԱԾ նորանշանակ տնօրենը ցանկություն էր հայտնել դառնալու Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ, շատերիս մոտ տարակուսանք առաջացավ, թե պետության և հասարակության համար այդքան կարևոր պաշտոն զբաղեցնող անձն ինչու է ձգտում մեկ էլ պաշտոնի, որը նրանից ժամանակ է խլելու․ ժամանակ, որը նա պետք է հատկացնի բոլորիս անվտանգությունն ապահովելու համար։ Հետաքրքիր է, թե ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում Արթուր Վանեցյանը որքան հաճախ է ստիպված լինելու գործուղումների մեկնել՝ ոչ ԱԱԾ-ական գործառույթներ իրականացնելու համար և որքան հաճախ արտերկրից կարևոր զանգեր կկատարի։ Կարծում եմ՝ մենք չպիտի խոչընդոտենք, որ Վանեցյանի երազանքն իրականանա, առավելևս որ նա ՀՖՖ նախագահի միակ առաջադրված թեկնածուն է, սակայն այդ ամենը չպետք է խառնել Ազգային անվտանգության ծառայության հետ։ Սեպտեմբերի 22-ին կայանալու է ֆեդերացիայի նախագահի ընտրությունը, որի ժամանակ ամենայն հավանականությամբ կընտրվի միակ առաջադրված թեկնածուն։ Գուցե դա լավ առիթ դառնա, որպեսզի Վանեցյանը թողնի ԱԱԾ տնօրենի պաշտոնը։

 

Վանեցյանը ստում է

 

ԱԱԾ ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ամենաուշագրավ հատվածը Ռոբերտ Քոչարյանի գործով կալանքի միջնորդությունը քննած դատավորի հետ Վանեցյանի ունեցած զրույցի հատվածն է։ Հեռախոսազրույցում Վանեցյանը տառացի ասում է․ «Ինձ դատավորը նոր զանգեց, մի քիչ վախեցած ա, ասեցի՝ նայի սաղ գործը․․․Ասի նայի հիմքերը, կզանգես, բայց կալանքը ուզես-չուզես պիտի տաս»։ Սա ակնհայտ ապացույց է առ այն, որ դատավորը զանգել է ԱԱԾ պետին՝ նրանից ակնկալելով ցուցում Քոչարյանի գործով։ Սա մի երևույթ է, որն ուղղակիորեն հակասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցմանը, ով ամեն հարմար առիթով շեշտում է, որ ինքը չի պատրաստվում ցուցումներ տալ դատավորներին։ Փաշինյանը, սակայն, չի մոռանում նշել, որ դեռ կան դատավորներ, ովքեր զանգում են՝ ցուցում ստանալու ակնկալիքով։ Փաշինյանի խոսքերն ապացուցվում են Վանեցյանի  զրույցով։ Դատավորն ինքն է զանգել, որից հետո ԱԱԾ պետը «հրահանգել է» գործին ծանոթանալուց հետո նորից զանգել իրեն։

Սակայն լրագրողների հետ զրույցում Վանեցյանը պնդել է, թե ինքը չի խոսել դատավորի հետ․ «Ես դատավորի հետ չեմ խոսել։ Դա անհերքելի փաստ է»։ Վանեցյանը ստում է։ Կամ նա ստում է լրագրողներին ու ողջ հանրությանը, երբ հայտարարում է, որ չի խոսել դատավորի հետ կամ նա ստում է ՀՔԾ պետին, ում պատմում է, որ դատավորն իրեն էր զանգել։

 

Ով պիտի պահանջի Վանեցյանի հրաժարականը

 

Վանեցյանն այսօր արդարացիորեն նշում է, որ ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն այն կառույցներն են, ովքեր արդյունավետորեն պայքարում են անօրինականության դեմ․ «Երկու կառույց կա՝ Հատուկ քննչական ծառայություն, Ազգային անվտանգության ծառայություն, որը վերջին շրջանում ստանձնել է դեր՝ արմատախիլ անել էս երկրում  անօրինականությունը։ Էս կարճ ժամանակահատվածում մենք այնքան գործ ենք արել, որ վերջին 10-20 տարվա ընթացքում իրավապահ մարմինները չեն իրականացրել։ Ես կարող եմ ապացուցել դա թվերով»։

Վանեցյանը կարծում է, որ հեռախոսազրույցի ձայնագրությունը տարածել են, որպեսզի թուլացնեն այս երկու կառույցները և ստիպեն հետ կանգնել իրենց պայքարից․ «Հարց կառաջանա՝ իսկ ուրիշ մարդիկ չկա՞ն, որոնք կանեն։ Կարող է և կան, անփոխարինելի մարդիկ չկան, բայց մենք ենք այդ գործը սկսել, մենք ենք տեղյակ մանրամասներին և մենք ունենք այդքան կամք և վճռականություն, որ այդ գործը հասցնենք իր ավարտին»։ Ի՞նչ է ուզում ասել Վանեցյանը․ նա, ըստ էության, գրեթե պարզ ասում է, որ եթե ուզում եք մենք պատասխանատվության կանչենք Քոչարյանին և մյուս խոշոր կոռուպցիոներներին, ապա թողեք, որ աշխատենք։

Նպատակը իսկապես արդար է, սակայն նպատակին հասնելու միջոցները, փաստորեն, օրինական չեն եղել։ Անօրինականության դեմ պայքարը չի կարող զուգորդվել այլ անօրինականություններ անելով։ Դատավորին ասել «կալանքը ուզես-չուզես պիտի տաս» նշանակում է ուղղակիորեն ոչնչացնել դատական իշխանության անկախությունը։ Իհարկե, հանրության մեծամասնությունը գուցե գոհ լինի արդյունքից՝ Քոչարյանի կալանավորումից, քանի որ երկրորդ նախագահի նկատմամբ հանրային ատելությունն անսահման է, սակայն այդպիսով կխախտվի մի շատ կարևոր սկզբունք՝ օրինականության և դատական իշխանության անկախության սկզբունքը։

Սա թերևս Վանեցյանի համար պակաս կարևոր է, քան հանրության գնահատականը, այդ պատճառով էլ նա «դուխով» հայտարարում է, որ հրաժարական կտա միայն երկու դեպքում․ «Ես կառչած չեմ այս պաշտոնից։ Ես ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում եմ մեծ պատասխանատվությամբ և կարծում եմ, որ ունեմ շատ գործեր անելու։ Եվ որ վայրկյանին հասարակությունը կամ երկրի քաղաքական ղեկավարությունը կներկայացնի նման պահանջ, որ ես պետք է հրաժարական տամ, ես հենց այդ վայրկյանին հրաժարական կտամ։ Ես կառչած չեմ այս պաշտոնից»։

Միամտություն է ակնկալել, թե հասարակությունը կպահանջի ԱԱԾ տնօրենի հրաժարականը՝ մանավանդ, որ վերջերս լայնորեն պրոպագանդվում ու խրախուսվում էր ԱԱԾ-ի նկատմամբ սերն ու վստահությունը։ Իսկ այսօրվա ուղիղ եթերով հեռարձակվող մամուլի ասուլիսի տեսանյութերի ներքո հայտնվող ֆեյսբուքյան մեկնաբանություններն իրավունք են տալիս պնդելու, որ հասարակության մեծամասնությունը ողջունում է Արթուր Վանեցյանի արարքը՝ միայն թե Քոչարյանին տեսնեն ճաղերի հետևում։

Մնում է Վանեցյանի նշած երկրորդ դեպքը՝ ՀՀ քաղաքական ղեկավարության պահանջը, այն է՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի պահանջը։ Վերջինս, սակայն, նման պահանջ դեռ չի ներկայացրել ու կարծես չի էլ պատրաստվում ներկայացնել։ Կառավարությունը մի կարևոր խնդիր ունի լուծելու՝ կոռուպցիայի դեմ պայքար, որի իրականացմանն ակտիվորեն մասնակցում է նաև ԱԱԾ-ն։ Սակայն կոռուպցիայի դեպ պայքարը չպետք է սահմանափակվի միայն նախկին իշխանության ու նրանց յուրայինների վերաբերյալ բացահայտումներով ու քրեական գործեր հարուցելով։ Կոռուպցիայի դեմ պայքարը նախևառաջ յուրայինների կատարած թերացումներն ու ապօրինությունները նկատելն ու պատասխանատվության կանչելն է։ Ամենադժվարը թերևս սա է՝ պատժել յուրայինին, այն էլ ներկայիս իրավիճակում, երբ միանգամայն հստակ չէ, թե ով է յուրային, ով՝ թշնամի։ Սակայն կոռուպցիան իրապես արմատախիլ անելու ցանկություն ունեցողը նույնքան անողոք պետք է գտնվի իր իսկ նշանակած կադրերի նկատմամբ՝ ապացուցելով, որ կարևորը սկզբունքն ու օրենքի գերակայությունն է, այլ ոչ թիմային մտածելակերպն ու խմբային շահը։

© Արման Ղարիբյան