• September 11, 2018

Նոր կարևոր մանրամասներ Մարտի 1-ի գործով

Նոր կարևոր մանրամասներ Մարտի 1-ի գործով

Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում մանրամասներ է ներկայացրել Մարտի 1-ի քրեական գործից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՀՔԾ պետը նախ հիշեցրել է, որ իրենք հայտնաբերել են 0038 հույժ գաղտնի հրամանը, որը շուրջ 10 տարի քրեական գործում չի եղել: «Երբ հայտնաբերվեց գաղտնի հրամանը, պարզ դարձավ, որ բանակը մասնակցել է այդ իրադարձություններին: Ընդ որում՝ բանակը մասնակցել է՝ սկսած փետրվարի 23-ից, և գաղտնի հրամանով  կատարվել է ձևակերպում, որ ընտրության արդյունքներն ազատ և արդար գնահատելուց հետո որոշ անհատներ և կազմակերպություններ չեն ընդունում դրանք, խժդժություններ են առաջացնում: Խնդրում եմ հաշվի առնել, որ այս հրամանն արձակվել է փետրվարի 23-ին, այսինքն,Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության արդյունքների հրապարակումից մեկ օր առաջ: Այսինքն, մեկ օր առաջ արդեն Ռոբերտ Քոչարյանը և Միքայել Հարությունյանը տեղյակ էին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է Սերժ Սարգսյանին ճանաչի հաղթող թեկնածու, և միջազգային կառույցները պետք է այս ընտրությունները դիտարկեն ազատ և արդար: Եվ այս պարագայում ստորագրվում է հրաման, որ բանակը բերեն զորանոցային վիճակի և կանխել այդ խաղաղ ցույցերը»,- նշել է Սասուն Խաչատրյանը:

Նա հավելել է՝ երբ պարզվել է, որ 0038 հրամանով ստեղծվել են կայուն և շարժուն խմբերը, դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հանդես են եկել հայտարարություններով, թե այդ խմբերը ստեղծվել են նրա համար, որպեսզի թույլ չտան, որպեսզի Գագիկ Մելքոնյանը և Մանվել Գրիգորյանը բանակը ինչ-որ գործընթացների մեջ ներգրավեն: «Նրանք այնպիսի փաստարկներ էին բերում, որոնք առնվազն լուրջ չեն: Դրանից հետո ասացին, որ բանակը չի մասնակցել մարտի 1-ի իրադարձություններին, այլ բերվել է զորանոցային վիճակի: Մեր քննությամբ արդեն հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է մարտի 1-ի իրադարձություններին, բանակը կրակել է, բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ: Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ավտոմատ հրազենից կրակոց են արձակել Լեո փողոցի շենքերի ուղղությամբ, այն բանից հետո, երբ այդ պատշգամբներից, ինչ-որ մի տեղից վառվող շիշ է նետվել: Այսինքն, բանակն ամբողջ ծավալով մասնակցել է այս գործողություններին»,- մանրամասնել է Սասուն Խաչատրյանը:

ՀՀ ՀՔԾ պետը ևս մեկ բացահայտում է արել՝ ընդգծելով, որ հասարակությունը պետք է իմանա, թե իրականում ինչ է տեղի ունեցել: «Այս գաղտնի հրամանից հետո, երբ որոշվել է Երևանում հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողների, շաբաթներով սահմանին կանգնած զինվորները հերթապահել են առանց հերթափոխի, ստեղծվել են վտանգավոր պայմաններ, ինչի արդյունքում նաև դիվերսիա է եղել: Այսինքն, այս ամենն ազդել է բանակի մարտունակության վրա: Իսկ ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ, պաշտոնյաների կողմից մեր բանակի զինվորներին վարձկաններ սարքելն է: Քրեական գործով արդեն իսկ հիմնավորվել է, որ օլիգարխների կողմից այդ ընթացքում՝ փետրվարի 23-ից մինչև մարտի 7-8-ն ընկած ժամանակահատվածը, բանակի զինվորներին բաժանվել են գումարներ, նրա համար, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը, իրենց քաղաքական նկրտումները»,- ընդգծել է Խաչատրյանը՝ ներկայացնելով փաստաթղթային ապացույցներ:

Նա ցույց է տվել ՀՔԾ քննիչի կողմից առգրավված մատյանը, որտեղ հատ առ հատ նշված են այն զինծառայողները, ովքեր գումարներ են ստացել, նշված են նաև գումարների չափերը, իսկ այդ անունների դիմաց առկա են այդ զինծառայողների, նրանց հրամանատարների ստորագրությունները: «Այդ գումարները հանվել են օլիգարխների, պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց հաշիվներից: Կոնկրետ անձանց հաշիվները կհրապարակենք ավելի ուշ: Ես չգիտեմ, թե ինչպես են սրա բացատրությունը տալու մեր երկրի նախկին ղեկավարները, թե ինչպես են նրանք մեր բանակի զինվորներին դարձրել վարձկաններ և հանել ժողովրդի դեմ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ անունները կտա հետագայում:

ՀՔԾ պետը հաստատել է, որ այդ օրերին օլիգարխների թիկնապահներին զրահաբաճկոններ են բաժանել: Նա նշել է, որ քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ, որ դա իրականություն է: «Պաշտպանության նախարարության պահեստներից ստացվել են մեծ քանակությամբ զինվորական հագուստներ, որոնք բաժանվել են օլիգարխների թիկնապահներին:  Ում են բաժանվել, ինչի համար են բաժանվել, այս պահին չեմ ասի: Թե ում են բաժանվել, դրա մասին բոլորդ կտեղեկանաք քննության ավարտին»,- մանրամասնել է Խաչատրյանը:

Սասուն Խաչատրյանը ևս մեկ ուշագրավ բացահայտում է արել: Նա շեշտել է, որ մարտի 1-ի զոհերից ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքներն առավել քան մշուշոտ էին, ուստի իրենք այդ ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք են տարել: «Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կողմից, մենք այդ մասին ունենք հստակ ապացույցներ: Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն էր մտցրել, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Մեր տարբերակն այն է, որ Տիգրան Աբգարյանին  հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այն խոսքերը, թե մենք ունենք զոհեր, հիմնավորվի, ինչը նախաքննությամբ հիմնավորվել է»,- ասել է Սասուն Խաչատրյանը:

© Արմենպրես