Խաչատրյանների կասկածելի գործարքները օֆշորում և գործարարի առեղծվածային մահը

Կյանքը միանգամից փոխվում  է,  երբ  նրանք  հայտնվում  են  պաշտոնյայի  աթոռին:  Նրանց թվում  է,  թե իրենք  արդեն  ձեռք  են  բերել  դրախտի  դարպասների  բանալին:

Ու  սկսում  են  հարստություն  դիզել, գնում կամ  կառուցում  են  շքեղ  առանձնատներ,  աճուրդներից  ձեռք բերում թանկարժեք նկարներ, տարբեր երկրներում  բիզնեսներ  հիմնում:  Ու համոզված են, որ միշտ այդպես ամենազոր ու ամենակարող են լինելու: Բայց  հանկարծ  գալիս  է  մի  օր  ու   նրանց  տակից  հանում  են  աթոռը,  հետո՝  ձեռքից  վերցնում «դրախտի  բանալիները»:  Անցնում  են  տարիներ,  պարզվում  է՝  նրանց  անուններն  արձանագրվել են նաեւ«Դրախտային  փաստաթղթերում»:

Սեյշելյան  օֆշորում գրանցված «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ» (Bradwell Investmentc Corp.)  ընկերությունը մեղադրվել է  միլիոնավոր  դոլարների  լվացման  և  հարկային  խարդախության  մեջ: Ընկերության սեփականատերը  ֆինանսների  նախկին  նախարար  Գագիկ  Խաչատրյանի  եղբոր  որդին է՝  Արամ Խաչատրյանը։

«Հետք»-ը մասնակցել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) «Դրախտային փաստաթղթեր» (Paradise Papers) նախագծին: Գլոբալ հետաքննական նախագծի շրջանակներում մեզ հասանելի է դարձել օֆշորային փաստաթղթերի հերթական արտահոսքը: Ավելի քան 13 մլն փաստաթուղթ է արտահոսել մեծ մասամբ օֆշորային ընկերություններ գրանցող իրավաբանական Appleby ընկերությունից և հասել գերմանական Süddeutsche Zeitung թերթի լրագրողներին, որոնք էլ այդ փաստաթղթերը ICIJ-ի միջոցով հասանելի են դարձրել աշխարհի 90 մեդիա գործընկերների, այդ թվում՝ «Հետք»-ին:

Արտահոսած օֆշորային փաստաթղթերում տասնյակ հայեր կան։ Այս հրապարակմամբ կանդրադառնանք ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին ու նրա ընտանիքի անդամների օֆշորային և հայաստանյան բիզնես գործունեությանը, որն առնչվում է նաև Երևանում էլիտար կառուցապատումներով զբաղվող գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի ինքնասպանությանը:

Փողերի լվացում և հարկային խարդախությունօֆշորային գոտում

Սեյշելյան Հանրապետության Ֆինանսական դիտարկման կենտրոնը 2014թ. գարնանը սկսել է հետաքննել Սեյշելյան Հանրապետությունում գրանցված «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ» ընկերության Barclays Bank (Offshore) Seychelles Ltd –ում ունեցած բանկային հաշվի ֆինանսական հոսքերը՝ փողերի լվացման կասկածանքով: Ընկերության բանկային փոխանցումները կասկածներ են առաջացրել, և Ֆինանսական դիտարկման կենտրոնը 2014թ. ապրիլի 1-ից սառեցրել է ընկերության ավելի քան 6,5 մլն դոլարի շարժը:

Ֆինանսական դիտարկման կենտրոնը «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ»-ի սեփականատիրոջից պարզաբանումներ, ապացույցներ և փաստական այլ տվյալներ է պահանջել մի շարք փոխանցումների վերաբերյալ: Որպես «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ»-ի սեփականատեր հանդես է գալիս Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Արամ Խաչատրյանը:

Գագիկ Խաչատրյանը 1996 թվականից պետական պաշտոններ է զբաղեցրել Հրազդանի, Մաշտոցի, էրեբունու, Շահումյանի հարկային տեսչություններում, հիմնականում տեսչության պետի պաշտոնում: 2001-ին նշանակվել է Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ: Արդեն 2008-ից մինչև 2014-ը գլխավորել է Պետեկամուտների կոմիտեն՝ մինչև այն միացվեց Ֆինանսների նախարարությանը, և 2014-2016թթ. եղել է ֆինանսների նախարար: Որպեսզի իր անվան հետ բիզնեսներ չկապեն, պաշտոնյան իր հարազատների ու ընտանիքի անդամների միջոցով է բիզնես գործունեություն ծավալել, երկար տարիներ պետական պաշտոններ զբաղեցնելով՝ հովանավորել է դրանց անխափան առաջընթացը:

41-ամյա Արամ Խաչատրյանը Գագիկ Խաչատրյանի հանգուցյալ եղբոր որդին է: Գրանցված է Եղվարդի նույն հասցեում՝ Գագիկ Խաչատրյանի հոր՝ Գուրգեն Խաչատրյանի հետ:

Ուսումնասիրելով ՀՀ արդարադատության նախարարության ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի փաստաթղթերը՝ կարելի է եզրակացնել, որ Արամ Խաչատրյանը Խաչատրյանների բիզնեսում առանցքային անձ է: Խաչատրյանների ընտանեկան բիզնեսը նա կամ տնօրինում է, կամ բաժնեմաս ունի, կամ էլ նախկինում ունեցել ու տնօրինել է դրանք:

Արամ Խաչատրյանը 2005-ից մինչև 2011թ. Գագիկ Խաչատրյանի որդիների հետ կիսել է հրուշակեղեն և սննդամթերք ներկրող և մատակարարող «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ընկերության բաժնեմասը: 2011-ից Արամ Խաչատրյանին է փոխանցվել ընկերության բաժնետոմսերի ողջ փաթեթը: Արամ Խաչատրյանը 2012-ից մինչ օրս նաև «Մեգաֆուդ» ՍՊԸ-ի տնօրենն է:  «ՄԵԳԱ ՖՈՒԴ»-ն ավելի քան 30 ապրանքանիշների ներկայացուցիչն է Հայաստանում: Համաձայն ընկերության պաշտոնական կայքի՝ «ՄԵԳԱ ՖՈՒԴ»-ի ապրանքաշրջանառությունն աճում է շատ արագ, և 2017 թվականին ընկերության ներմուծման ծավալը կազմել է 7000 տոննա:

Առանցքային է Արամ Խաչատրյանի դերակատարությունը հեռահաղորդակցության ոլորտում ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող «Յուքոմ» ընկերությունում: Ա. Խաչատրյանը 2011 թվականից «Յուքոմ» ընկերությունում 41 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր էր մինչև 2017 թվականի ձմեռ:

Դրանից հետո «Յուքոմ»-ում բաժնետերի փոփոխություններ են արձանագրվել: Մասնավորապես, այստեղ հայտնվել են Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններն անձամբ՝ 12.71% մասնակցությամբ, իսկ Արամ Խաչատրյանի բաժնեմասը փոքր-ինչ նվազել է՝ դառնալով 25.98 %:

Ամենահետաքրքիր փոփոխությունը «Յուքոմ»-ում «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի հայտնությունն է՝ նրան պատկանող ռուսաստանյան բաժնետիրական առևտրային «Ֆորա-բանկ»-ի միջոցով, որը դարձել է «Յուքոմ»-ի 11.21% բաժնեմասի սեփականատերը: Ըստ ամենայնի, Սամվել Կարապետյանի բանկը «Յուքոմ»-ում իր բաժնեմասի մասնակցությունն ապահովել է ընկերությանը տված վարկային միջոցների հաշվին: Պաշտոնապես 22,4 մլն դրամ ունեցող «Յուքոմ»-ի կանոնադրական կապիտալում բանկը 2,5 մլն դրամ կանոնադրական կապիտալ ունի: «Յուքոմ»-ը ղեկավարող և բարձր պաշտոններ զբաղեցնող եղբայրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանների բաժնեմասը ևս նվազել է այս փոփոխություններից հետո՝ դառնալով 3.17%, իսկ Կիպրոսյան օֆշորից Բրիտանական Վիրջինյան Կղզիներ գնացող ընկերությունների ցանցը նախկին նվազեցրել է իր բաժնեմասը՝ 49%-ից հասցնելով 31,05%-ի:

Արամ Խաչատրյանը ներկայումս հայաստանյան 5 ընկերությունում բաժնետեր է: Մեկ տասնյակ ընկերությունում եղել է բաժնետեր և տնօրեն: Դրանց կեսի բաժնեմասն ընթացքում փոխանցել է Գագիկ Խաչատրյանի որդիներին:

Մեղադրող. «Ով եք դուք և որտեղից եք ձեռք բերել այդ գումարները»

Սեյշելյան Հանրապետության բարձրագույն դատարանը 2015-ին քննել է «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ»-ի գործը փողերի լվացման մեղադրանքի շրջանակներում: Մեղադրանքի կողմը, մասնավորապես, նշել է այն մեխանիզմը, որից օգտվում են փողերի լվացման գիտակները. այն աձինք, ովքեր ուզում են փող լվանալ, լվացված փողերով թանկարժեք արվեստի գործեր են ձեռք բերում ամբողջ աշխարհում, այդ գումարները ներդնում են կերպարվեստի մեջ:

«Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ» ընկերության քաղվածքում երևում է, որ 2013-2014թթ. ընդհանուր 708 հազար դոլար է փոխանցվել ժամանակակից ռուսական արվեստի Sloane Gallery պատկերասրահին, որը գտնվում է ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում: 170 հազար դոլար էլ փոխանցվել է Galerie Tadeus Ropacպատկերասրահին:

Sloane Gallery պատկերասրահի տնօրենի՝ իրավապահներին ուղարկած տեղեկանքում արդեն հստակեցվել է, որ «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ»-ը 2,3 մլն դոլար է փոխանցել պատկերասրահին, որի դիմաց ձեռք է բերվել ռուսական ծագման նկարիչների 6 կտավ: Դրանցից ամենաթանկարժեքը Իլյա Կաբակովի «Հանդիսավոր կտավ»-ն է (A Solemn painting), որի համար Խաչատրյանները վճարել են 600 հազար դոլար:

Հաջորդում են Կոմար և Մելոմիդի «Ավարտվում է 3-րդ համաշխարհայինը»(Third World War Ends) և Էրիկ Բուլատովի «Կեչի» (Բերյոզկա) կտավները, որոնցից յուրաքանչյուրի համար փոխանցվել է 550 հազար դոլար:

«Առնվազն դա անվտանգ ապաստան է, և շատ դժվար է այդ ամենի մասին ինֆորմացիան հասանելի լինում, և հարկայինից ոչ ոք պատշաճ ջանասիրություն չի գործադրի, որպեսզի ճշտի, թե երբ և որտեղ եք բանկային հաշիվ բացել, ով եք դուք և որտեղից եք ձեռք բերել այդ գումարները»,- Սեյշելների բարձրագույն դատարանում նշել է մեղադրողը:

Ընկերությունը 11 մլն դոլարի փոխանցումներ է կատարել օֆշորային բանկի միջոցով: Մեղադրողն արձանագրել է, որ այս գործով տեղի է ունեցել հարկային խարդախություն և փողերի լվացում ՀՀ քաղաքացի Արամ Խաչատրյանի կողմից:

Կասկածներ են առաջացրել նաև «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ»-ի և Red Hill Enterprise-ի պայմանագրային իրավահարաբերությունները, որտեղ վերջինս մեկ պարտատեր, մեկ էլ՝ պարտապան է հանդես գալիս: Այս ընկերությունը երեք օրվա ընթացքում «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ»-ին փոխանցել է շուրջ 7 մլն դոլար:

RedHill Enterprises L.P.-ը գրանցվել է 2011-ի նոյեմբերին Շոտլանդիայում: «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ»-ը գրանցվել էր մի քանի ամիս առաջ՝ 2011-ի ապրիլին: RedHill Enterprises L.P.-ի գործունեության վերաբերյալ որևէ փաստաթուղթ Բրիտանական ռեգիստր մուտք արված չէ, ինչը նշանակում է, որ ընկերությունը որևէ գործունեություն չի իրականացրել, այլ գրանցվել է հատուկ նպատակով: 2017թ. դեկտեմբերին RedHill Enterprises L.P.-ն լուծարվել է: Երկու ընկերությունների միջեւ կնքված պայմանագրում երևում է, որ RedHill Enterprises L.P.-ի հաշվեհամարը «Ամերիաբանկ»-ում է: Այսինքն՝ 7 մլն դոլարը Հայաստանից է փոխանցվել Սեյշելներ, որից հետո այն բաշխվել է տարբեր տեղեր, այդ թվում՝ պատկերասրահներին և Աբրամ Ամիրխանյանին:

Այս գործի հանգուցալուծման վերաբերյալ արտահոսած փաստաթղթերի փաթեթում այլ տեղեկություններ չկան: Միայն ծառայությունների վճարման կտրոններ կան, որոնցից ակնհայտ է դառնում, որ Խաչատրյանները հազարավոր դոլարներ են ծախսել այս գործում իրավական պատշաճ պաշտպանություն ապահովելու նպատակով: Նրանց խորհրդատվություն են տրամադրել Appleby ընկերության իրավաբանները, գործընկեր կառավարիչ Մալկոլմ Մոլերը: Հայաստանում Արամ Խաչատրյանի իրավական խորհրդատուն եղել է «Ամերիա» ընկերությունների խմբի իրավաբանական խորհրդատվական ծառայությունների ղեկավար Դավիթ Սարգսյանը: Դեռևս այս տարվա մայիսին Դավիթ Սարգսյանին գրավոր հարցում էինք ուղարկել փողերի լվացման գործի հանգուցալուծման, «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ»-ի գործունեության և այլ հարցերի շուրջ:

«Մեր հարաբերությունները բոլոր պատվիրատուների և իրենց վերաբերող ծառայությունների և տեղեկությունների մասով կարգավորվում են առևտրային գաղտնիքի և երրորդ անձանց տեղեկատվության չբացահայտման պահանջներով: Հաշվի առնելով վերոգրյալը, մենք կարող ենք տեղեկություններ տրամադրել մեր պատվիրատուի և/կամ վերջինիս մատուցված որևէ ծառայության և/կամ վերջինիս վերաբերող որևէ գործարար տեղեկատվության վերաբերյալ միայն և բացառապես տվյալ պատվիրատուի գրավոր համաձայնության և/կամ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա: Սույնով տեղեկացնում ենք, որ «Ամերիա» փակ բաժնետիրական ընկերությունը չունի որևէ իրավասություն տրամադրելու Ձեր կողմից հայցվող տեղեկությունները»,- պատասխանել էր Դավիթ Սարգսյանը:

Մեր ջանքերը՝ հարցերի պատասխանները ստանալ «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ»-ի սեփականատերերից, տևական ժամանակ ձախողվում էին: Ի վերջո, Արամ Խաչատրյանը համաձայնեց պատասխանել դրանց:

««Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ» ընկերությունը ստեղծվել է իմ կողմից որպես ներդրումային հոլդինգային ընկերություն, փոխառու միջոցների ներգրավմամբ, միջազգային ծրագրեր իրականացնելու և Հայաստան ներդրումներ բերելու նպատակով: Ընկերությունը գործել է օրենքի և օրինականության շրջանակում, Ընկերության կողմից իրականացված գործարքները եղել են օրինական և իրավաչափ: Ինչ վերաբերում է Սեյշելի Հանրապետության ֆինանսական դիտարկման կենտրոնի հետ դատական վեճին, նշեմ, որ այն ավարտվել է հաշտությամբ, որով ընկերության նկատմամբ որևէ իրավական գործընթաց կամ հետապնդում չի իրականացվել: Ընդ որում, այդ հաշտությունն ամրագրված է վերջնական դատական ակտով»,- հայտնել է Արամ Խաչատրյանը:

««Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի պարտքային ֆինանսավորումը ինչ-որ միջազգային ծրագրի մա՞ս էր կազմում» հարցին Արամ Խաչատրյանը պատասխանել է։ «Նշված գործարքի մասով չեմ կարող տրամադրել առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ: Սակայն կարող եմ նշել, որ պարտքային ֆինանսավորման այս ծրագիրն իրականացվել է փոխառու միջոցներով»:

Դատարանի որոշումը տրամադրելու մեր խնդրանքին ի պատասխան Արամը Խաչատրյանն ասել է, որ «չի կարող տրամադրվել առձեռն կամ հրապարակվել, քանի որ այն վերաբերում է հաշտության համաձայնագրին և չի կարող հրապարակվել՝ համաձայն կողմերի ստանձնած պարտավորության»:

Մինչդեռ բայց աղբյուրներում մեր որոնումները հաստատում են, որ այս գործի շրջանակներում «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ»-ը դիմել է Սեյշելյան Հանրապետության Սահմանադրական դատարան` ընդդեմ Ֆինանսական դիտարկման կենտրոնի: Այստեղ վիճարկվել են հաշիվների սառեցման և դրա երկարացման որոշումները, և պահանջ է ներկայացվել հակասահմանադրական ճանաչել հաշիվների սառեցման կարգադրությունները: Սակայն դատարանը մերժել է ընկերության դիմումը` պահանջները չհիմնավորված լինելու հիմքով:

 Ներդրո՞ղ, թե՞ պարտատերով է ինքնասպանության հասցրելգործարարին

«Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ» ընկերության՝ արտահոսած բանկային մի քաղվածքում երևում է, որ ընդհանուր շուրջ 1,2 մլն դոլարի փոխանցում ընկերության հաշվեհամարին կատարել է «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն: Փոխանցման նպատակի դաշտում նշվում է՝ վճարում վարկի մայր գումարի դիմաց կամ տոկոսագումարների համար:

 

«Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն հիմնադրել էր գործարար Աբրամ Ամիրխանյանը, որը 2015 թվականի փետրվարի 16-ին ինքնասպանություն գործեց: Չնայած արդեն 3.5 տարի է անցել, սակայն գործի մանրամասներն, ըստ էության, հանրությանը հայտնի չեն: Մամուլում ինքնասպանության վերաբերյալ շրջանառվող հիմնական վարկածը գործարարի պարտքերն էին, սակայն թե ում՝ այդպես էլ պաշտոնապես չհայտարարվեց: Այս տարվա գարնանը Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք գործի ընթացքի մասին:

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Աբրամ Ամիրխանյանի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննվել է ԱԱԾ քննչական վարչության վարույթում: 2017թ. մայիսի 29-ին այն ստացվել է Քննչական կոմիտեում, և հետագա նախաքննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը:

«Նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ, նշանակվել մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել շուրջ 300 քաղաքացի: Նշված ընկերության գործողություններից տուժած շուրջ 150 քաղաքացի ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Իր գործունեության ընթացքում Աբրամ Ամիրխանյանի կողմից տարբեր ընկերությունների հետ առնչություն և նրանց նկատմամբ պարտավորություններ ունենալու հանգամանքները պարզելու ուղղությամբ մշակվել են տարբեր վարկածներ, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ»,- նշել է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժինը:

Գործարարի մահից ընդամենը 1 շաբաթ առաջ դատարանը սնանկ էր ճանաչել նրան պատկանող «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն: 1998 թվականին հիմնադրված ընկերությունը անշարժ գույքի կառուցապատող էր և հայտնի էր որպես Երևանի լավագույն թաղամասերում էլիտար բազմաբնակարան շենքեր կառուցող: ՍՊԸ-ն Աբրամ Ամիրխանյանի որդու՝ Լևոն Ամիրխանյանի անունով էր, որը մինչև 2014 թվականն ընկերության տնօրենն է եղել:

Դատարանով հաստատված պարտատերերը 180-ն են: «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի սնանկության կառավարիչ Արմեն Սարգսյանից տեղեկացանք, որ պարտատերերի գրանցամատյանում պարտատերերի թիվն աճել է և հասել 210-ի: «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի պարտքի գումարը 14 մլրդ դրամ է, 29,2 մլն դոլար և 1,3 մլն եվրո:

«Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի սնանկության գործով «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ» ընկերությունը դատարանից խնդրել է պարտապան «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի  նկատմամբ գրանցել 2,2 մլն դոլարի պահանջ: Սակայն դատարանը համարել է, որ այն ենթակա է մերժման, քանի որ ընկերության կողմից չի ներկայացվել որևէ ապացույց՝ ի հիմնավորում պահանջվող գումարը պարտապանին վճարած լինելու հանգամանքի:

Արամ Խաչատրյանին խնդրել էինք նաև հայտնել, թե որքան գումար է «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ»-ը տրամադրել «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ին, և որքա՞նն է մարվել մինչ օրս:

«Ես չեմ կարող բացահայտել ընկերության առևտրային գաղտնիք հանդիսացող որևէ տեղեկատվություն, սակայն կարող եմ նշել, որ ընկերության կողմից իրականացվել է «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի պարտքային ֆինանսավորում, որի արդյունքում ընկերության կողմից ներդրված գումարի մոտ 65 տոկոսն է միայն հնարավոր եղել վերականգնել, իսկ մնացածի մասով ընկերությունը վնաս է կրել: Պարտքային ֆինանսավորումն առաջարկվել է «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի կողմից և, փաստորեն, ընկերությունը, հավատալով ներկայացված ծրագրին, ներդրումներ է կատարել և զգալի վնասներ կրել «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի սնանկության արդյունքում»,- պատասխանել է Արամ Խաչատրյանը:

Չնայած Արամ Խաչատրյանն այդ գումարը որպես ներդրում է ներկայացնում, այդուհանդերձ, «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ» ընկերությունը դատարանում փոխատու է հանդես եկել, իսկ «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն՝ փոխառյալ: Ընկերությունների, ինչպես նաև Աբրամ Ամիրխանյանի որդու՝ Լևոն Ամիրխանյանի միջև 2011թ. մայիսի 16-ին կնքվել է նպատակային փոխառության պայմանագիր:

Մեզ չհաջողվեց  զրուցել ինքնասպանություն գործած գործարարի ընտանիքի անդամներից որեւէ մեկի հետ: Հարազատները փոխանցեցին, որ որդին՝ Լևոն Ամիրխանյանը, ամեն ինչ կորցրել է և մամուլի հետ հաղորդակցվելու ցանկություն չունի:

Այդուհանդերձ, մեր ձեռքի տակ է հանգուցյալ Աբրամ Ամիրխանյանի ռուսերեն նամակը, որը գրել է ինքնասպանություն գործելուց առաջ՝ փետրվարի 15-ին:

 

«2010-ին ես միամտաբար «Հրեշներից» վարկ վերցրի 6 մլն դոլար, վարկատու հանդես էր գալիս ինչ-որ «Բրեդվել Լիմիթիդ»: Գրավադրեցի Վարդանանց փողոցում 2200 մետր հողը՝ կառուցման իրավունքով, և Խանջյան 29 հասցեի շինությունը, և երկու ոտքով թակարդն ընկա: Եկավ վարկը փակելու ժամանակը, իսկ մեզ մոտ ճգնաժամ էր, և որքան էլ որ ես խնդրում էի տեղափոխել մայր գումարի ժամկետները, ոչ մի զիջում. «Հրեշները» մտադրվել էին խլել այդ երկու շենքերը, և սկսեցին իմ համար նոր սխեմայով վարկավորում առաջարկել «ՎՏԲ-բանկ»-ի միջոցով: 4 ամիս փաստաթղթեր էին տանում բանկ, բացեցին «Ուրմ» ընկերությունը, որն այդ վարկը պետք է ստանար, «ՎՏԲ-բանկ»-ն այդ արկածախնդրությանը չգնաց, և նրանք այդ ամենը գլուխ բերեցին «Արդշինբանկ»-ի միջոցով, ստացան իրենց 4 մլն-ը…»,-գրել է գործարարը:

Աբրամ Ամիրխանյանն այս նամակում պատմում է «սարսափելի» մարդկանց մասին, ովքեր խլել են իրենից ամեն ինչ:

Սկզբում խոստանալով իրենց հովանավորությունը՝ այդ մարդիկ գնել են իրենից Սայաթ-Նովա 40 հասցեի 5 հարկերը «Ucom»-ի գրասենյակի և «Մեգասպորտ» խանութի համար՝ շատ ցածր արժեքով: Այսինքն՝ այն գնով, որն իրենց է ձեռնտու եղել, իսկ արժեքը հենց իրենք են սահմանել:

Այնուհետև գործարարը սկսել է Ավանում՝ Աճառյան 40/3 հասցեում հյուրանոց կառուցել: Սակայն այստեղ էլ միջամտել են «հրեշ»-ները և տապալել գործարարի ծրագիրը:

«Մենք հիանալի երկիր ունենք, բայց ինչու այստեղ չի կարելի ապրել առանց «Հրեշների»: Ես մոտ օրերս պետք է վաճառեմ հյուրանոցի իմ մասնաբաժինը, հակառակ դեպքում ապրելն անհնար է, ահա թե ինչի են հասցրել «Հրեշները»: Ափսոս, որ ամեն ինչ այսպես վերջացավ:

Ես վստահ եմ, որ «Հրեշները» միշտ էլ իրենց արարքներին արդարացում կգտնեն, բայց նաև վստահ եմ, որ նրանք երբեք առողջ չեն լինի, նրանց հարազատներին միշտ կուղեկցի հիվանդությունը, խոցը և ..: Իսկ այժմ «Հրեշի» կոնրետ անունը. Խաչատրյան Արտյոմ Գագիկի:

Նա անցնում է դիակների վրայով՝ պատրաստ ամեն ինչ խլելու: Այժմ նրա ծրագրերում է ինձնից խլել երկու շինությունները, որոնք գրավադրված են «Արդշինբանկ»-ում, որի գրավադրման համար նա տվել է իր օֆշորային ընկերության միջոցով: 6 մլն դոլարից ես մարել եմ 2,4 մլն-ը, բայց այդ գումարի մեծ մասը նա որպես տուգանք է հաշվարկել, Խանջյան 29-ից ջրի գնով վաճառված բնակարանները չնչին գնով տվեց իր մտերիմներին և հարազատներին»,- պատմել է ինքնասպանություն գործած Աբրամ Ամիրխանյանը:

Գործարարը նշել է, որ «Հրեշը» ստիպել է Վարդանանց և Խանջյան փողոցներում կառուցված բնակարաններն էժան գներով՝ քմ-ը 400-600 դոլարով վաճառել իր հարազատներին վարկը մարելու նպատակով, ինչն ինքնարժեքից էլ ցածր է եղել և խանգարել է, որպեսզի կարողանա վճարել պարտքերը:

Գործարարն իր նամակում նաև պատմել է արաբ շեյխի հետ հյուրանոցի կառուցման ներդրումներ կատարելու բանակցությունների մասին և մեղադրել «Հրեշներին» այդ գործարքը ձախողելու մեջ, որպեսզի, ի վերջո, հյուրանոցը մնա իրենց:

«Այժմ «ՎՏԲ բանկ»-ի հետ պատրաստվում են խլել հյուրանոցը: Կբերեն օֆշորային ընկերություն և կնվիրեն: Դա նրանց ոճի մեջ է»,- ավարտել է իր նամակը Աբրամ Ամիրխանյանը և իրավիճակը բնութագրել մեկ բառով՝ Կամասուտրա»:

Աճառյան 40/9 հասցեում կառուցված հյուրանոցի սեփականատերն այժմ «Դի ընդ էյջ գրուպ» ՍՊԸ-ն է, որի տնօրենը 2016թ. դեկտեմբերից «Արդշինբանկ»-ի վարչության նախկին նախագահ Ներսես Կարամանուկյանի որդին է՝ Արամ Ներսեսի Կարամանուկյանը:

Եվ քանի դեռ միլիոնավոր դոլարները հոսում էին պատկերասրահներ կամ անհայտ ուղղություններով, Աբրամ Ամիրխանյանի նախաձեռնած շինարարությունն անավարտ մնալու հետևանքով Խանջյան 29, Վարդանանց 69 և Սայաթ-Նովա 40/1 հասեցների հարյուրավոր բնակիչներ մնացել են անտուն: Նրանց գործերի մի մասը դատարաններում են, մյուս մասը՝ բանկերի ձեռքում էն, երրորդի ճակատագիրը դեռ անհայտ է:

Խաչատրյանների բիզնեսը՝ Վրաստանում

Խաչատրյանների բիզնես գործունեությունը վաղուց հատել է Հայաստանի սահմանները: Նրանք ոչ միայն հարևան Վրաստանում են բիզնեսներ հիմնել, այլ նաեւ եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում:

Արամ Խաչատրյանը ղեկավարում է իրենց ընտանիքի վրաստանյան բիզնեսը: «Խրոնոգրաֆ» ժամացույցների և թանկարժեք զարդերի խանութ-բուտիկը գործում է նաև Թբիլիսիի կենտրոնական հրապարակում` Ազատության 2 հասցեում:

Վրաստանի ռեգիստրից ձեռք բերած փաստաթղթի համաձայն՝ Արամ Խաչատրյանը խանութի տնօրենն է, իսկ բաժնետերը՝ Շոտլանդիայում գրանցված Westpoint Merchants L.P. ընկերությունը:

2017թ. հունիսի 26-ին այս ընկերության վերահսկողությունը ստանձնել են Խաչատրյան եղբայրները: Այդ մասին բրիտանական ընկերությունների գրանցման ռեգիստրում գրառում է կատարված:

Խաչատրյանների ընկերությունն ու անշարժ գույքը՝ Փարիզում

Արամ Խաչատրյանի անվանը հանդիպում ենք նաեւ Խաչատրյանների ֆրանսիական ընկերությունում:

Գագիկ Խաչատրյանի որդին և հարսը՝ Արտյոմ Խաչատրյանն ու Քրիստինե Սաֆարյանը, Փարիզում 2011-ին գրանցել են «Նակրինամանգ» ՍՊԸ-ն: Ընկերության տնօրենը եղել է Արամ Խաչատրյանը, որը 2016-ի մայիսի 27-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝  բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ։

Այս ընկերությունը գրանցված է անշարժ գույքի ոլորտում գործունեություն ծավալելու նպատակով և այս պահի դրությամբ տիրապետում է Փարիզի ամենաթանկ թաղամասերից մեկում՝ Էֆելյան աշտարակի հարևանությամբ գտնվող Էդմոն Վալենտին 6 ( Rue Edmond Valentine) հասցեի անշարժ գույքը, որը ձեռք են բերել 2,6 մլն եվրո արժեքով: Այս բնակարանը, սակայն, Արտյոմ Խաչատրյանն ու Քրիստինե Սաֆարյանը ձեռք են բերել դեռևս 2009 թվականի հունիսի 18-ին:

164 քմ զբաղեցնող և շենքի 6-րդ հարկում գտնվող բնակարանն ունի 6 սենյակ, զգեստապահարան-սենյակ, սանհանգույցներ, գրասենյակի համար նախատեսված տարածք, խոհանոց և նկուղ:

Խաչատրյաններին է պատկանում նաև Passage Landrieu, 9, rue Pierre Villey հասցեի ավտոկայանատեղին, որի արժեքը 40 հազար եվրո է: Խաչատրյաններն այն գնել են 2011թ. հունվարին: Կայանատեղին հարևան փողոցում է՝ 5 րոպե հետիոտնային ճանապարհի հեռավորության վրա:

Այնուհետև նրանց միացել են Գուրգեն Խաչատրյանն ու կինը՝ Քրիստինե Հունանյանը՝ «Նակրինամանգ» ՍՊԸ-ում ներդնելով 2 մլն 620 հազար եվրո` Էմիլ Դեշանել հասցեում բնակարան ձեռք բերելու համար: Հետագա փաստաթղթերում չի երևում՝ այդ բնակարանը ձե՞ռք է բերվել, թե ոչ:

Այդպիսով, ընկերության ամբողջ կապիտալը դարձել է 5 մլն 244 հազար եվրո, որն այժմ բաժանված է 4 հավասար մասերի՝ եղբայրների և նրանց կանանց միջև:

Շքեղ առանձնատները՝ ԱՄՆ-ում

Գագիկ Խաչատրյանի որդիները Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում շքեղ առանձնատան սեփականատերեր էին, որը ձեռք էին բերել 2010 թ. օգոստոսի 6-ին՝ վճարելով 11 մլն դոլար: 2017թ. ապրիլին Խաչատրյանները վաճառել են այդ առանձնատունը 18,8 մլն դոլարով:

2011-ի օգոստոսի 5-ին Գուրգեն Խաչատրյանը եւ «Veto Trust»-ը 14,4 մլն դոլարով նույն փողոցում ձեռք են բերել 530 South Mapleton Drive հասցեի տունը: Փաստորեն, տունն անցել է «Veto Trust»-ին եւ դրա կառավարիչ՝ trustee Գուրգեն Խաչատրյանին։ Որոշ ժամանակ անց տունը հիմնովին քանդվել է եւ տեղը կառուցվել հսկայական չափերով նոր առանձնատուն։ Լոս Անջելեսում Խաչատրյանների դեմ ընթացող մի դատական գործի նյութերից պարզվում է, որ առանձնատունը գնահատված է 120 մլն դոլար եւ կալանքի տակ է։ Դատական գործին «Հետքը» կանդրադառնա առաջիկայում:

Բացի դրանից, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները 2011-ին Ամերիկայում հիմնադրել են Apeyron USA Inc. ընկերությունը և 2013թ. դրությամբ դրա կառավարման և ֆինանսական գործարքների պատասխանատուն էին: Այս պահին ընկերության գործունեությունը կասեցված է:

Հայաստանյան բիզնեսն ու անշարժ գույքը

Նույնանուն՝ «ԱՊԵՅՐՈՆ» ՍՊԸ գործում է նաև Հայաստանում: Զբաղվում է հրուշակեղենի ներմուծմամբ: Ըստ ՊԵԿ-ի՝ այն հացաբուլկեղենի առևտրով  է զբաղվել, և այս պահին գործունեությունը ժամանակավոր դադարեցված է: Եղբայրներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները 50 –ական % բաժնեմասի սեփականատերեր են:

Գագիկ Խաչատրյանի որդիների առնչությունը հայաստանյան ընկերություններում ներկայացված են ստորև գրաֆիկիում (կարող եք սեղմել և մեծացնել):

Խաչատրյաններին պատկանող տարածքները

«Վոթչ վորլդ» ՍՊԸ-ն, որի 100 տոկոս բաժնետերը Արամ Խաչատրյանն է, Հյուսիսային պողոտայում գտնվող հայտնի «Խրոնոգրաֆ» ժամացույցների խանութն է: 600 մլն դրամ կանոնադրական կապիտալ ունի այս ընկերությունը: Գրանցված է Հյուսիսային պողոտա  5/171 տարածք հասցեում: Այստեղ են գրանցված նաև Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններին պատկանող այլ ընկերություններ ևս՝ «Խակսյան», «Թայմլես», «Ջեյ դաբլյու հոլդինգ» ՍՊԸ-ները:

Հյուսիսային պողոտա  5/171 հասցեն հսկայական տարածք է՝ 459 քմ, որը 2012 թվականից «Խակսան» ՍՊԸ-ի սեփականությունն է: Կադաստրից ձեռք բերված փաստաթղթում նշվում է, որ հասարակական նշանակության այդ տարածքում երեք տարբեր մասերից բաղկացած հատվածներ կան՝ 158, 279 և 22 քմ չափերով:

Սեփական կամ վարձակալված անշարժ գույքի վարձակալությամբ և այլ գործառնություններով զբաղվող «Խակսան» ՍՊԸ-ն, որի տնօրենը մինչև 2016 թվականը՝ 12 տարի եղել է Արամ Խաչատրյանը, որոշ ժամանակ նաև բաժնետեր է դարձել, այլ տարածքներ նույնպես ունի Երևանի կենտրոնական հատվածներում: Մասնավորապես, Դեմիրճյան 1 շենք, 47 հասցեն, որը բազմաբնակարան շենք է՝ 2016 թվականին կառուցված, 403 քմ տարածք է սեփականացրել և բնակելի կառուցապատման համար 0.25225 հա հող: Եվս 51.4 քմ տարածք էլ հարևանությամբ՝ Դեմիրճյան 1 շենք, 49 հասցեում են սեփականացրել. 0.25225 հա էլ՝ հողատարածք:

Այս ամենը, իհարկեք, Խաչատրյանների ողջ բիզնեսը չէ: Հարցազրույցներից մեկում, երբ լրագրողը հարց է տալիս Գագիկ Խաչատրյանին իր և կնոջ հայտարարագրած խոշոր գումարների մասին, պաշտոնյան պատասխանում է. «Ես միշտ ասել եմ, որ պետք է վախենալ ոչ թե հայտարարագրված, այլ չհայտարարագրված գումարներից: Եթե ես հայտարարագրել եմ, ուրեմն նշանակում է՝ ես գիտեմ ինչ եմ հայտարարագրել»,- ասել է Գագիկ Խաչատրյանը:

© Hetq.am

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: