Անբարոյականություն է պարգևատրումներ բաժանել, երբ բնակիչների գլխին տներ են փլվում

«Վելես» իրավապաշտպան հկ-ի նախագահ Մարինա Պողոսյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ Սարի թաղում գտնվող մոտ 15 վթարային տներին: Դրանց բնակիչները դիմել են քաղաքապետարան, որտեղից պատասխանել են, որ տների վթարային լինելու պատճառը գրունտային ջրերն են: Տարիներ շարունակ, փաստորեն, գրունտային ջրերը չեն հեռացվել, և լցվել են տների տակ:

Իրավապաշտպանը պատմում է, որ քաղաքապետարանի ներկայացուցիչը ասել է, թե բնակինչներն են մեղավոր տների վթարային լինելու համար, սխալ են կառուցել տները.«Սա, իհարկե, որևէ մեկը հստակ չի կարող ասել, մինչև փորձաքննություն չանցկացվի, բայց այն, որ գրունտային ջրերը լցվում են տների տակ, ու տները քանդվում են, միանշանակ քաղաքացու խնդիրը չէ, դա քաղաքապետարանի և քաղաքաշինության նախարարության խնդիրն է: Եթե այդ բոլոր մարդիկ գույքահարկ են վճարում, պետք է հասկանալ, թե այդ գույքահարկը որտեղ է ծախսվում: Քաղաքապետարանից ասում են, որ մոնիտորինգ պետք է անցկացվի, որի համար 15 միլիոն է անհրաժեշտ, որը չկա.«Ինչ է ստացվում՝ մենք այսօր թողել ենք այդ մարդկանց. ամեն օր կարող են ընտանիքներ մահանալ, իրենց ասում են՝ հեռացեք այդ տարածքից: Իսկ այդ մարդիկ որտե՞ղ ապրեն, փողոցու՞մ: Պատասխանն էլ միանշանակ գիտենք՝ ռեսուրսներ չկան, գումար չկա: 15 տարի շարունակ նույնիսկ 15 միլիոն դրամ չկա մոնիտորինգի համար, որ հասկանան, թե տներն ինչու են այդ վիճակում»:

Իրավապաշտպանը այլ հարց էլ է բարձրացնում.«Եթե իրենք չունեն 15 միլիոն դրամ, պարգևատրումների 1 միլիոն դոլարը որտեղից են տրամադրել: Խոսքը մարդկանց կյանքի մասին է: Քաղաքապետը նախ պետք է քաղաքի կարիքները ուսումնասիրեր, նոր անցնեին պարգևատրումներին: Պարզ օրինակ՝ եթե մադը այսօր հաց չունի ուտելու, ինքը չի գնում դիմահարդարման պարագաներ գնելու: Կարիքների առաջնահերթության խնդիր կա: Սա վկայում է, որ պոպուլիստական և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է եղել: Պարգևատրումներ բաժանել, երբ բնակիչների գլխին տներ են փլվում, անբարոյականություն է: Ոնց կարելի է մարդկանց թողնել այսպես ապրել»:

Մարինա Պողոսյանի խոսքով՝ նման գործընթացները և հարկատուների միջոցների անհարկի մսխումը կարող է հանգեցնել քաղաքացիների հարկային անհնազանդության.«Այսինքն՝ քաղաքացիները կարող են որոշել գույքահարկեր չտալ: Եթե տալիս են, բայց արդյունքը չեն տեսնում, կսկսեն իրենք իրենց «գլխի ճարը տեսնել»: Սա էլ իր հերթին պետականության խարխլման կբերի»,-ասաց իրավապաշտպանը:

© Politik.am

 

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: