• April 22, 2022

Սա կենցաղային լեզվով՝ սրբապղծություն է, իսկ իրավական լեզվով՝ խարդախություն․ Իրավապաշտպանը մանրամասներ է պատմում խնդրից, որին բախվել է Մարկ Սաղաթելյանի այրին

Սա կենցաղային լեզվով՝ սրբապղծություն է, իսկ իրավական լեզվով՝ խարդախություն․ Իրավապաշտպանը մանրամասներ է պատմում խնդրից, որին բախվել է Մարկ Սաղաթելյանի այրին

Սիրված դերասան Մարկ Սաղաթելյանի այրին՝ Նունե Միքայելյանը, անելանելի վիճակում է։ Այս մասին նա բարձրաձայնել է լրատվամիջոցների հետ զրույցում։

Սա կենցաղային լեզվով՝ սրբապղծություն է, իսկ իրավական լեզվով՝ խարդախություն․ Իրավապաշտպանը մանրամասներ է պատմում խնդրից, որին բախվել է Մարկ Սաղաթելյանի այրին

Միքայելյանը հայտնել է, որ անգամ ստիպված է եղել դիմելու ոստիկանություն, ինչի արդյունքում փաստի առթիվ խարդախության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

PressTime.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ, ում դիմել է տիկին Միքայելյանը։

Իրավապաշտպանը մեզ հետ զրույցում անդրադարձավ Լոլիտա Մանուկյանի փաստաբանի հայտարարությանն ու ասաց, որ բացառվում է՝ Նունե Միքայելյանին մեղադրանք առաջադրվի, քանի որ ապացուցված փաստ է, որ վերջինս վաշխառությամբ չի զբաղվել։

Պողոսյանն անդրադարձավ նաև այն հայտարարությանը, ըստ որի քննիչը պնդել է, թե սա քրեական գործ չէ, այլ քաղաքացիական հայց։

«Ես ինքս կարդացի հոդվածը, որտեղ գրված էր մի խոսակցության մասին։ Այդ խոսակցության մասով ես զանգահարեցի Մաշտոցի քննչական բաժնի պետին, որպեսզի ճշտեմ՝ արդյո՞ք եղել է նման խոսակցություն, որ որևէ քննիչ հայտարարի, թե սա քրեական գործ չէ, այլ քաղաքացիական հայց է։

Բնականաբար նման բան չի եղել, մենք դա գրավոր էլ կպահանջենք։ Ամբողջ խնդիրն այն է, որ հոդվածում գրված էր, թե փաստաբան Մասիս Մելքոնյանը պնդում է, որ Նունե Միքայելյանը վաշխառությամբ է զբաղվել։

Ես հորդորում եմ որևէ մեկին ենթադրություններ չանել, քանի որ կարող է արժանապատվության հարց բարձրացվի։ Դա ընդամենը տգիտության և իրավագիտություն չիմանալու արդյունք է։

Վաշխառությունը քրեական օրենգրքի 213 հոդվածն է։ Եթե որևէ մեկը մյուսին տոկոսով գումար է տալիս, և այդ տոկոսները կրկնակի գերազանցում են Կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսները, ապա այն համարվում է վաշխառություն, սակայն Միքայելյանի կողմից տրամադրված գումարը տոկոսով չի եղել, ինչն ապացուցված է»,-ասաց Պողոսյանը։

Իրավապաշտպանն ասում է, որ Մարկ Սաղաթելյանի կինը ցանկացել է Մարկին պատկանող գումարը բանկում դեպոզիտ հաշվի վրա դնել։ Իսկ Կարեն Մանուկյանը, ով Թուրքմենիայում է աշխատում, խաբել է Նունե Միքայելյանին՝ չարաշահելով վերջինիս վստահությունը։

«Ասել են՝ դեպոզիտ մի դիր, տուր մեզ, մենք քեզ նույն դեպոզիտի տոկոսները կտանք։ Հիմա ուզում եմ հասկանալ, արդյո՞ք բանկում գումար դնելը համարվում է վաշխառություն։ Եթե ես կամ Դուք բանկում դեպոզիտ դնենք, տարեկան 8 տոկոս մեր դեպոզիտի գումարը ստանանք, այսինքն՝ մենք վաշխառո՞ւ ենք։

Ես հայտարարում եմ, որ նման խոսակցություն, նման բան կարող էր խոսել ինչ-որ մեկը կենցաղային մակարդակով, բայց երբ փաստաբան Մասիս Մելքոնյանն է նման իրավական տգիտություն խոսում վաշխառության մասին․․․չգիտեմ»,-նշեց նա։

Պողոսյանն ասում է, որ Մանուկյանները, երբ Մարկ Սաղաթելյանի կնոջը համոզել են, խնդրել են, որ գումարը տա իրենց, արդեն փաստացի տարբեր մարդկանցից և կազմակերպություններից գումար են վերցրած եղել ու չեն վերադարձրել։

«Այն, որ Նունե  Միքայելյանի մասով վաշխառության մասին խոսք չի կարող լինել, դա փաստ է։ Ընդամենը բանկի դեպոզիտի միջոցով այդ մարդկանց գումար են տվել։ Շատ կարևոր է, որ հակառակ կողմը հանկարծ չպղծի Մարկ Սաղաթելյանի հիշատակը։

Բացի դրանից նրանք ընդամենը 3 տարի են բանկի դեպոզիտի տոկոսները տվել, որը փաստված է և՛ քրեական գործով, և՛ տարբեր տեսակի փաստաթղթերով ու հայտարարություններով։ Այսինքն՝ վաշխառությունը բացառեցինք։ Սա ընդամենը վայրահաչոց է, փորձում են Մարկի հիշատակը կեղտոտել և տգետ հայտարարություններ անել»,-նշեց նա։

Իրավապաշտպանը պատմեց, որ 2018 թվականից առ այսօր Մանուկյանները որևէ լումա չեն տվել Նունե Միքայելյանին։ Այդ ընթացքում իրենց պարտքերը փակելու համար նրանք Նունե Միքայելյանին խնդրել են, որ իր ոսկեղենը տա, որպեսզի գրավ դնեն բանկերում և իրենց տոկոսները փակեն։

«Սա կենցաղային լեզվով սրբապղծություն է, իսկ իրավական լեզվով՝ խարդախություն։ 6-7 տարի շարունակ Միքայելյանի ոսկեղենն իրենք տնօրինել են։ Վերցրել են՝ խնդրելով, լացելով, որ տարբեր տեղեր գումարներ են պարտք ու օգտագործել են»,-պատմեց Մարինա Պողոսյանը։

Պարզվում է, որ այս ամենն այսքանով չի ավարտվել։ Հետագայում Մանուկյան ամուսինները Նունե Միքայելյանին ասել են, որ 141 հազար ԱՄՆ դոլարին ավելացնի ևս 100 հազար ԱՄՆ դոլար, որպեսզի Վահագնի թաղամասում գտնվող իրենց տունը վաճառեն Միքայելյանին։

«Այդ գումարը վերցրել են, յուրացրել են, իսկ հետո պարզվել է, որ բնակարանը կալանքի տակ է։ Իմանալով, որ չեն կարող վաճառել բնակարանը՝ հավելյալ 100 հազար ԱՄՆ դոլար էլ են կորզել։ Այս ամենը կլասիկ խարդախություն է»,-ասաց Պողոսյանը։

Պողոսյանն ասում է, որ երբ Մարկ Սաղաթելյանի կինը դիմել է իրենց կազմակերպություն, իրենք չեն ճանաչել միմյանց, իսկ իրենց կազմակերպությունում կա հստակ որդեգրված աշխատելաոճ, ըստ որի, պետք է լսեն երկու կողմերին։ Ուստի Պողոսյանն իր գրասենյակ է հրավիրել Լոլիտա Մանուկյանին։

«Մենք լսում ենք երկու կողմերին էլ, որպեսզի սխալ թույլ չտանք։ Երկու անգամ Լոլիտա Մանուկյանին հանդիպել ենք մեր գրասենյակում, իսկ ինքը հայտարարել է, որ Միքայելյանը փաստեր ու ապացույց չունի, որ իրեն փող է տվել։ Մարդը ոչ թե բացատրություն է տալիս, այլ առաջին խոսքը լինում է՝ «ինքը չի կարող ապացուցել» հայտարարությունը»,-ասաց իրավապաշտպանը։

Մարինա Պողոսյանի խոսքերով, իրենց ամբողջ գրասենյակը տեսաձայնագրվում է, ուստի ինքն ունի այս ամենի ապացույցները։ Իրավապաշտպանն այս գործի մասով կասկածներ ունի․ «Այս գործում ակնհայտ կոռուպցիոն գործեր կան, որովհետև այս գործարքները կատարվել են ինչ-որ մեկի միջնորդությամբ։

Հետո իմացել եմ, որ Արաբկիրի դատախազ Սիսակ Խաչատրյանն իրենց ազգական է։ Խաչատրյանը Լոլիտա Մանուկյանի ամուսնու՝ Կարեն Մանուկյանի քրոջ ամուսինն է։ Սա փոքր ֆակտ չի մեր երկրի պես երկրում, երբ դատախազ կա մեջտեղում այդ գործերը սկսում են դանդաղել»,-նշեց նա։

Պողոսյանը պնդում է, որ իր մոտ լիքը մարդ է եկել որպես միջնորդ, որպեսզի ինքը հետ կանգնի այս գործից, ընդհուպ մինչև նախկին պատգամավոր և այլ մարդիկ։

«Հարցն այն է, որ գոնե այս մարդիկ մահացած մարդու գումարները չյուրացնեն, որովհետև այն Մարկինն է եղել, դիմում են շանտաժի մեթոդների»,-ասաց նա՝ հավելելով, որ Լոլիտա Մանուկյանի փաստաբանի մասով, ով վաշխառության մասին է խոսել, իրենք պատիվ, արժանապատվության պահանջով մտնելու են դատարան, քանի որ հրապարակավ նա փորձել է վարկաբեկել Նունե Միքայելյանին։

Հարցին, թե ինչո՞ւ է Նունե Միքայելյանն այդքան մեծ գումարներ վստահել Մանուկյաններին, Պողոսյանը պատասխանեց․ «Ես երկու կողմին էլ լսել եմ։ Մարկ Սաղաթելյանի կենդանության օրոք իրենք ընտանիքներով մտերիմ են եղել։ Կարեն Մանուկյանն ու Լոլիտա Մանուկյանը ներկայացել են որպես գործարարներ։

Մարկի մահվանից հետո նրա կնոջը զանգում է Մարկի ընկերներից մեկն ու ասում, որ այստեղ, այսքան գումարներ ունի Մարկը, բայց քանի որ դրանք տարբեր արտարժույթով էին, իսկ Մանուկյանները Մարկի ընտանիքի, այսպես կոչված, բարեկամներն էին Նունեն խորհուրդ է հարցրել նրանցից, իրենք էլ կորզել են այդ գումարը»,-եզրափակեց Մարինա Պողոսյանը։

Սեդա Մակարյան

https://www.presstime.am/am/news/view/25155/