• June 1, 2022

Հայաստանը 2023 թվականից անցնելու է եկամուտների համատարած հայտարարագրման․ Փաշինյան

Հայաստանը 2023 թվականից անցնելու է եկամուտների համատարած հայտարարագրման․ Փաշինյան

Հայաստանը 2023 թվականից անցնելու է եկամուտների համատարած հայտարարագրման․ մայիսի 31-ին խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է ներդնենք համընդհանուր հայտարարագրման համակարգ, ՀՀ բոլոր քաղաքացիները պիտի հայտարարագրեն իրենց եկամուտները»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ արդեն 2023-ին քաղաքացիները եկամուտների հայտարարագիր պիտի ներկայացնեն 2022-ի համար։ Դա, ըստ Փաշինյանի, տնտեսական, քաղաքական ու քաղաքակրթական նշանակություն ունի։

Հայաստանի կառավարությունը եկամուտների համատարած հայտարարագրման մտադրության մասին սկսել էր խոսել դեռ 2019-ից։

2020-ի մայիսի 30-ին էլ Փաշինյանը մի խորհրդակցության ժամանակ ասել էր, որ «եկել է համատարած հայտարարագրման ներդրման ժամանակը»։

Դրանից հետո հարցը քննարկվել էր խորհրդարանական համապատասխան հանձնաժողովում, այն ժամանակվա ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասել էր, որ համատարած հայտարարագրումը վերաբերելու է նաև երկքաղաքացիներին։ Այս համակարգը ենթադրում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները պիտի տարեկան մեկ անգամ ներկայացնեն, թե նախորդ տարի ինչ եկամուտներ են ունեցել: