• October 12, 2022

Կմշակվեն բոլոր դատավորների, դատախազների, քննիչների բարեվարքությունը ստուգելու մեխանիզմներ

Կմշակվեն բոլոր դատավորների, դատախազների, քննիչների բարեվարքությունը ստուգելու մեխանիզմներ

Կմշակվեն բոլոր դատավորների, դատախազների, քննիչների բարեվարքությունը ստուգելու մեխանիզմներ

 Կոռուպցիայի դեմ պայքարի նոր գործիքն արդեն ամրագրված է դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ։ Համակարգում աշխատող բոլոր դատավորները, դատախազները, քննիչներն ու քրեակատարողական համակարգի աշխատակիցները բարեվարքության ստուգում կանցնեն։ Թեմայի շուրջ Առաջին ալիքի լրագրող Անուշ Մուրադյանը զրուցել է Հանձնաժողովի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչության պետ Մարիաննա Բաղինյանի հետ։

«2020-ից մինչ օրս Հանձնաժողովը ոլորտին առնչվող 576 եզրակացություն է տվել․ 161-ը համակարգ նոր մտնող դատավորների թեկնածուների մասին է եղել, 106-ը՝ գործող, բայց մասնագիտական աճի համար դիմածների, 129-ը ապագա դատախազների մասին է տրվել, 66-ը՝ առաջխաղացման ձգտող դատախազների։ Մնացած 114 եզրակացությունը Բարձր դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի, նաև Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին է վերաբերվել»,- նշել է Մարիաննա Բաղինյանը։

«Գերակշռում են դեպքերը, երբ դրական եզրակացություն ստացած անձինք են նշանակվում համապատասխան պաշտոններում, բայց կցանկանամ նշել, էր նաև ունենք որոշակի դեպքեր, որ այդ թվում նաև բացասական եզրաակցություն ստացած անձինք են նշանակվել համապատասխան պաշտոններում»։

Կառույցի գործունեության 2 տարվա փորձը հաշվի առնելով՝ առաջարկվել է փոխել օրենքը և հրապարակային դարձնել բարեվարքության ստուգման եզրակացության եզրափակիչ հատվածը։ Սա ըստ Հանձնաժողովի՝ կնպաստի որ համակարգում չհայտնվեն, առավել ևս պաշտոնի բարձրացում չստանան վստահություն չներշնչող կենսագրությամբ անձինք։

«Այն բոլոր դեպքերում, երբ բացասական եզրակացություն ստացած անձինք կնշանակվեն համապատասխան պաշտոններում, արդեն թեկնածուներին համապատասխան պաշտոններում նշանակող մարմինները ստիպված կլինեն կայացնել պատճառաբանված որոշում»,- նշել է Մարիաննա Բաղինյանը հավելելով, որ Հանձնաժողովը պատրաստ է աշխատանքի նոր ծավալին, սակայն եղած ռեսուրսը պետք է ավելացնել, աշխատակազմը համալրել նոր կադրերով, քանի որ սպասվող փոփոխությունը մեծ աշխատանք է պահանջում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում: