• April 8, 2022

Բացահայտվել են Միասնական սոցիալական ծառայության աշխատակցի կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքեր

Բացահայտվել են Միասնական սոցիալական ծառայության աշխատակցի կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի դատավարական ղեկավարման և հսկողության ներքո քննված քրեական գործի

նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Տաշիրի տարածքային կենտրոնի աշխատակցի կողմից պետական ծառայության դեմ ուղղված՝ կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու դեպքեր:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ նշված կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի ավագ սոցիալական աշխատող Ա. Ի.-ն 2020-2021 թթ. իրեն ամրակցված բնակավայրերում բնակվող, անապահովության գնահատման համակարգում ընտանեկան նպաստի իրավունքով հաշվառված 5 անձանց օգտին կատարել է ակնհայտ ապօրինի գործողություններ:

Այդ անձանց ընտանիքների անապահովության սահմանային մեծության միավորից բարձր միավոր ապահովելու նպատակով նպաստառուների կողմից ներկայացված փաստաթղթերի և կատարված ուսումնասիրության արդյունքներով նա անտեսել է հերթական փաստագրման համար անհրաժեշտ հիմքերի բացակայության հանգամանքը, նպաստի գործերում և ընտանիքների սոցիալական անձնագրերում չի կատարել համապատասխան փոփոխություններ և ընտանիքներին փաստագրել է անապահովության գնահատման համակարգում:

Այդ պայմաններում տվյալ ընտանիքները ստացել են ընտանեկան նպաստ, ինչի դիմաց Ա. Ի.-ն անձամբ ստացել է ընդհանուր 85.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Քրեական գործը Ա. Ի.-ի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը) նախատեսված հանցագործություն կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու:

Որոշումներ են կայացվել վերոնշյալ 5 անձանց նկատմամբ գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հաշվի առնելով, որ վերջիններս միջին ծանրության հանցանք կատարել են առաջին անգամ և աջակցել հանցագործության բացահայտմանը:

Քննության ընթացքում պարզվել է, որ բացակայում են միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների կողմից նպաստառուների անձնական գործերում ներառված որոշակի տվյալների ստուգման, ծառայողների պաշտոնի անձնագրերով նախատեսված գործառույթների իրականացման նկատմամբ հսկողության մեխանիզմները: Վերջինս հանգեցրել է նպաստառուների գործերում թերի և սխալ տեղեկատվության ներառմանը, ինչի արդյունքում ընտանիքների անապահովության գնահատման միավորը արհեստականորեն բարձրացվել է, և մի շարք շահառուներ չեն հանվել հաշվառումից՝ շարունակելով ստանալ նպաստ:

Ավելին՝ մի շարք դեպքերում անձանց գույքային դրության, ընտանիքի անդամների փաստացի թվաքանակի, նրանց պատկանող ընտանի կենդանիների քանակի վերաբերյալ սխալ տեղեկություններ ներկայացնելը ուղղորդված է եղել հենց սոցիալական ծառայության աշխատակցի կողմից, և նման շարունակական բնույթ կրող ոչ իրավաչափ վարքագիծը հնարավոր է եղել բացահայտել միայն մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումների արդյունքում:

Հաշվի առնելով, որ վերահսկողական մեխանիզմների բացակայությունը նպաստում է կոռուպցիոն հանցագործությունների կատարմանը, իսկ նմանատիպ հանցագործություններ նախորդ տարիներին արձանագրվել են նաև Լոռու մարզի սոցիալական ծառայության տարածքային մի քանի այլ կենտրոններում՝ ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր է ուղարկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետին:

Միջնորդագրով խնդիր է դրվել ձեռնարկելու միջոցներ՝ նախարարության միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների աշխատանքային գործունեությունը պատշաճ վերահսկելու, աշխատակիցների կողմից թույլ տրված հնարավոր չարաշահումները և ոչ իրավաչափ վարքագիծը ժամանակին հայտնաբերելու և կանխելու գործուն մեխանիզմներ ներդնելու համար:

Առաջարկվել է նաև քննարկել նշված 5 անձանց ընտանիքների փաստագրման և նպաստների վճարման իրավաչափությունը: