• May 17, 2022

Առաջարկվում է ավելացնել տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար նախատեսված տուգանքի չափերը

Առաջարկվում է ավելացնել տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար նախատեսված տուգանքի չափերը

Առկա վիճակագրության համաձայն` 2019 թ. առ այսօր տեղեկություն տնօրինողներին հասցեագրված գրավոր հարցումների 3 տոկոսին առհասարակ որեւէ պատասխան չի ներկայացվել,

9 տոկոսի դեպքում պատասխանները թերի են եղել, հարցմամբ պահանջված որոշ տեղեկություններ չեն տրամադրվել, 3 տոկոսի դեպքում տեղեկությունը չի տրամադրվել, անհիմն մերժվել է առանց օրենքով նախատեսված պատշաճ իրավական հիմքի եւ եւս 3 տոկոսի դեպքում ստացվել է անհիմն պատասխան` խուսափողական, ընդհանուր ձեւակերպումներով, պահանջված տեղեկությունների հետ կապ չունեցող բովանդակությամբ կամ ոչ վերաբերելի հղումներով: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 17-ի նիստում:

Երանուհի Թումանյանցի խոսքով` տասից հիսուն հազար դրամ տուգանքի չափը չի շահագրգռում քաղաքացիներին, իրավաբանական անձանց հայց հարուցել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց դեմ` օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար:

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում. այն է` օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար օրենսգրքի 189.7-րդ հոդվածով նախատեսված տուգանքի չափն ավելացնել` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով տուգանքը դարձնել երեսնապատիկից մինչեւ յոթանասունապատիկի չափով: Նույն խախտումը վարչական տույժ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով տուգանքը դարձնել հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսունապատիկի չափով:

Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը նախաձեռնության վերաբերյալ ներկայացրել է տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:

Առաջին ընթերցմամբ քննարկված նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

Հեղինակների բացակայության պատճառով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի եւ «Հայաստան» խմբակցության հեղինակած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ու ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկումը: