• February 19, 2020

Անընդունելի է, որ կա մենյու, մենյուով կարող ես մուծել և ազատ արձակվել. Սերժի Վաչոն՝ արտոնյալ

Անընդունելի է, որ կա մենյու, մենյուով կարող ես մուծել և ազատ արձակվել. Սերժի Վաչոն՝ արտոնյալ

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի և ևս վեց անձի վերաբերյալ քրեական գործը կարճվել է՝ հանցագործությամբ պատճառած վնասի փոխհատուցման հիմքով։

Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը նշել է, որ նրանք պետական բյուջե են փոխհատուցել չվճարված հարկերի ողջ գումարը՝ 2 միլիարդ 837 միլիոն ՀՀ դրամ։

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով և նշանակված համալիր հարկային ստուգումներով հաստատվել է, որ նշված անձինք կազմակերպել են իրենց հետ որևէ կերպ առնչություն ունեցող 7 ՍՊԸ-ների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը, որոնց կատարմանը ներգրավել են տարբեր անձանց: Այսինքն` հիմնավորվել է Վաչագան Ղազարյանի կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, իսկ Ռ. Բեգլարյանի կողմից` 38-205-րդ հոդվածի 2-րդ և 205-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցավոր արարքների կատարումը, ինչպես նաև 6 այլ անձանց կողմից նշված հոդվածներով հանցավոր արարքների կատարման հանգամանքը: Նախաքննության ընթացքում Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը պետական բյուջե են փոխանցել չվճարված հարկերի գումարն ամբողջությամբ` ընդհանուր 2,837 մլրդ ՀՀ դրամ` այդպիսով ամբողջությամբ հատուցելով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը: Նկատի ունենալով, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները, ինչը օրենքի իմպերատիվ պահանջ է, ուստի օրենքով սահմանված կարգով քննիչի կողմից որոշում է կայացվել Վ. Ղազարյանին, Ռ. Բեգլարյանին և մյուսներին քրեական պատասխանատվությունից ազատելու և նրանց վերաբերյալ քրեական գործով վարույթը կարճելու մասին»,- նշել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Մեկ տարի առաջ էլ Սերժ Սարգսյանի՝ խարդախության համար մեղադրվող եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, 18, 5 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին։ 11, 5 միլիոն ԱՄՆ դոլար էլ նրանից բռնագանձվել էր կոնկրետ ակտերով, որոնք վերաբերում էին հարկային պարտավորություններին, չարաշահումներին։ Ալեքսանդր Սարգսյանն առ այսօր ազատության մեջ է, հայտնի չէ, թե նա ժամանակին տարբեր անհատներից, պետությունից յուրացված գումարների որ տոկոսն է վերադարձրել բյուջե, արդյո՞ք նման «նվիրատվությունը» Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին ինդուլգենցիա է շնորհում նրան, թե՞ ոչ։ Այն ժամանակ, սակայն, երբ տարածվեց այդ տեղեկությունը, քաղաքական-հասարակական շրջանակներում սկսեցին հեգնել, որ այդպես շարունակվելու դեպքում Ալեքսանդր Սարգսյանը կարող է ապագայում ճանաչվել որպես բարերար։

Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե նման դեպքերով քրեական գործի կարճումից անհասկանալի է մնում, թե յուրացված գումարների որ տոկոսն է վերադարձվել պետբյուջե, որը՝ ոչ, ասաց․ «Ըստ էության, նման հոդված կա Քրեական օրենսգրքում։ Սակայն հաշվի առնելով մեր իրավապահ, վարույթն իրականացնող մարմինների նկատմամբ բացառիկ անվստահության էլեմենտը, առաջացնում է հարցեր՝ արդյոք ամբողջ ծավալով այդ գործը բացահայտվե՞լ է, ամբողջ գումա՞րն է, որը ենթակա է վերադարձման, չկա՞ն կոռուպցիոն ռիսկեր վերադարձված գումարի չափի մեջ։ Ես ունեմ բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները հեղափոխությունից երկու տարի անց էլ չեմ ստանում։ Եվ դա վերաբերում է ոչ միայն Վաչագան Ղազարյանին, այլև այլ քրեական գործերի ևս։ Ես ունեմ շատ մեծ վերապահումներ, թե դրանք արդյո՞ք այն գումարներն են, որոնք պետք է վերադարձվեին, տեղի՞ չեն ունեցել գործարքներ»։

Ինչ վերաբերում է Ալեքսանդր Սարգսյանի՝ նվիրաբերած գումարին, ապա Նինա Կարապետյանցը նկատում է, որ չի պարզվել, թե որտեղից է կուտակվել այդ գումարը։

«Որևէ մեկս չիմացանք այդ մասին։ Ո՞վ ասաց, որ Սերժ Սարգսյանի եղբոր 30 միլիոն ԱՄՆ դոլարը հենց պետությունից էր վերցված, ոչ թե քաղաքացիներից և գործարարներից, որոնց թալանելու արդյունքում էլ կուտակվել էր այն։ Չէ՞ որ այն ժամանակ խոսում էին Ալեքսանդր Սարգսյանի հետ 50/50 փայ մտնելու մասին։ Ինչպե՞ս որոշվեց, որ այդ գումարը պետք է վերադարձվի պետությանը, ոչ թե գործարարներին։ Այդ ոչ թափանցիկ գործելաոճն ինձ համար ընդունելի չէ միանշանակ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Նինա Կարապետյանցը։

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մարինա Պողոսյանի համար ևս անհասկանալի է նման անձանց նկատմամբ քրեական գործերի կարճումը։

«Միաժամանակ, ընդամենը 20 օրվա տարբերությամբ, բոլոր քրեական գործերը, որոնք հարուցված էին Վաչագան Ղազարյանի նկատմամբ՝ փողերի լվացման գործերով, կարճվեցին։ Հիմնավորումն այն էր, որ նա հարկային պարտավորությունները կատարել է պետության առաջ։ Բայց մինչև հարկային պարտավորությունները կատարելը, ըստ էության, պետք էր հասկանալ, թե այդ գույքն ինչպես է ձեռք բերվել։ Չէ՞ որ վերջինս տրեխներով, վարորդի կարգավիճակում է եկել և չէր կարող ունենալ այդ գույքի նույնիսկ 0,1 տոկոսը։ Ես սա չեմ ընդունում, քանի որ նշանակում է գողունը հետ վերցնել, չկրել քրեական պատասխանատվություն։ Այդ դեպքում դա նշանակում է խտրական արդարադատության իրականացում։ Գնացե՛ք «Նուբարաշեն», «Վարդաշեն» ՔԿՀ-ներ, տեսեք, թե ով ինչ է գողացել, թող վերադարձնեն, այդ մարդկանց ազատեք։ Իրենք վերադարձրել են ժողովրդից գողացածի ընդամենը մի քանի տոկոսը։ Այսինքն՝ խրախուսում են գողությունը, կաշառակերությունը, բոլոր հանցագործությունները, որովհետև ստացվում է, որ կա մենյու, մենյուով կարող ես մուծել և ազատ արձակվել։ Սա ինձ համար անընդունելի է, սա ինձ համար արդարադատության բոլոր հիմքերը խարխլող որոշում է, և նման կեցվածքն ինձ համար հասկանալի չէ։ ՀՔԾ-ի նման կեցվածքը ես չեմ հասկանում։ Մենք մի գործով բողոքարկել ենք, որը վերաբերում է Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ շորթմանը, և այդ գործից երևում է, թե որտեղից են այդ գումարները․ 40 միլիոն դոլար մեկից են տարել, չգիտեմ ինչքան՝ մյուսից։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ ամբողջ գույքը, ինչ ունի Սերժի Վաչոն, ժողովրդից գողացածն է, որը ձեռք է բերել հանցավոր ճանապարհով»,- ասաց իրավապաշտպանը։

Նրա դիտարկմամբ՝ եթե կարելի էր հարկերը մուծելով ազատվել, ուրեմն անիմաստ էր հեղափոխությունը, նախկին ռեժիմին մերժելը, կարելի էր ասել, թե ով ինչքան հարկ պետք է մուծի, կմուծեին, և վերջ։

«Ցանկացած ոք, ով Քրեական օրենսգրքի որևէ հոդվածով հանցագործություն է կատարել, պետք է պատժվի՝ այդ հոդվածի համաձայն։ Հակառակ դեպքում՝ կարող ենք բեռնաթափել բոլոր ՔԿՀ-ները, որովհետև բոլորն էլ կարող են իրենց գողունի, յուրացրածի կեսը տալ։ Մեր 6-7 միլիարդ դոլար պետական պարտքը գոյացել է վաչոներով, խաչատրյանգագոներով»,- ասաց Մարինա Պողոսյանը։

© 1in.am