ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Արարատի մարզի Հովտաշատ համայնքի նախկին ղեկավարը 2013-2016թթ. ընթացքում ձևական աճուրդների միջոցով, չարաշահելով իր լիազորությունները, վաճառել է հողակտորներ, որոնք հետագայում ձևակերպվել են որդու անվամբ:
Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ հիշյալ համայնքի ղեկավարի կողմից ապօրինի օտարվել է 13 հողատարածք: Հաշվի առնելով քրեական վարույթով ձեռք բերված անհերքելի ապացույցների առկայությունը՝ համայնքի ղեկավարը հօգուտ համայնքի հրաժարվել է քննարկվող հողատարածքներից շուրջ 90 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող 8 հողամասից՝ նման եղանակով վերականգնելով համայնքին պատճառված առանձնապես խոշոր չափերով վնասը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ անցել են համայնքի ղեկավարին քրեական հետապնդման ենթարկելու համար օրենքով նախատեսված վաղեմության ժամկետները, այսինքն՝ առկա է ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու դատավարական հիմք, ուստի միջնորդություն է ուղարկվել հսկող դատախազին՝ համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու համար: