Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Աջափնյակ վարչական շրջանի «Նորաշեն» թաղամասում գտնվող` N 207 մսուր-մանկապարտեզին հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի կադաստրային փաստաթղթերը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Աջափնյակ համայնքի ավագանու՝ 2002 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ, առանց որևէ իրավական հիմնավորման, համայնքի ենթակայության ներքո գտնվող N 207 մսուր-մանկապարտեզը նույն թվականի սեպտեմբերի 1-ից լուծարվել է: Լուծարումը ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային ռեգիստրում գրանցում չի ստացել: Երևանի քաղաքապետի՝ 2002 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ՝ վերոնշյալ մսուր-մանկապարտեզի՝ 10 հազար 223.7 քմ մակերեսով հողատարածքը վարձակալությամբ՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել է Աջափնյակ համայնքի թաղապետարանին:
2002 թվականի հոկտեմբերի 15-ին Աջափնյակ համայնքի N 207 մսուր-մանկապարտեզի անունից Աջափնյակի թաղապետարանի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքվել է հողի վարձակալության պայմանագիր: Նույն տարվա նոյեմբերի 15-ին, վերոնշյալ մսուր-մանկապարտեզի հողատարածքի նկատմամբ գրանցվել է Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի սեփականության իրավունքը:
«Կրթության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական ուսումնական հաստատությունների գույքն օտարվելու դեպքում կարող է օգտագործվել միայն ուսումնական նպատակներով։
Աջափնյակ համայնքի ավագանին, չունենալով N 207 մսուր-մանկապարտեզը ոչ կրթական նպատակներով օտարելու իրավունք, 2002 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ՝ մանկապարտեզը 20 մլն դրամով վաճառել է քաղաքացի Յու.Հ.-ին: Աջափնյակ համայնքի թաղապետն ավագանու կայացրած որոշման հիման վրա՝ 2002 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ՝ N 207 մսուր-մանկապարտեզի շենքը՝ 2477.84 քմ մակերեսով, 20 մլն դրամով վաճառել է նույն քաղաքացուն:
Երևանի քաղաքապետարանի և Աջափնյակ համայնքի մի շարք պաշտոնատար անձինք 2003 թվականի փետրվարի 5-ին Յու.Հ.-ի հետ կնքել են 10 հազար 223.7 քմ մակերեսով հողի վարձակալության պայմանագիր:
Երևանի քաղաքապետը 2003 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հաստատել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացության համաձայն՝ 10 հազար 223.7 քմ մակերեսով հողամասից 6 հազար 644.2 քմ մակերեսով հատվածն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում նշված սահմանափակումների ցանկում (օտարման ոչ ենթակա տարածքներ), իսկ 3 հազար 579.5 քմ մակերեսով հատվածն ընդգրկված է սահմանափակումների ցանկում և օտարման ենթակա չէ: Քաղաքապետի որոշմամբ՝ N 207 մսուր-մանկապարտեզի՝ 10 հազար 223.7 քմ մակերեսով հողամասը բաժանվել առանձին գույքային միավորների՝ 6 հազար 644.2 քմ և 3 հազար 579.5 քմ մակերեսներով:
2003 թվականի դեկտեմբերի 30-ին և 31-ին վերոնշյալ երկու հողամասերը վարձակալությամբ տրվել են Յու.Հ.-ին և Վ.Հ.-ին, իսկ 2004 թվականի հունիսի 23-ին՝ հողամասերն ամբողջությամբ օտարվել են վերոնշյալ անձանց (հետագայում գույքերը գրավադրվել են Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր առևտրային բանկերում, իսկ 2021 թվականին՝ նշված հողատարածքից 2 հազար 900 քմ մակերեսով հողամասը նվիրատվությամբ հանձնվել է Ա.Ե.-ին):
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են առերևույթ հանցանքի դեպքեր՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (2 դրվագ):
Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, միջոցներ է ձեռնարկում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու նպատակով: