Իրանը հարյուրավոր հրթիռներ է նախապատրաստել Իսրայելի կամ ԱՄՆ-ի կողմից պատասխան հարվածի դեպքում կիրառելու համար, հայտնում է New York Times թերթը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ) իր աղբյուրներին:
«Իրանցի զինվորականները հարյուրավոր հրթիռներ են պատրաստել արևմտյան սահմաններից արձակելու համար, եթե Իսրայելը կամ նրա հիմնական դաշնակից ԱՄՆ-ն պատասխան հարված հասցնեն»,-գրում է թերթը:
Աղբյուրները պնդում են, որ հրթիռները գտնվում են երկրի արևմտյան սահմաններին և պատրաստ են արձակման Իսրայելի կամ ԱՄՆ-ի պատասխան գործողությունների դեպքում:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել էր, որ Իրանն Իսրայելի ուղղությամբ մոտ 180 հրթիռ է արձակել, որոնցից շատերը որսացել են։ Սոցցանցերում հայտնվել են տեսանյութեր, որոնցում երևում է հրթիռների ընկնելը երկրի տարբեր շրջաններում։ Հարձակման հետևանքով մեկ մարդ Է զոհվել՝ Գազայի հատվածից անօրինական ներգաղթյալ։ Մի քանի մարդ թեթև բեկորային վնասվածքներ են ստացել ապաստարան տանող ճանապարհին։
ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի պետ Հերցի Գալևին հայտարարել էր, որ Իսրայելը պատասխան հարվածներ է պատրաստում: Իր հերթին Իրանը զգուշացրել էր, որ հետագա հարձակումների դեպքում իր պատասխանն է՛լ ավելի ուժեղ կլինի: