Երեքշաբթի, 13 Մայիսի, 2025
17.8 C
Yerevan

Գասպարյանի դուստրը վերականգնել է պետությանը հասցված վնասը. հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին հաստատել է Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստր Յ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

 

Դեռևս նախաքննության վաղ փուլում Յ.Գ.-ի կողմից պետությանը պատճառված վնասը վերականգնվել է:

 

Գործի դատական քննության փուլում՝ նախնական դատալսումների ընթացքում, 2023 թվականի հոկտեմբերի 12-ին, Յ.Գ.-ի պաշտպանի կողմից միջնորդություն էր ներկայացվել արագացված վարույթ կիրառելու վերաբերյալ:

 

Յ.Գ.-ն, միանալով պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությանը, հայտարարել է, որ համաձայն է իրեն ներկայացված մեղադրանքի հետ:

 

Քրեական գործով արագացված վարույթի ընթացքում պաշտպանի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Յ.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018 թվականին ընդունված օրենքի հիմքով դադարեցնելու վերաբերյալ:

 

Դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին բավարարել է ներկայացված միջնորդությունը և ոչ արդարացնող հիմքով, այն է՝ համաներմամբ, դադարեցրել է Յ.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը:

 

Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 30-ին հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Յ.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելուն կամ վատնելուն հանցակցելը):

 

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստրը՝ Յ.Գ.-ն, միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին Ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ.Ե.-ին, որը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը:

 

Մասնավորապես՝ 2011-2018 թվականներին Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, 2015 թվականի մարտի 7-ի թիվ 490-Ա հրամանով, իր դստերը՝ Յ.Գ.-ին, նշանակել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Այնուհետև, Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 225-Ա հրամանով Յ.Գ.-ն նշանակվել է Ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին: Վ.Գ.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 23-Ա հրամանով՝ Յ.Գ.-ին շնորհվել է ոստիկանության փոխգնդապետի կոչում, որից երեք օր անց՝ Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 19-ի 248-Ա հրամանով Յ.Գ.-ն կրկին նշանակվել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Ոստիկանության պետի՝ 2018 թվականի մայիսի 10-ի 1388-Ա հրամանով՝ Յ.Գ.-ի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա՝ վերջինս ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից:

 

Նշված պաշտոնին նշանակվելուց հետո՝ մինչև պաշտոնավարման դադարեցումը, Յ.Գ.-ն առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել:

 

Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ն, քաջատեղյակ լինելով Յ.Գ.-ի կողմից ավելի քան երեք տարի՝ 2015 թվականի մարտի 7-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, սահմանված կարգով ծառայության չներկայանալու մասին, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև յուրաքանչյուր ամիս, իր ստորագրությամբ հաստատել է Ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը և Ֆինանսների նախարարություն ուղարկված վճարման հանձնարարագրերը՝ դրանցում ներառելով ծառայության չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած Յ.Գ.-ի տվյալները:

 

Արդյունքում՝ վերը նշված ժամանակահատվածում, Յ.Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ (Յ.Գ.-ն ստացել և կանխիկացրել է իրեն որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային վճարներ տրամադրված գումարները):

Hot this week

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img