ԱԺ-ն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լիագումար նիստի օրակարգում չներառեց «ՀայաՔվե»-ի նախագիծը, որով առաջարկվում էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար քրեական պատասխանատվություն սահմանել:
ՀՀ ՔՕ օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել է բացասական եզրակացություն:
ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով «Հայաքվե» անունով հայտնի քաղաքացիական նախաձեռնությանը, տեղեկացրեց, որ նստաշրջանի օրակարգ ներգրավելու համար հարցը պետք է քվեարկվի առանձին՝ հիշեցնելով, որ հանձնաժողովը վերջինիս բացասական եզրակացություն է տվել:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով ԱԺ մշտական հանձնաժողովի նիստի որոշմանը, նկատեց, որ հերթական անգամ քաղաքական մեծամասնությունը թույլ չտվեց՝ ընդդիմության նախաձեռնած հարցը մտնի նստաշրջանի օրակարգ և քննարկվի նիստում, և որ այս կերպ ոչնչացվում է պառլամենտարիզմը:
«ՔՊ» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ՔՊ-ն նախագծին դեմ կքվեարկի, քանի որ հանձնաժողովը դեմ է քվեարկել: Իր ելույթի ժամանակ նա նաև նկատեց, որ նախագիծը խնդիր չի լուծելու և այլ բազմաթիվ խնդիրներ է ստեղծելու:
Քվեարկության արդյունքում նախագիծը 26 կողմ, 57 դեմ և 0 ձեռնպահ ձայներով մերժվեց և չընդգրկվեց 8-րդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգում: