• September 11, 2018

Ոստիկանությունը ստուգողական աշխատանքներ է անցկացնում՝ պարզելու ընտրակաշառք բաժանել են, թե ոչ

Ոստիկանությունը ստուգողական աշխատանքներ է անցկացնում՝ պարզելու ընտրակաշառք բաժանել են, թե ոչ

«Քայլ արա» դաշինքի կազմում առաջադրված Երևանի ավագանու թեկնածու Գրիգոր Երիցյանից տեղեկացանք, որ երեկ առավոտյան Ոստիկանությունում մանրամասներ է ներկայացրել Արաբկիր համայնքում ԲՀԿ-ի թեկնածուի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին ստացած իր տեղեկությունների վերաբերյալ։ «Ոստիկանությունը այս պահին ստուգողական աշխատանքներ է անցկացնում՝ պարզելու հանգամանքները։ Ոստիկանության ծառայողն ինձ վստահեցրել է, որ թե՛ օնլայն օգտատերերի ահազանգերը, թե՛ քաղաքացիների տրամադրած տեղեկությունները ամենայն պատասխանատվությամբ ստուգվում են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երիցյանը։

Հակակոռուպցիոն բլոգի հետ զրույցում ավագանու թեկնածուն մանրամասնեց, որ օրեր առաջ օնլայն հարթակում իրեն ահազանգել են, թե իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում ընդգրկված թեկնածուներից մեկը ընտրակաշառք է բաժանել․ «Որոշեցի ահազանգել ու հանրայնացնել, այնուհետև ոստիկանությունում բացատրագիր գրեցի»,- ասում է Գրիգոր Երիցյանը։

Ի դեպ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանն անդրադարձել է ԲՀԿ-ի կողմից կաշառք բաժանելու մասին լուրերին․ «Անդրադառնալով վերջին օրերին որոշ շրջանակների կողմից պարբերաբար շրջանառվող կեղծ լուրերին, թե իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք է բաժանում՝ դիմում եմ ՀՀ իրավապահ մարմիններին: Եթե նման ստահոդ տեղեկություններ տարածող անձինք անհապաղ չներկայացնեն ընտրակաշառք բաժանելու լուրերը հաստատող իրական փաստեր, ապա մենք դիմելու ենք պատկան մարմիններին՝ համապատասխան քննություն իրականացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Հանրությանը մոլորության մեջ գցող և կուսակցության բարի համբավն արատավորել փորձող յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի պատասխանատվության՝ օրենքի ամբողջ խստությամբ»։