ՀՔԾ-ն ընդունել է, որ Քոչարյանի գործողություններից տուժել է ողջ ժողովուրդը, սակայն քաղաքացիներին տուժող չի ճանաչում

«Վելես» հասարակական կազմակերպությունը ստացել է Հատուկ քննչական կոմիտեից գրություն, որտեղ ասվում է, որ մարտի 1-ի  գործով ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանի՝  իրեն տուժող ճանաչելու պահանջը մերժվել է։

Հիշեցնենք, որ «Վելես» ՀԿ-ի նախաձեռնությամբ մի խումբ քաղաքացիներ դիմել էին ՀՔԾ պետին՝ խնդրելով իրենց ճանաչել տուժող մարտի 1-ի գործով, քանի որ Ռ․Քոչարյանի և մի շարք այլ անձանց կողմից ՀՀ սահմանադրական կարգի տապալման (ըստ առաջադրված մեղադրանքի) արդյունքում սահմանափակվել է ՀՀ քաղաքացիների՝ խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը՝ նրանց հասցնելով բարոյական վնաս։

ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հրաչյա Մուշեղյանն իր որոշման մեջ ընդունել է, որ քաղաքացիներն իրենց դիմումում «իրավացիորեն նշել են, որ ՀՀ սահմանադրական կարգը հաստատողը ու փաստացի կրողը ՀՀ ժողովուրդն է, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ուստի անկախ սահմանադրական կարգը տապալելու եղանակից ու նրանից, թե դրա արդյունքում քաղաքացու որ հիմնական իրավունքն է խախտվել  կամ սահմանափակվել, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ըստ էության անմիջականորեն տուժել է այդ հանցագործությունից՝ կրելով բարոյական վնաս»։

Ավագ քննիչը նշել է, որ վարույթն իրականացնող մարմինը հնարավորություն չունի ողջ ժողովրդին ճանաչել տուժող , դա «ողջամիտ չէ, անիրագործելի է և չի բխում օրենքի պահանջից»։

«Վելես» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի ներկայացուցիչ փաստաբան Դավիթ Գյուրջյանը պատրաստվում է դատական կարգով բողոքարկել ՀՔԾ-ի կայացրած որոշումը։

ՀՔԾ դիմումի վերաբերյալ մանրամասները՝ Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում։

 

Facebook Comments

Tags: , , , ,


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: