Երբ քո տուն է ներխուժում ու գաղտնի ձայնագրում ՀՀ ոստիկանությունը

Նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտնի է լայն հանրությանը 2016-ի ՊՊԾ գնդի գրավման դեպքերից։ Այդ ժամանակ Երևանի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Վալերի Օսիպյանի պատանդ լինելու հետևանքով ոստիկանությունը առանց մշտական «խոսափողի» էր մնացել։ Այդպիսով, հենց Հունան Պողոսյանն էր Խորենացու փողոցում հավաքված մարդկանց զգոնության կոչեր անում և զրուցում մամուլի ներկայացուցիչների հետ։

Այս հոդվածով ցանկություն ունենք Հունան Պողոսյանին հանրության համար բացահայտել այլ կողմից, այն է՝ թե ինչպես երեք տարի առաջ նրա ստորագրությամբ ոստիկանները ներխուժեցին ՀՀ քաղաքացու տուն ու գաղտնի տեսաձայնագրում իրականացրին՝ կեղծիքի հիման վրա։

 

Ինչ է եղել

2015-ին իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ կանադահայ Արփի Մերասի տունը վաճառելու մեղադրանքով։ Ոստիկանությունը գործի շրջանակում կազմակերպում է «Ներքին դիտում» օպերացիան, ներխուժում է Մարինա Պողոսյանի տուն ու տեսաձայնագրություն կատարում և գաղտնի ձայնագրում Պողոսյանին բացօթյա սրճարանում։

«Ներքին դիտում» օպերացիան խուզարկության տեսակ է, երբ քաղաքացուն չեն տեղեկացնում գաղտնի տեսաձայանգրման մասին։ Եվ սա օրենքի շրջանակում է, եթե միայն քաղաքացին ճանաչված է որպես մեղադրյալ։ Սակայն բոլոր մեղադրյալների հանդեպ չէ, որ այս միջոցը կիրառում են։ Իրականում «Ներքին դիտումը» ոչ հաճախ կիրառվող միջոց է, ոստիկանությունն այդ քայլինէ  գնում այն դեպքում, երբ գործի համար կարևոր փաստեր պետք է ձեռք բերի, այնպիսի փաստեր, որոնք այլ եղանակով հնարավոր չէ ձեռք բերել։

Երբ ներխուժել են Մարինա Պողոսյանի անձնական տարածք, նա գործով մեղադրյալ չի եղել, ավելին, անգամ ցուցմունք տված չի եղել։ Նրա տուն ներխուժել են Հունան Պողոսյանի միջնորդության մեջ գրված հետևյալ նախադասության շնորհիվ․ «Նկատի ունենալով, որ հանցագործության կատարմանը մասնակցել է Մարինա Պողոսյանը և սակայն թաքցնում է այդ տեղեկությունները քննությունից…»։ Եվս մեկ անգամ ուշադրություն ենք հրավիրի այն հանգամանքին, որ Մարինա Պողոսյանը դեռ անգամ չէր հարցաքննվել, երբ գրվել է այս միջնորդությունը։

 

Փաստարկհակափաստարկ


– Խախտվել է քաղաքացու բնակարանի անձեռնմխելիության իրավունքը։ «Մեղադրյալի» կարգավիճակ չունեցող անձի տանն իրականացվել է «Ներքին դիտում» օպերացին, որի արդյունքներն ի դեպ, ի վերջո ճանաչվել են գործի համար ոչ պիտանի։ Դատախազությունն ասում է՝ ոստիկանությունը միջնորդության համաձայն է իրականացրել իր աշխատանքը։ Միջնորդությունը ստորագրել է Հունան Պողոսյանը։

– Սրճարանում, ինչպես և ցանկացած հանրային վայրում ոստիկանությունը չի կարող «Ներքին դիտում» իրականացնել։ Ըստ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի «Ներքին դիտումն» իրականացվում է քաղաքացու բնակության վայրում։ Դատախազությունն ասում է՝ օրենքում գրված է «շինություն» բառը, ուրեմն կարելի է սրճարանում էլ ձայնագրել։ Սրան ի պատասխան Մ.Պողոսյանը օրենքի պատճենը նվիրեց դատախազությանը, որտեղ թվարկված է, թե ինչը կարող է համարվել քաղաքացու բնակության վայր։ Սրճարանն այց ցանկում չկա

– Խախտվել է քաղաքացու արդար դատաքննության իրավունքը։ Ոստիկանությունը փաստաթղթերը կազմել է հետին թվով։ Մ.Պողոսյանին ձայնագրել են տանը և սրճարանում սեպտեմբերին 11-ին։ Ըստ փաստաթղթի՝ ձայնագրելու թույլտվությունը տրվել է նույն օրը՝ ձայնագրման պահից ժամեր առաջ։ Ինչպե՞ս կարող էր ոստիկանությունը կանխագուշակել, թե որ ժամին և որ սրճարանում է լինելու Մ.Պողոսյանը, որ նախօրոք միջնորդություն ներկայացներ այդտեղ ձայնագրություն կատարելու վերաբերյալ։

– Խախտվել է անմեղության կանխավարկածը։ Հ.Պողոսյանի միջնորդության մեջ դեռևս անգամ չհարցաքննված Մ.Պողոսյանը ներկայացված է որպես «հանցագործության մասնակից»։

 

Ինչ է լինելու վերջը

 

Մարինա Պողոսյանը Հունան Պողոսյանի դեմ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։ Քննչական մարմինը որոշում էր կայացրել քրեական գործ չհարուցել։ Այդ որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան։ Այժմ բողոքը Վերաքննիչ դատարանում է։ Եթե դատարանը բավարարի միջնորդությունը, քրեական գործ կհարուցվի Հ.Պողոսյանի դեմ՝ կեղծ տվյալներ հայտնելու մեղադրանքով։

Եթե Վերաքննիչ դատարանը չբավարարի միջնորդությունը, Մ.Պողոսյանը մտադրված է դիմել Վճռաբեկ դատարան, ապա արդեն սպառած լինելով ներպետական ատյանները, դիմել Եվրոպական դատարան՝ արդար դատաքննության, անմեղության կանխավարկածի ու բնակարանի անձեռնմխելիության իրավունքների խախտումների հիման վրա։

Պատկերը ճշգրիտ հասկանալու համար պետք է շեշտել, որ քաղաքացին, ում տանը գաղտնի տեսաձայնագրել է ոստիկանությունը, մասնագիտությամբ իրավապաշտպան է և կարող էր տիրապետել իրավապահ մարմինների համար հետաքրքիր ինֆորմացիայի։ Ըստ այդմ, բոլոր փաստերը հարմարեցվել և կեղծվել են դատախազության և ոստիկանության հետաքրքրասիրությունը բավարարելու համար։ Իսկ Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի շինծու լինելն ապացուցվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, որն անմեղ է ճանաչել Մարինա Պողոսյանին՝ փշրելով դատախազության բերած մեղադրանքը։ Ավելին, ՀՀ դատախազությունն անգամ չի բողոքարկել դատարանի վճիռը՝ ըստ էության համաձայնելով, որ Պողոսյանի դեմ հարուցված գործն ի սկզբանե կեղծ է եղել։

© Ժաննա Պողոսյան

Facebook Comments

Tags: , , , ,


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: