Պաշտոնյան պետությանը հասցրել է 23 մլրդ 553 մլն 817 հազար դրամի վնաս

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկանում ենք, որ ՀՀ (նախկին) պաշտոնյաներից մեկը 9 տարում պետությանը հասցրել է 23 մլրդ 553 մլն 817 հազար դրամի վնաս։ Դատախազությունը, սակայն, պաշտոնյայի անունը դեռ չի հրապարակում։

Դատախազությունը ստացել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած տեղեկանքը:

Վերջինիս, ինչպես նաև դրա վերաբերյալ պահանջված լրացուցիչ այլ փաստաթղթերի  համակողմանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք, 2009-2018 թվականների ընթացքում, առանց հիմնավորումների և բավարար հետազոտության, բազմաթիվ անգամ անհարկի փոփոխելով Ծրագրի իրականացման համար կնքված խորհրդատվական ծառայությունների մատուցման ու կապալի պայմանագրերը, դրանցում ներառել են անարդյունավետ և չհիմնավորված աշխատանքներ, կատարման են ընդունել ակնհայտ թերություններով կազմված նախագծա-նախահաշվային փաստաթղթեր:

Բացի դրանից, ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք անհիմն, առանց վնասները գանձելու, համաձայնել են երկարաձգել շինարարության և խորհրդատվական ծառայությունների մատուցման ժամկետները: Առանձին դեպքերում խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրերում սահմանելով ծառայությունների՝ իրավական ակտերով հաստատված առավելագույն չափից կրկնակի անգամ ավելի գին՝ նշված պայմանագրերի գնի և բովանդակության մեջ հետագայում անհարկի և անհիմն փոփոխություններ կատարելով բարձրացրել են գները, իսկ մատուցվող ծառայություններում ընդգրկել են ոչ անհրաժեշտ և կրկնվող աշխատանքներ: Արդյունքում խորհրդատվական ընկերություններին վճարվել են սահմանվածից  ավելի գումարներ

Նաև՝ միջոցներ չեն ձեռնարկվել շինանյութի, մասնավորապես՝ ցեմենտի բաղադրության և որակի չափորոշիչների ու նորմատիվների պահպանման, ինչպես նաև աշխատանքների կատարման նկատմամբ ընթացիկ, ամենօրյա հսկողության իրականացումն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում կապալի պայմանագրի փոփոխությունների համաձայնագրում շինաշխատանքների և բետոնյա ծածկույթի ակնհայտ թերություններն արձանագրելով հանդերձ՝ շահագործման են ընդունվել Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ու Երևան-Աշտարակ հատվածները:

Այդպիսով ծրագրի ակնհայտ անարդյունավետ կառավարումը թաքցնելու, ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի 14-Ա որոշմամբ հաստատված նպատակներին ու խնդիրներին համահունչ Ծրագիրը կամ դրա մի մասն իրականացնելու պատրանք ստեղծելու նպատակով՝ ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, չեն կատարել ծառայողական պարտականությունները՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Մասնավորապես՝ բացի այն, որ շուրջ 9 տարի, նախատեսված ժամկետների խախտմամբ, չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները և չեն իրականացվել Ծրագրով քաղաքացիների, հասարակության և պետության համար ակնկալվող նպատակներն ու արդյունքները՝ կապված  երթևեկության ժամկետի կրճատման, անվտանգ, որակյալ և արագընթաց ճանապարհով Հայաստանի հարավը հյուսիսին կապելու, տնտեսության, բիզնես կապերի զարգացմանը խթանելու հետ, նաև գույքային առումով պետության օրինական շահերին պատճառվել է 23.553.817.000 ՀՀ դրամի չափով վնաս:

Նկատի առնելով, որ ուսումնասիրության արդյունքում առերևույթ ի հայտ են բերվել պաշտոնատար անձի կողմից  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր վնաս հասցնելու հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: 16 հատոր կազմող քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է պատիժ՝ 2-6 տարի ազատազրկում։

Facebook Comments

Tags: , ,


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: