• December 1, 2020

Ողբերգություն. ազգային աղետ

Ողբերգություն. ազգային աղետ

Արդեն ամեն բան պարզ է, որ մեզ հետ, այլեւս հաշվի նստող չկա։

Ռուսաստանի հետ Ադրբեջանն է որոշում, իսկ մեր խեղճության ու մեզ որպես խաղացողների, այլեւս ոչ մի պետություն չի նայելու, որպես ուժը ուժի, այլ լավագույն դեպքում, որպես խեղճի ու հնարավորինս իրենց շահը առաջ գցելու` օգնության միջոցով։ Անհետ կորած զինվորների ծնողներն էլ դա հասկացան, ինչքան էլ, որ փորձեցին բացատրություն ստանալ իշխանությունից։ Հասկացան, որ իշխանությունները անկարող են որեւէ բան անելու։ Խեղճ մարդիկ չգիտեն ինչ անել։ Դիմում են ՌԴ դեսպանատանը։ Խնդրում են Պուտինին, որ Պուտինը իրենց երեխաներին գտնի։ Սա ողբերգություն է։ Լավ դուք ի՞նչ համարձակությամբ եք նայում անհետ կորած զինվորների ծնողների աչքերին։ Լավ դուք ո՞նց եք ապրում։ Սայլը տեղից չի շարժվում։ Խեղճ ծնողները ընկել են դռնեդուռ, դուք տաք-տաք նստած, օր-օրի ավելի եք սրում իրավիճակը` ձեզ արդարացնող ստատուսներով։ Բա դուք հանցավոր կապիտուլացիոն փաստաթուղթ եք ստորագրել, ու չեք տեսե՞լ ինչ կա-չկա։ Զիվորականներից մեկը չի՞ եղել, որ հիշեր գերության մեջ գտնվող զինվորներին, որոնք ժամկետ չեն նշել նրանց վերադարձի մասին: Ձեզ համար զինվորն արժեք չունե՞ր.. ո՞նց թողեցիք զինվորներին գերության մեջ: Դուք ո՞նց եք շարունակում ապրել… Հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքները օգնության կարիք ունեն։ Մեր հերոս տղաների ընտանիքները օգնության կարիք ունեն.. իսկ պետական մակարդակով ստեր, ստեր, ստեր եք տարածում, հետն էլ, թե ամեն ինչ անում ենք։ Լո՞ւրջ։ Սպասարկեցիք թուրքի շահերն ու շարունակում ենք սպասարկել… Իսկ թե ինչու համահայկական հիմնադրամի փողերը չի օգտագործվում զինվորների առողջության վերականգնման համար, որոնք այս օրերին դիմում են հանրության օգնության համար, դա էլ երեւի ըստ իշխանությունների` ընթացիկ ծախսեր չեն։ Անցնենք օրեր առաջ վարչապետի հերթական մտքի փայլատակումներին։

Ինքնախոստովանությո՞ւն, թե՞ մեղայական, փառամոլությո՞ւն, թե՞ մտահոգություն։ Կարեւոր էլ չէ, որովհետեւ որքան էլ փորձես արդարացնել, չի ստացվելու, որովհետեւ մարդը, մարդու կյանքը չի արժեւորել, եւ արժեւորում, այլ մտածել է ընդամենը, թե ինչ կասեն, եթե.. եւ այսօր ունենք այն ինչ ունեք։ Փորձենք մի քանի ելք գտնել, բացելու վարչապետի բառերի տակ թաքնվածը, բայց այնքան պարզ է ասում, որ մեծ խելք էլ չի պահանջում վերլուծելու։ Փաստորեն, եթե ստորագրեր ավել վաղ, դարձյալ կասեին «Նիկոլ դավաճան»: Ըստ այդ տրամաբանությամբ էլ երկիր է ղեկավարել մարդը։ Մենք էլ ասում ենք, թե ինչու որեւէ շոշափելի արդյունք չի գրանցվել երկուսուկես տարում, ինչու համակարգային փոփոխություններ տեղի չեն ունեցել, ու այդպես միամիտ հարցեր, որոնց պատասխանները հենց իր կառավարման «ինչ կասեն»-ի շրջանակում է ծնվել ու վիժել։ Ձեւից բովանդակության անցնելու հնար չի եղել։ Սա մտածողություն է, PR-ը շատ ավելի է կարեւորվում, քան բովանդակությունը։ Դրա համար էլ միայն դատարկ խոսքեր ենք լսել։ Բայց այն, թե «ինչ կասեին» ավելի կարեւոր է, քան մարդկային կյանքերը, այս իրավիճակում, երբ մարդիկ այլեւս չեն վստահում երկրի իշխանություններին, նրանց պաշտոնական լուրերին։ Այս ողջ ընթացքում, երբ պետության ղեկավարը նոր-նոր է որոշում, որ ամեն բանից առաջ պետք է գերիների հարցը լուծել, այն դեպքում որ արդեն լուծված պետք է լիներ գերիների հարցը, շարունակում է պոպուլիստական մտքեր օդ արտանետել։ Ինչ կարեւոր է, թե ինչ կասեին, կարեւորը այսօր չէինք ունենա հազարավոր զոհեր, խեղված ճակատագրեր, ու երկիրի ողնաշարը չեն կոտրվի։ Սա ազգային աղետ է, որի տակից մի ելք կա, որ կարող ես սկզբից սկսել, բայց արդեն դու չես որոշում, քո տեղն արդեն որոշել են։

Հեղինակ՝ Ա․Հայրապետյան