Փաստաբանները չեն ներկայանա դատական նիստին, քանի դեռ իրենց պաշտպանյալը ապօրինաբար զրկված է ազատությունից

Հուլիսի 22-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Վահագն Աբգարյանի գործով հերթական դատական նիստը, որը չի կայացել, քանի որ Աբգարյանի փաստաբանները բոյկոտել են այն։

Աբգարյանի դատապաշտպան Արթուր Գրիգորյանը նախապես գրավոր տեղեկացրել է դատավոր Սուսաննա Գզոգյանին, որ պաշտպանական կողմը չի ներկայանալու դատական նիստին, քանի որ «նախորդ դատական նիստում կայացված՝ Վահագն Աբգարյանի ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքը ոտնահարող դատարանի երկու ապօրինի որոշումները բողոքարկել ենք ՀՀ վերաքննիչ քրեական դատարան»։

Փաստաբաններ Արթուր Գրիգորյանն ու Արմեն Սողոմոնյանը համոզված են, որ իրենց պաշտպանյալը ապօրինաբար է զրկված ազատությունից և իրենց գրության մեջ նշել են, որ Վահագն Աբգարյանի գործով դատական քննությանը պաշտպանական կողմի մասնակցությունը տեղի կունենա այն բանից հետո միայն, երբ նա ազատ կարձակվի, կամ կսպառվեն նրա ոտնահարված իրավունքները վերականգնելուն ուղղված ներպետական իրավական պաշտպանության միջոցները։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ապօրինի զենք, զինամթերք պահելու համար մեղադրվող Վահագն Աբգարյանի խափանման միջոցը փոխել էր՝ սահմանելով 15 միլիոն դրամի չափով գրավը։ Այդ որոշումը տուժող կողմի ներկայացուցիչներն ու մեղադրող դատախազը բողոքարկել էին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, որն էլ մայիսի 21-ին անթույլատրելի է ճանաչել գրավի կիրառումը։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, սակայն, Վահագն Աբգարյանին կալանավորելու վերաբերյալ կարգադրություն չի արձակել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում 14.04.2020թ. կատարված փոփոխությունների ուժով գրավը դադարել է խափանման այլընտրանքային միջոց լինելուց: Այդպիսով, որոշումը հրապարակելուց հետո Աբգարյանը, որպես որևէ խափանման միջոց չունեցող ամբաստանյալ, գտնվել է ազատության մեջ։

Սակայն հունիսի 30-ին իրավապահները Վահագն Աբգարյանին ձերբակալել են Երևանի կենտրոնում գտնվող սրճարանում, որտեղ նա գտնվելիս է եղել իր բարեկամների հետ։ Աբգարյանին բերման ենթարկելու վերաբերյալ կազմված արձանագրությում  նշված է, թե իբր նա խուսափում է ներկայանալ դատարան, ինչը հերքող ապացույց ձայնագրությունը Աբգարյանը տրամադրել է «Հակակոռուպցիոն բլոգ»-ին։

Նախորդ դատական նիստում Աբգարյանի պաշտպանները բողոք էին բերել վերջինիս ապօրինաբար ազատությունից զրկելու վերաբերյալ, ըստ որի էության  դատարանը դատավոր Սուսաննա Գզոգյանի կողմից որոշում չկայացվեց։ Հենց սա է պատճառ դարձել, որ պաշտպանական կողմի փաստաբանները բոյկոտեն Գզոգյանի նախագահությամբ ընթացող դատական նիստը։ Այժմ նրանք սպասում են նշված դատավորի որոշումների դեմ իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանի դատական նիստին:

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: