• June 19, 2020

Կոպիրկինը գնաց, Ռոբերտ Քոչարյանին ազատեցին. ի՞նչ կատարվեց

Կոպիրկինը գնաց, Ռոբերտ Քոչարյանին ազատեցին. ի՞նչ կատարվեց

Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը հայտնել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելու ցանկություն: Այդ մասին հայտնել է Սիմոնյանը, որը խորհրդարանում ընդունել է ՌԴ դեսպանին:

Կարիք չկա թերևս գուշակելու, թե ինչն է հանդիպման առիթն ու թեման, առավել ևս այն բանից հետո, երբ դեսպանը նախօրեին ընդունել էր ԲՀԿ պատգամավորներին: Այդպիսով ակնառու է, որ Հայաստանի ներքաղաքական բուռն զարգացումներում Ռուսաստանը ստանձնել է դեր, և պարզ չէ կամ հստակ և ամբողջապես տեսանելի չէ, թե ինչ դեր է դա: Դա միջնորդի՞ դերն է, երբ փորձ է արվում մերձեցնել թեժ դիմակայության գնացող ուժերին, կառավարությանն ու ԲՀԿ-ին, թե՞ Ռուսաստանը կողմ է, և այս դեպքում, իհարկե, հասկանալի է՝ «ընդդիմադիր» կողմ: Համենայնդեպս այն, որ ԲՀԿ-ականներին հանդիպելուց հետո Սերգեյ Կոպիրկինը հայտնել է «Իմ քայլի» ներկայացուցիչ ԱԺ փոխնախագահին հանդիպելու ցանկություն, վկայում է, որ կա ինչ-որ նախաձեռնություն: Թեև, հնարավոր է կարող ենք դիտարկել տարբերակ, երբ Ռուսաստանի դեսպանը փորձել է ԱԺ փոխնախագահին հանդիպել՝ ցույց տալու համար, որ ԲՀԿ հանդիպումը, այսպես ասած, հովանավորության վկայություն չէր, և ՌԴ-ն հավասարապես հաղորդակցվում է բոլոր քաղաքական ուժերի հետ: Ի դեպ, այդպես էր արձագանքել դեսպանատունը նաև 2019 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո Սերգեյ Կոպիրկինը հանդիպեց նրա հետ: Հետո հայտարարեցին, թե դա ընդամենը հայաստանյան ներքաղաքական դաշտում և հասարակական-քաղաքական կյանքում գործող սուբյեկտների հետ հանդիպումների շրջանակից էր:

Ի դեպ, Կոպիրկին-ԲՀԿ, և հունիսի 18-ին էլ ԱԺ-ում Կոպիրկին-«Իմ քայլը» հանդիպումը փաստորեն նախորդեց ներքաղաքական բուռն իրադրությունում մեկ այլ հնչեղ իրողության՝ Վերաքննիչ դատարանը փոխեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ նրան գրավի դիմաց ազատելով կալանքից: Քաղաքականության մեջ լինո՞ւմ են պատահականություններ, այն էլ այդպիսի: Հարցադրումն, իհարկե, կհնչի պարզունակ: Արդարանալո՞ւ համար էր Կոպիրկինը գնացել ԱԺ, թե՞ գնացել էր, որ նրա առաջ արդարանա կառավարող մեծամասնությունը, թերևս հնարավոր կլինի գնահատել իրադարձությունների հետագա զարգացումից: Արդյո՞ք նրա առաջ արդարանալու իմաստ ուներ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը, որն, այսպես ասած, թույլ տվեց պաշտոնական Երևանին կասեցնել ԲՀԿ-ով ծրագրվող հարվածը, միաժամանակ անել այնպես, որ այդ հարվածի «հետք» չմնա Մոսկվայի դեմքին՝ երկրորդ նախագահի ազատումով:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

© 1in.am