• May 11, 2020

Վահագն Աբգարյանը դիմել է դատավոր Բեկթաշյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով

Վահագն Աբգարյանը դիմել է դատավոր Բեկթաշյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով

Վահագն Աբգարյանը ՀՀ վերաքննիչ դատարանում կայացած այսօրվա դատական նիստից հետո դիմել է ՀՀ արդարադատության նախարարին և ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ խնդրելով կարգապահական վարույթ հարուցել դատավոր Արմեն Բեկթաշյանի նկատմամբ, ով մարտի 1-ի գործով հետախուզվող ՀՀ քննչական կոմիտեի պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի մտերիմ ընկերն է դեռևս ուսանողական տարիներից։

Աբգարյանն իր դիմումում նշել է, որ դատավորը «շարունակաբար և միտումնավոր իրեն զրկում է արդյունավետ պաշտպանության իրավունքից՝ այսպիսով խախտելով իր սահմանադրական իրավունքները»: Աբգարյանը մանրամասն շարադրել է, թե ինչ միջոցների է դիմում դատավորը իրեն պաշտպանական իրավունքներից զրկելու համար։ Դիմումի տեքստին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ստորև։

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին

ՀՀ քաղաքացի Վահագն Աբգարյանից

Պատճենը ՀՀ բարձրագույն դատական խորհրդի
նախագահ Ռուբեն Վարդազարյանին

Դիմում

Հանձնաժողովի հարգելի անդամներ, դիմում եմ ձեզ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով, քանի որ վերջինս արդեն շարունակաբար խախտում է իմ՝ պաշտպանական իրավունքները:
Մասնավորապես, ՀՀ դատախազությունը ս.թ. ապրիլի 16-ին բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ խնդրելով բեկանել իմ նկատմամբ հարուցված քրեական գործով ԼԴ1/0027/01/18 ս.թ. ապրիլի 1-ին կայացված որոշումը, որով փոխվել էր իմ խափանման միջոցը: Դատավոր Արմեն Բեկթաշյանը բողոքը վարույթ է ընդունել և դատական նիստ է նշանակել ս.թ. ապրիլի 20-ին, որի մասին պաշտպանական կողմից որևէ մեկը չի ծանուցվել: Բնականաբար, ծանուցվել չլինելով դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ, ես և իմ դատապաշտպան Ինեսսա Պետրոսյանը չենք ներկայացել այդ նիստին: Դրանից հետո դատական նիստ է նշանակվել ս.թ. ապրիլի 22-ին՝ ժամը 12:00-ին, թեև դատավորը նախապես իրազեկված է եղել, որ նույն օրը՝ ժամը 14:00-ին նշանակված է իմ գործով դատաքննություն Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ չներկայանալս հիմք կհանդիսանար խափանման միջոցս փոխելու համար: Բնականաբար, ես ներկայացել եմ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, իսկ Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննությունը հետաձգվել է: Իմ պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դիմում է ուղարկել դատարան գործի քննությունը հետաձգելու համար և հեռախոսազանգի միջոցով դատավորի աշխատակցին հայտնել է, որ 23.04.20 թ-ին ունի նախապես պլանավորած այլ դատական նիստեր, սակայն դատավորը դա էլ է անտեսել և նիստը նշանակել է` հենց 23.04.20 թ-ին՝ ինձ զրկելով պաշտպանիս հետ նիստին մասնակցելու իրավունքից: Նշանակված դատական նիստի վերաբերյալ ես և պաշտպանս պատշաճ չենք ծանուցվել: Փաստաբան Պետրոսյանը այլ գործին մասնակցելու նպատակով ապրիլի 23-ին գտնվել է ՀՀ վերաքննիչ դատարանում, որտեղ էլ պատահաբար հանդիպել է դատավորի աշխատակցին, ով հայտնել է, որ նույն օրը նիստ է նշանակվել և նրան sms հաղորդագրութուն են ուղարկել դրա վերաբերյալ: Պաշտպանս անմիջապես իրազեկել է ինձ նիստի ժամի վերաբերյալ և ես ստիպված եմ եղել անհապաղ ներկայանալ դատարան, թեև այդ պահին ուղևորվում է Աստղիկ բժշկական կենտրոն՝ ֆիզիոթերապիայի հերթական կուրսի: Ես ներկայացել եմ դատական նիստին և խնդրել եմ նիստը հետաձգել, քանի որ պաշտպանս այդ պահին գտնվել է ՀՀ քննչական կոմիտեում: Սակայն դատավորը նիստը չի հետաձգել և սկսել է առանց իմ պաշտպանի
մասնակցության` դատախազին հնարավորություն տալով ներկայացնել բողոքը: Դատավորը այդ օրը որոշեց հաջորդ դատական նիստը նշանակել 27.04.20թ.-ին, թեև թնրա աշխատակազմին իմ պաշտպանը նախապես էր իրազեկել, որ ս.թ. ապրիլի 27-ին այդ գործերով զբաղվածություն ունի և չի կարողանա ներկայանալ դատական նիստին: Ինեսսա Պետրոսյանը առաջարկել է ցանկացած այլ օր նշանակել նիստը, բացի ապրիլի 27-ից, սակայն դատավորը հենց այդ օրը նշանակեց նիստը: Իմ պաշտպանը, այնուամենայնիվ, ապրիլի 27-ին կարողանում է գալ դատարան՝ հետաձգելով իր մյուս գործերը: Այդ օրը ճիշտ ժամին ես և պաշտպանս ներկայացել ենք ՀՀ Վերաքննիչ դատարան, որպեսզի մասնակցենք 27.04.2020թ. ժամը 10:30 նշանակված դատական նիստին: Ի զարմանս ինձ դատական նիստը նշված ժամին չկայացավ, չնայած որ ներկա էին դատավարության բոլոր կողմերը, ժամը 10:36 դատավորի օգնականը տեղեկացրեց, որ դատական նիստը չի կայանալու և հորդորեց, որպեսզի հեռանանք դատարանից: Ժամը 10:56 պաշտպան Ինեսսա Պետրոսյանը զանգահարել է դատավոր Ա.Բեկթաշյանի օգնականին և խնդրել, որ հայտնի հերթական դատական նիստի օրվա մասին, ինչպես նաև, որ որևէ կերպ փաստվի իմ՝ դատական նիստին ներկայանալու հանգամանքը: Դատավորի օգնականը հայտնեց, որ տուժողի ներկայացուցիչները դատարանում են և ժամը 11:30-ին կայանալու է դատական նիստ: Պաշտպանս անմիջապես կապ է հաստատել ինձ հետ և հորդորել, որպեսզի ներկայանամ դատական նիստին, որպեսզի չկարողանան հիմքեր չստեղծվել իմ չներկայանալու առումով: Ժամը 11:17 ես ներկայացել եմ դատարան, ներքին հեռախոսով կապ հաստատել դատավոր Ա.Բեկթաշյանի աշխատակազմի հետ հայտնել, որ վերադարձել եմ դատարան և ցանկանում եմ մասնակցել դատական նիստին, ինչին ի պատասխան դատավորի աշխատակազմից հայտնել են, որ ժամը 11:30 դատական նիստ ընդհանրապես չի կայանալու: Սակայն, կանխազգալով, որ իմ դեմ դավադրություն է պլանավորվում, ես այս անգամ չհեռացա դատարանի շենքից և ականատես եղա դատական նիստերի դահլիճից տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի դուրս գալուն, որից անմիջապես հետո դատավոր Ա.Բեկթաշյանի նույն աշխատակիցը, որը րոպեներ առաջ ինձ հայտնել էր, որ դատական նիստը տեղի չի ունենալու, հրավիրում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներին մասնակցելու դատական նիստի: Նիստը հետաձգվեց այն հիմքով, որ մեղադրող դատախազը ներկա չէր, թեև դատախազ Հայկ Պետրոսյանը, որը բազմիցս մասնակցել է իմ գործով նիստերին, եկել էր դատարան ու շենքում էր գտնվում մինչև 11:15: Նիստը նշանակվեց ս.թ. մայիսի 8-ին: Այդ օրը ես ուղևորվում էի դատարան, երբ զանգ ստացա պաշտպանիս ընտանիքի անդամից, ով տեղեկացրեց, որ Ի.Պետրոսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և իրենք դիմել են Շտապ օգնություն ծառայությանը: Ես ներկայացա դատական նիստին և իրազեկեցի, որ պաշտպանս բժշկական օգնություն է ստանում այդ պահին և չի կարող ներկայանալ դատարան: Շտապ օգնություն դիմելու վերաբերյալ փաստաթղթերի և բժշկի նշանակումների պատճենները նախքան դատական նիստ սկսելը Ինեսսա Պետրոսյանի ամուսին, փաստաբան Կարեն Մեժլումյանը ուղարկել էր ՀՀ վերաքննիչ դատարան: Դատական նիստը հեռաձգվեց և նշանակվեց հաջորդ աշխատանքային օրը՝ քննության անգամ չարժանացնելով այն հարցը, թե արդյոք պաշտպանս ի վիճակի կլինի 3 օր անց ներկա լինելու դատական նիստին: Մայիսի 11-ին Ինեսսա Պետրոսյանը, չնայած իր ծանր առողջական վիճակին,
դստեր ուղեկցությամբ և օգնությամբ ներկայացավ դատական նիստին: Նիստի մեկնարկին պաշտպանս ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Բեկթաշյանին այն հիմքով, որ նա ՀՀ քննչական կոմիտեի պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի մտերիմ ընկերն է դեռ ուսանողական տարիներից և չի կարող անկողմնակալ քննել իմ գործով բերված բողոքը, քանի որ ես հաղորդում եմ ներկայացրել Հարությունյանի դեմ և մանրակրկիտ ցուցմունք եմ տվել իր դեմ՝ նրան մեղադրելով ինձ խոշտանգելու մեջ: Իմ հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62219419 քրեական գործը, որով 12.07.2019 թ. ինձ ներգրավել են որպես տուժող: Նշեմ, որ իմ գործով որպես վկա անցնող ևս երեք քաղաքացի հաղորդում է ներկայացրել Վահագն Հարությունյանի դեմ և 2018 թվականին հարուցված քրեական գործով ևս տուժող են ճանաչվել: Ըստ տուժողների՝ Հարությունյանը նրանց խոշտանգել է՝ փորձելով ստիպել, որ ցուցմունքներ տան իմ դեմ: Սա հիմք է հանդիսացել, որպեսզ պաշտպանս ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնի դատավոր Արմեն Բեկթաշյանին՝ միջնորդությունը հիմնավորել նաև դատավորի՝ իմ նկատմամբ արդեն իսկ դրսևորած վերաբերմունքով, որը շարադրեցի վերևում: Դատավոր Բեկթաշյանը կես ժամ ընդմիջում հայտարարեց, որպեսզի որոշում կայացնի միջնորդության վերաբերյալ: Ակնհայտ էր, որ այդ ժամանակը բավարար չէր պաշտպանիս ներկայացրած միջնորդությանն ու կից նյութերին ծանոթանալու համար (կցված էր դատական նիստի արձանագրության ձայնասկավառակը): Ընդմիջման ընթացքում Ինեսսա Պետրոսյանի ինքնազգացողությունն ավելի վատացավ և նա ստիպված եղավ դարձյալ դստեր օգնությամբ հեռանալ դատական նիստերի դահլիճից՝ նախապես դիմում գրելով իր հեռանալու պատճառի մասին: Դատավոր Բեկթաշյանը ընդմիջումից հետո մերժեց պաշտպանիս ներկայացրած միջնորդությունը և պատրաստվում էր շարունակել դատական նիստը նրա բացակայության պայմաններում: Ես տեղեկացրեցի, որ նրա ինքնազգացողությունը կրկին վատացել է և ստիպված է եղել հեռանալ, ինչին ի պատասխան դատավորը ցինիկաբար հայտարարեց, որ ինքը բժիշկ չէ, որպեսզի դատողություններ անի փաստաբանի ինքնազգացողության վերաբերյալ: Ես պնդեցի, որ նիստը չշարունակվի պաշտպանիս բացակայության պայմաններում, քանի որ այդպիսով ես չէի կարողանա իրացնել իմ՝ արդյունավետ պաշտպանության իրավունքը: Դատավոր Բեկթաշյանն ինձ կշտամբեց այլ պաշտպան չներգրավելու համար, թեև օբյեկտիվորեն հնարավոր չէ կարճ ժամանակահատվածում այլ պաշտպան ներգրավել և ծանոթացնել նրան գործի նյութերին ամբողջ ծավալով: Այնուամենայնիվ, դատական նիստը հետաձգվեց նշանակվեց հաջորդ իսկ օրը՝ առավոտյան: Այսպիսով դատավոր Բեկթաշյանը կրկին հաշվի չառավ պաշտպանիս առողջական վիճակն ու իմ՝ այլ պաշտպան ներգրավելու անկարողությունը և փաստորեն 24 ժամից էլ քիչ ժամանակ տվեց փաստաբան Ինեսսա Պետրոսյանին կազդուրվելու և դատական նիստին կրկին ներկայանալու համար:

Վերոգրյալը փաստում է, որ դատավոր Արմեն Բեկթաշյանը շարունակաբար և միտումնավոր ինձ զրկում է արդյունավետ պաշտպանության իրավունքից՝ այսպիսով
խախտելով իմ սահմանադրական իրավունքները: Խնդրում եմ դատավոր Արմեն Բեկթաշյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ:

Հարգանքով,

Վահագն Աբգարյան
11.05.2020թ.