• December 16, 2019

Ինչ ունեցվածքի են տիրապետում Սեյրան Օհանյանն ու նրա կինը

Ինչ ունեցվածքի են տիրապետում Սեյրան Օհանյանն ու նրա կինը

«Առաջին լրատվական»-ը նախօրեին հրապարակել էր իր ձեռքի տակ հայտնված Մարտի 1-ի գործից որոշ նյութեր, որտեղ հստակ ներկայացված էր այս գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների ունեցվածքը, որոնք գալիս են հերքելու վերջիններիս կողմից այն պնդումները, թե իրենք ահռելի ունեցվածքի չեն տնօրինում։

Ստորև մենք ներկայացնում ենք նաև գործով մեկ այլ առանցքային մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նրա կնոջ ունեցվածքը, որը կրկին քրեական գործի նյութերից է, այսինքն՝ պաշտոնական է։

Նշենք, որ Օհանյանները ևս մշտապես հերքել են իրենց ունեցվածքի մասին հրապարակումները։ Սեյրան Օհանյանն ու իր կինը մի քանի անգամ հայտարարել են, որ իրենք վարձով են ապրում Երևանի ամենահարուստ՝ Վահագնի թաղամասում։

Եվ այսպես. Սեյրան Օհանյանը, որը հաշվառված է Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 98 շենքի 4-րդ բնակարանում, նրա անվամբ որպես սեփականություն հաշվառված են 4 հողատարածքներ Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքում։ Նրա անվամբ է հաշվառված նաև «Վերածնունդ» հիմնադրամը։

Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի անվամբ հաշվառված են Երևանի Ռուբինյանց փողոցի 1-ին շենքի 1 բնակարանը, «Ռուզաննա Խաչատրյան Գորգենի» Ա/Ձ-ն, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» առողջապահական հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև «Lexus LX 5.7» մակնիշի 90 NN 900 պետհամարանիշներով ավտոմեքենան։

Սեյրան Օհանյանը 2017-ին իր հաշվին կանխիկ մուտքագրել և ելքագրել է շուրջ 11 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար։

Ռուզաննա Խաչատրյանը 2018-ին Հասմիկ Մելիքյանից ստացել է շուրջ 160 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար, 2017-ին իր հաշվեհամարներից կանխիկ ելքագրել է շուրջ 401 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար և մուտքագրել է 98 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար։

Նշենք, որ սա այն ամենն է, ինչ նրանք պաշտոնապես հաշվառել են իրենց անունով։ Հասկանալի է նաև, որ կա ներկայացվածից գուցե ավելին, ինչը գրանցված, հաշվառված է նրանց ծանոթ-բարեկամների անուններով։ Մասնավորապես, մամուլի տարբեր հրապարակումներից կարելի է պարզել, որ Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար եղած ժամանակ 2002 թվականին քաղաքացիներ Տիգրան Մովսիսյանի և Շանթ Ալեքսանյանի հետ ստեղծել է «ՍՏՇ Պիրամիդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Մինչև 2005 թվականն այս ընկերության բաժնետերերի մեջ փոփոխություն է եղել, և 2005-ին Սեյրան Օհանյանի հայրը՝ Մուշեղ Օհանյանը դարձել է այդ ընկերության 55 տոկոս բաժնետեր: Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Պիրամիդա»-ն սկզբում գիշերային ակումբ էր, իսկ հիմա սրճարան, սննդի կետ է դարձել։

2016 թվականին, երբ Սեյրան Օհանյանը դեռ պաշտպանության նախարար էր, մամուլում հրապարակումներ հայտնվեցին այն մասին, որ նա Վահագնի թաղամասում շքեղ առանձնատուն է կառուցում: Նա մի հսկայական ու շքեղ առանձնատուն էլ ունի Սևանա լճի ափին։

Ուշագրավ է, որ սկսած 1992 թվականից Սեյրան Օհանյանը եղել է զինվորական ծառայության մեջ՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, և օբյեկտիվ հարց է ծագում, թե ինչպես կարող էր նա այդքան ունեցվածք դիզել միայն նախարարի աշխատավարձով։

© 1in.am