• November 15, 2019

Հրապարակային ներողություն և 500.000 դրամ տուգանք՝ ֆեյսբուքյան գրառման համար

Հրապարակային ներողություն և 500.000 դրամ տուգանք՝ ֆեյսբուքյան գրառման համար

 

Հոկտեմբերի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ․Մազմանյանը մի վճիռ է կայացրել, որը կարող է նախադեպ դառնալ սոցիալական ցանցերում վիրավորական և զրպարտող գրառումներ կատարողներին պատասխանատվության ենթարկելու առումով։

Համաձայն վճռի՝ ՀՀ քաղաքացի Աստղիկ Տեր-Սահակյանից պետք է 500,000 դրամ բռնագանձվի հօգուտ հայցվոր Մարինա Պողոսյանի։ Բացի այդ, Աստղիկ Տեր-Սահակյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանից՝ վերջինիս հասցեին վիրավորական և զրպարտող գրառում անելու համար։

«Սա միակ դեպքը չէ, երբ սոցիալական ցանցերում զրպարտություն է գրվել իմ մասին, ես բոլոր դեպքերում հետևողական եմ լինելու և պատասխանատվության եմ ենթարկելու խոսքի ազատությունն անպատասխանատու ձևով գործածող մարդկանց»,- «Հակակոռուպցիոն բլոգ»-ի հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը։

Ի դեպ, դատարանը վճռել է, որ պատասխանողը պետք է նաև փոխհատուցի հայցվոր Պողոսյանի կրած դատական ծախսերի գումարը՝ 14,000 ՀՀ դրամ։ Իրավապաշտպանը կոչ է անում իր գործընկերներին և առհասարակ բոլոր քաղաքացիներին հետևողական լինել, որպեսզի սոցցանցերում գրվող հայհոյանքները, սպառնալիքները, վիրավորանքն ու զրպարտությունն անպատիժ չմնան։

«Մարդիկ ի վերջո պիտի սովորեն, որ սոցիալական ցանցերը հանրային տիրույթ են, և այդտեղ նույն պատասխանատվությունն է գործում, ինչ առօրյա, օֆֆլայն կյանքում»,- ասում է իրավապաշտպանը։