Կտրուկ փոփոխություններ իրավապահ բլոկում. Ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում, ներկայացնելով ռազմավարությունը, ասաց, որ Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն մարմնի տարանջատված մոդել՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հակակոռուպցիոն կոմիտեի տեսքով։ Ամբողջությամբ վերանայվում է իրավապահ համակարգը՝ հետագայում այն առավել մասնագիտացված ու արդյունավետ դարձնելու միտումով։

Մասնավորապես, ըստ նախարարի, նախատեսվում է, որ 2021 թվականին ստեղծվելու է հակոկոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության իրավասության միասնական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե անվամբ։ Նախագծով նախատեսվում է, որ մի շարք քննչական վարչություններ միավորվելու են, և 2021 թվականի դրությամբ ունենալու ենք երեք քննչական մարմին՝ Հատուկ քննչական ծառայություն, Քննչական կոմիտե, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն կլինի հիմնական մասնագիտացված մարմինը, որը քննելու է կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։

«Սահմանել ենք երեք տարվա անցումային շրջան, որի ընթացքում Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ հատվածը շարունակելու է զբաղվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմամբ, իսկ Հատուկ քննչական ծառայությունը կամ քննչական կոմիտեն առանձին դեպքերում կարող են քննել կոռուպցիոն հանցագործությունները՝ մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի վերջնական ձևավորումը»,- ասաց նախարարը։

Նախատեսվում է նաև Գլխավոր դատախազության կազմում ստեղծել ստորաբաժանում՝ հակոկոռուպցիոն գործերով քննությունների նկատմամբ վերահսկողության նպատակով։

Նախարարը հավելեց, որ կարևորվում է նաև մասնագիտացված հակոկոռուպցիոն դատարանի ստեղծումը։

Նախատեսվում է ամբողջությամբ բարեփոխել հայտարարագրման կարգը։

© Lragir.am

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: