• July 30, 2019

Իրավապաշտպանին սպառնացել են. նա դիմել է ոստիկանություն

Իրավապաշտպանին սպառնացել են. նա դիմել է ոստիկանություն

Օրեր առաջ «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանին սպառնացել են Ֆեյսբուքով. սպառնացել են կոտրել նրա ոտքերը, եթե վերջինս չհեռացնի իր գրառումը։ «Ա1+»-ի հետ զրույցում Մարինա Պողոսյանը պատմեց, թե ինչ գրառում է արել։

Նա տեղեկացրեց, որ հուլիսի 24-ի գիշերը իրեն զանգահարել է մի անծանոթ կին, ներկայացել որպես Արմինե և պատմել, որ ընկել է վատ պատմության մեջ։ Նա 4 շների է խնամում Կիրովի այգում, որոնց այդտեղ պարբերաբար խոշտանգում են։

Իրավապաշտպանը պատմեց, որ այդ կինը ոտքը կտրած մի շան տարել է  վիրահատության, որին բուժման նպատակով 20 օր կլինիկայում են պահել, եւ երբ նա այդ շանը բերել է այգի, այնտեղ աշխատող ոմն Էդուարդ, որն այդ այգում վարձույթով մանկական մեքենաներ է տալիս, իր հղի կնոջ հետ միասին հարձակվել է այդ կնոջ վրա, հարվածել են վիրահատած շանը։

«Եվ այդ մարդը բառացիորեն ասել է՝ «ես դվարնյագ չեմ սիրում,  այնքան պետք է խփեմ էս դվարնյագներին, որ ուղեղն ու արգանդը թափվի»։ Ու այդտեղ քաշքշուկ է  սկսվել, որի ժամանակ հարվածել են այդ կնոջը։ Ձեռքից հեռախոսն են վերցրել ու շպրտել, այնուհետև ինչ-որ մատուցողուհի՝ Լուսիկ անունով, հարձակվել է այդ կնոջ վրա, հետո սկսել են սպառնալ, որ «մեր կռիշը գող Արեսն ա»։Այդ դեպքից հետո պարեկային ծառայությունն է գալիս, ինչից հետո հայտնվում է հետաքննիչ Սևան Նազարյանը, որը նյութերով մերժում է քրեական գործ հարուցել, որովհետև նա գտել է, որ այդտեղ որևէ հակաօրինական բան չի եղել»,- պատմեց Մարինա Պողոսյանը:

Բացի այդ, շուն պահող կնոջը մոտեցել և ասել են, որ  եթե  բողոքը հետ չվերցնի, չորս շներին էլ տանջամահ են անելու։

Եվ երբ այդ ամենի մասին իրավապաշտպանը բարձրաձայնում է, ֆեյք էջերից և ոչ միայն՝ Նազարյան ազգանունով մարդիկ, որոնք, ըստ Մարինա Պողոսյանի, չի բացառվում, որ Սևան Նազարյանի ընտանիքի անդամները լինեն, սկսում են սպառնալից մեկնաբանություններ գրել։

«Ինչ-որ Մարինա Վարդանյան գրել էր՝ այ Մարինա Պողոսյան, արա, ոտերդ ջարդելու ենք, էդ նյութը հանի, թե չէ տես՝ քո հետ ինչ ա լինելու։ Այսինքն՝ սրանք այնքան անպատժելի են, այնքան ցինիկ են, որ նույնիսկ բարձրաձայնելուց հետո իրենք սկսում են այդպիսի կեղտոտ սպառնալիքներ գրել»,- ասաց Մարինա Պողոսյանը։

Իրավապաշտպանը տեղեկացրեց, որ ինքը Ֆեյսբուքում հրապարակել է վերոնշյալ Էդուարդի նկարը՝ գրելով «շուն խոշտանգող», և դրա տակ հրապարակել է ոստիկանության հետաքննիչի նկարը և գրել. «Շուն խոշտանգողին պաշտպանող ոստիկան»։

«Եվ այդ հետաքննիչի նկարի տակ բազմաթիվ մարդիկ նշել են, թե ինչպես են տուժել այդ մարդուց, որ նա գործեր է կարճում և այլն։ Եվ այդտեղ իմ անձի շուրջ բոլոր սպառնալիքները հենց նույն գիշերը ուղարկել եմ ոստիկանություն և խնդրել եմ, որ իրենց կիբերհանցագործությունների դեմ բաժինը այփիներով գտնի, թե ովքեր են ինձ սպառնում։ Սա առաջին սպառնալիքը չի։ Արդեն մի քանի ամիս է, որ ես աղմկահարույց գործերով եմ զբաղվում, այս ընթացքում իմ ավտոմեքենան են վնասել, հենց դիմում եմ  ոստիկանություն, պարզվում է՝ այդ հատվածում տեսախցիկ չկար։ Կարծես իմ դեմ որս սկսած լինեն»,- եզրափակեց իրավապաշտպանը։

© a1plus.am