«Քֆուր էր անում, խփում էր»․ Վահագն Հարությունյանին մեղադրում են խոշտանգման մեջ

«Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված, ներկայումս հետախուզման մեջ գտնող Վահագն Հարությունյանը կասկածվում է «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» մեջ։

Իսկ մեկ այլ գործով քաղաքացիները Հարությունյանին մեղադրում են իրենց խոշտանգումների ենթարկելու մեջ։

Հատուկ քննչական կոմիտեի պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը պաշտոնանկ է արվել 2018 թվականի հուլիսին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով։ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ պաշտոնանկությունից հետո գտնվում է Մոսկվայում՝ առողջական խնդիրներ լուծելու նպատակով։ Այդ ընթացքում հայտնի դարձավ, որ Ալավերդի քաղաքի բնակիչները նախկին պաշտոնյային մեղադրում են ցուցմունքներ կորզելու նպատակով իրենց նկատմամբ ճնշումներ գործադրելու, հայհոյելու ու հարվածելու մեջ։

Ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելը)։ Սակայն հարցաքննել Հարությունյանին այս գործով դեռ չի հաջողվել, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Գուրգեն Խաչիկյանն ու Աշոտ Խաչատրյանը 2017 թվականի հունիսի 13-ին Ալավերդիում տեղի ունեցած Կամո Փիրուզյանի սպանության գործով բերման են ենթարկվել որպես կասկածյալներ։ Տաքսու վարորդ Գուրգենը պարբերաբար ծառայություններ է մատուցել ալավերդցի գործարար Վահագն Աբգարյանին ու նրա ընտանիքի անդամներին։ Գուրգենը acblog.am-ի հետ զրույցում ասաց, որ մինչ օրս տպավորված ու զարմացած է, թե ուժայիններն իրեն ինչպես են բերման ենթարկել․ «Առավոտյան ժամը 9ն էր, բաղնիքում լվացվում էի, որ գնայի գործի, դուռը ծեծեցին, մայրս բացեց, մասկեքով ու ավտոմատներով մարդիկ մտան ներս։ Էրեխեքը վախեցան, մինչև հիմա ախպորս էրեխեն, ով չի խոսում, ձեռով ավտոմատ ա ցույց տալիս, վախը մեջներն ա, իրիկունը, որ գնդակը ձեռներն ես տալիս, որ գնան խաղան, վախում են, չեն գնում։ Երեք հոգի մասկեքով էին, երկու հոգի էլ՝ քաղաքացիական հագուստով։ Իբր եկել էին մեր տնից զենք զինամթերք փնտրելու, բայց ոչ մի բան չգտան, քանի որ եթե ավտոս էլ քանդես, կարող ա մեջից անգամ ավտոյի կլյուչ չգտնես»։

Գուրգենի խոսքով՝ իրենց Ալավերդիից տեղափոխել են Երևան՝ Հատուկ քննչական կոմիտե, որտեղ հարցաքննվելու ժամանակ սենյակ է մտել ՀՔԿ պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանն ու սկսել հայհոյանքներով խոսել ալավերդցի Վահագն Աբգարյանի մասին, ում սպանության գործով մեղադրանք է առաջադրվել։

«Վահագն Հարությունյանն ինձ հարցրեց՝ ի՞նչ կասես Վահագն Աբգարյանի մասին։ Ասել եմ՝ բարերար, լավ մարդ ա, հենց էդ խոսքի վրա ինձ խփեց։ Քֆուր էր անում, խփում էր․․․աշխարհի վերջին հայհոյանքներն էր տալիս Վահագնին, զգացվում էր, որ ինքը շատ շահագրգռված ա էս գործով»,- կարծում է Գուրգեն Խաչիկյանը։

Նույն գործով մեկ այլ տուժող՝ Աշոտ Խաչատրյանը acblog.am-ին պատմեց, որ Վահագն Հարությունյանն իրեն ևս հայհոյել ու հարվածել է, նաև ասել, որ գնա Ալավերդի ու բոլորին հայտնի, որ Վահագն Աբգարյանն այլևս Ալավերդին չի տեսնելու։ «Մեզ մեղադրանք էին առաջադրել, թե իբր մենք հանցավոր խմբի անդամ ենք, հետո էդ մեղադրանքը վերացրեցին։ Ես հասարակ մարդ եմ, ինձնից ի՞նչ հանցավոր խմբի անդամ»։

Տուժողները պնդում են, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալը փորձել է իրենցից ցուցմունք կորզել՝ ի վնաս Վահագն Աբգարյանի, սակայն չի հաջողվել։ Գուրգեն Խաչիկյանը կարծում է, որ ինքը շատ հզոր մարդ է, քանի որ կարողացել է հաղթել նախորդ ռեժիմի օրոք բարձր պաշտոն զբաղեցնող Վահագն Հարությունյանին։ «Ես հաղթել եմ գեներալին իմ ճշտով, նրանով, որ զուտ ոչ մի բան չեմ գրել, կեղծ ցուցմունք չեմ տվել Վահագն Աբգարյանի դեմ։ Ու արդյունքում իմ կարգավիճակը փոխվեց՝ կասկածյալից ես դարձա տուժող»։

Նշենք, որ Կամո Փիրուզյանի սպանության գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 14-ին։

Արման Ղարիբյան

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: