Ով է Երևանում 1 մլն դրամով հող գնել և 1 տարի անց վաճառել 247 մլն դրամով

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը

հայտարարեց, որ 2006թ.-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղամասում համայնքային հողը վաճառվել է 1 միլիոն դրամով, իսկ մեկ տարի անց գնորդն այն օտարել է 247 միլիոն դրամով: «Հետք»-ը պարզել է այդ գործարքի ժամանակագրությունը, գույքը գնած և վերավաճառած անձանց ինքնությունը:

Այսպես, Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանած Ազատության 26 հասցեի 0.29 հա հողամասը 2006 թ.-ին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ՝ փոխանցվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքին: Մինչ փոխանցումը քաղաքապետին այդ հարցով դիմել էր Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Արայիկ Քոթանջյանը:

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում գտնվող հողամասն՝ իր ջրավազանով, 2006թ.-ի դեկտեմբեր ամսին Քանաքեռ-Զեյթուն համայնքի ավագանին որոշել է վաճառել 1 միլիոն 200 հազար դրամով: Արդեն 2007թ.-ին առքուվաճառքի պայմանագիր է կնքվել Հակոբ Ումրիկյանի հետ:

Հակոբ Ումրիկյանը «Հաղթանակ» զբոսայգու երկարամյա տնօրեն Հակոբ Ումրիկյանի թոռն է: Կրտսեր Ումրիկյանն այժմ բնակվում է Գերմանիայում: Հակոբ Ումրիկյանի հայրը՝ Թորոս Ումրիկյանն, իր «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ով շահագործում է Հաղթանակ զբոսայգու ատրակցիոնները:

Հողակտորը 2008թ.-ին Հակոբ Ումրիկյանից գնել է Կարեն Կյուրեղյանը: Մեզ հասանելի չէ օտարման պայմանագիրը, քանի որ սեփականատերերից բացի, այլ անձանց չի տրամադրվում այն: Ամենայն հավանականությամբ՝ Հայկ Մարությանը 1 տարի անց գույքը 247 միլիոն դրամով վաճառելու մասին հայտարարել է՝ հենց այս գործարքը նկատի ունենալով: Կադաստրի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Կարեն Կյուրեղյանը հողը ձեռք բերելուց հետո՝ 2012թ.-ին, վաճառել է Թամարա Սարգսյանին: Մինչդեռ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Թամարա Սարգսյանը Կարեն Կյուրեղյանի հետ նույն գույքի համասեփականատեր է եղել: Ավելին գույքը գրավադրել են «Բիբլոս Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում Հակոբ Ումրիկյանին պատկանող «Եվրո Էքս Կապիտալ» ՍՊԸ-ի վարկի դիմաց: Բացի դա, Կարեն Կյուրեղյանը հողը առաջինը ձեռք բերած Հակոբ Ումրիկյանի հոր «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի տնօրենն է եղել 2005-2011 թվականներին: Իսկ Թամարա Սարգսյանը Ումրիկյանների հետ նույն հասցեում է հաշվառված: Այսինքն՝ հողի առքուվաճառքի գործարքները կատարվել են իրար հետ փոխկապակցված անձանց մեջ մինչև այն պահը, երբ գրավադրել են գույքը:

Բանկը վարկի գումարը բռնագանձելու պահանջ է ներկայացրել դատարան և «Եվրո Էքս Կապիտալ» ՍՊԸ-ն տարել է սնանկության: Գրավադրված գույքերը, որոնց մեջ է եղել նաև Ազատության պողոտայի հողակտորը, դրվել են աճուրդի: ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել, հողամասն աճուրդում վաճառվել է: Լոտի մեկնարկային գին է սահմանվել 115 մլն դրամ:

Արդեն 2017թ.-ին Թամարա Սարգսյանի գույքը աճուրդում գնել է Մայիս Կամսարյանը, որը նույն թվականին այն վաճառել է Անդրանիկ Էլմասյանին: 2019թ.-ին Անդրանիկ Էլմասյանը հողը վաճառել է 1 մլն դրամ կանոնադրական կապիտալ ունեցող, նորաստեղծ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին, որի միակ բաժնետերը Արտաշես Վարդանյանն է: Հենց այս ՓԲԸ-ին նկատի ուներ Երևանի քաղաքապետը՝ ասելով, որ ցանկանում են շենք կառուցել հողի վրա:

Հայկ Մարությանի հայտարարությունից հետո գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն անդրադարձել էր այս գործարքի վերաբերյալ դատախազությունում 2016թ.-ին տեղի ունեցած ուսումնասիրությանն ու հարուցված քրգործին:

«Անշարժ գույքը օրենքի խախտմամբ է 2006թ. օտարվել կադաստրային արժեքից շուրջ 40 անգամ, իսկ շուկայական արժեքից շուրջ 220 անգամ պակաս արժեքով»,- հայտարարել է Գոռ Աբրահամյանն ու հավելել, որ քրեական հետապնդում չի իրականացվել, քանի որ քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով սահմանված ժամկետներն անցած են եղել: Գլխավոր դատախազի խորհրդականը ներկայացրել է իրավական այն ուղին, որով Երևան համայնքը կարող է վերականգնել իր իրավունքները:

© Hetq.am

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: