«Արաբկիր» մանկական այգու 1 քմ-ը վարձակալել են 160 դրամով. ովքեր են վարձակալները

Կցանկանայի՞ք Երևանի երկրորդ ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող վարչական շրջանի՝ Արաբկիրի զբոսայգիներից մեկում տարածք վարձակալել՝ 1 քմ-ի համար տարեկան վճարելով ընդամենը 160, 270, 440, 650, իսկ առավելագույնը՝ 1600 դրամ։

Նման արժեքով տարածքներ են վարձակալության տրվել «Վահագն Դավթյանի» զբոսայգում, որն ավելի հայտնի է որպես «Արաբկիր» մանկական զբոսայգի։

Այգում տարածքներ է վարձակալել 10 տնտեսվարող։ Նրանց կեսը փաստացի ավելի մեծ տարածքներ է զբաղեցրել, երբեմն՝ մի քանի անգամ ավելի, քան ըստ վարձակալության  պայմանագրի:

Հինգ վարձակալների պայմանագրերի ժամկետն ավարտվել է տարիներ առաջ, նրանցից մեկինը՝ 2010 թվականին։ Թեև վարձակալության պայմանագիր չի վերակնքվել՝ նրանք շարունակում են այգում գործունեություն ծավալել։

Այգում վարձակալած տարածք ունեն ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Մխիթարյանի եղբայրը՝ Անդրանիկ Մխիթարյանը և Աննա Ալեքսանյանը՝ Արաբկիրի դատախազի նախկին տեղակալ Ալեքսան Ալեքսանյանի դուստրը։

Զբոսայգում վարձակալության տրված տարածքներից համայնքը ստանում է տարեկան ընդամենը 1.7 միլիոն դրամի եկամուտ, այնինչ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը վստահեցնում է, որ այգին համայնքին պետք է ապահովեր առնվազն 30 միլիոն դրամի եկամուտ:

Արաբկիրի նախկին թաղապետներին չէին կարող չհետաքրքրել այս այգու վարձակալման գումարներն ու ապահոված եկամուտները, քանի որ այն գտնվում է թաղապետարանի դիմաց։

Զբոսայգում տարածքների վարձակալությունը սկսվել է 1999թ.-ից և ակտիվորեն շարունակվել մինչ 2000-ականների սկիզբը։ Այդ ժամանակ այգին կոչվում էր «Արաբկիր մանկական զբոսայգի»։

Արբանյակից արված լուսանկարներից երևում է, թե 2000-ականներից սկսած, ինչպես են այգու տարածքում ավելացել շինությունները և այգու կանաչ գոտին պակասեցրել՝ կառուցապատման նպատակով։

Այգու 10 վարձակալներից միայն 7-ն է այս պահին գործունեություն ծավալում։ Այստեղ կան սրճարաններ, բիլիարդանոց, գրասենյակային տարածք, կրպակ։

Ամենամեծ տարածքը զբաղեցնում է «Ազնավուր» սրճարանը։ Թեև սրճարանին վարձակալությամբ տրամադրվել է 115 քմ մակերեսով հատված, այն զբաղեցնում է դրանից մոտ 8 անգամ ավելի տարածք՝ 870 քմ մակերեսով։ Այս ամբողջի համար տնտեսվարողը տարեկան վճարում է 19 000 դրամ, այսինքն՝ ամսական մոտ 1500 դրամ։ Պայմանագրով նրան հատկացված 1 քմ տարածքի տարեկան վճարը 165 դրամ է (ամսական 14 դրամից էլ պակաս):

Այս տարածքը 2005 թվականին վարձակալության է տրվել «Պրագա-30» ընկերությանը, որի վարձակալության պայմանագիրն ավարտվել է դեռ 2010 թվականին, ինչից հետո չի վերակնքվել։ Հետագայում ընկերությունն իր գույքը վաճառել է Արտուշ Դավթյանին: Նրա հետ նույնպես վարձակալության պայմանագիր չի կնքվել։

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանն ասում է, որ հանդիպել է «Ազնավուր» սրճարանի տնօրինության հետ, քննարկել են վարձակալության վճարը բարձրացնելու հարցը, սպասում են սրճարանի ներկայացրած ողջամիտ առաջարկին։ «Տնտեսվարողը մեր մասնավոր զրույցի ժամանակ ասում էր՝ ինքը բազմիցս դիմել է քաղաքային իշխանություններին, որ գան, վերակնքեն պայմանագիրը: Ասում է՝ չեն վերակնքել՝ որոշակի իմաստով իրեն կախվածության մեջ դնելու համար՝ հետագայում տարբեր նկատառումներից ելնելով»,- նշեց Դանիելյանը։

Արտուշ Դավթյանն այգում մեկ այլ գույք էլ ունի՝ բիլիարդանոց։ Այն ևս 100 քմ-ից ավելի տարածք է զբաղեցնում։ Դրա համար տնտեսվարողը տարեկան վճարում է 95 հազար դրամ վարձակալության գումար։

Այգում սրճարանային գործունեություն է ծավալում նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Մխիթարյանի եղբայրը՝ Անդրանիկ Մխիթարյանը։ Վերջինիս այգում տարածք է տրամադրվել 2003 թվականին, երբ նրա եղբայր Արմեն Մխիթարյանը ԱԺ պատգամավոր էր, Արաբկիր վարչական շրջանից։

Անդրանիկ Մխիթարյանը պայմանագրով վարձակալում է 160 քմ մակերեսով տարածք, մինչդեռ նրան պատկանող սրճարանը զբաղեցնում է 3 անգամ ավելի մեծ տարածք՝ 470 քմ։ Մխիթարյանի հետ կնքված վարձակալության պայմանագիրն ավարտվում է մի քանի ամսից՝ 2020 թվականի հունվարին։ Վարձակալած յուրաքանչյուր քմ-ի համար Մխիթարյանը վճարում է 1650 դրամ։

Զբոսայգու պայմանագրով ամենամեծ վարձակալը Լևոն Մարգարյանն է՝ «ԻՔՍ պլանետ» մանկական սրճարանի սեփականատերը։ Սրճարանին վարձակալությամբ տրամադրվել է 600 քմ հատված, սակայն վերջինս զբաղեցնում է նաև լրացուցիչ 200 քմ տարածք։ Սրճարանին տարածքը վարձակալությամբ է տրվել 2008 թվականին՝ 21 տարի ժամկետով։ Վարձակալ Լևոն Մարգարյանն ամբողջ տարածքի համար 700 հազար դրամ է վճարում (1 քմ-ի համար՝ 1170 դրամ)։ Մարգարյանը նաև «Ոստան» ռեստորանային համալիրի սեփականատերից մեկն է և «Ձյունիկ սառնարան» մաքսային պահեստի տնօրեն-սեփականատերը։

Ինչպես արդեն հայտնեցինք, այգում վարձակալած տարածք ունի նաև Արաբկիրի դատախազի նախկին տեղակալ Ալեքսան Ալեքսանյանի դուստրը՝ Աննա Ալեքսանյանը։ Նրան 76 քմ մակերեսով վարձակալությամբ տարածք է տրամադրվել 2003 թվականին, պայմանագրի ժամկետն ավարտվել է 2010 թվականին։ Վարձակալած տարածքի համար Ալեքսանյանը տարեկան վճարում է 12 500 դրամ, 1 քմ-ի համար՝ 165 դրամ։ Նա այդ տարածքում ունի նախակրթական ծրագրով զբաղվող գրասենյակ։

Այգու մյուս վարձակալն այգուն կից գործող «DDD» հյուրանոցային և մարզահամալիրի սեփականատեր Հովհաննես Դովլաթյանն է։ Նրան 2002 թվականին հատկացվել է 270 քմ մակերեսով տարածք։ Իր վարձակալած 1 քմ-ի համար վճարում է 660 դրամ և այդ տարածքում սրճարանային գործունեություն է ծավալում։

Այգու տարածքում վարձակալությամբ երկու տարածք ունի «ԳրիգորԱ-2» ընկերությունը՝ ընդհանուր 230 քմ մակերեսով։ Այս ընկերությունը փաստացի զբաղեցնում է 140 քմ մակերեսով ավելի տարածք։ Պայմանագրով յուրաքանչյուր քմ-ի համար տարեկան վճարում է 440 դրամ։ Ընկերությունն իրեն տրված տարածքներում այս պահին գործունեություն չի ծավալում։

Այգում տարածք է վարձակալել նաև «Շուշաննա և Արման» ընկերությունը, որն այս պահին նույնպես գործունեություն չի ծավալում։

Այգում ամենափոքր տարածքը վարձակալության է տրված Ալեքսան Սարգսյանին։ Նրա կրպակը զբաղեցնում է 20 քմ, որի համար տարեկան վճարում է մոտ 17 հազար դրամ (1 քմ-ի համար՝ 820 դրամ)։ Ալեքսան Սարգսյանի հետ վարձակալության պայմանագիրը կնքվել է 2004-2021 թթ. ժամկետով։

Այս օրինակները ցույց են տալիս, որ վարձակալների մի մասը «Վահագն Դավթյան» այգում զավթել է հատկացված տարածքից ավելին, վարձակալության և գույքահարկի համար վճարում է չնչին գումարներ, իսկ քաղաքացիներին զրկում է այգին ըստ նպատակի օգտագործելուց։

Վերանայվելու են այգու բոլորվարձակալների հետ կնքվածպայմանագրերը

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանն ասում է, որ Արաբկիրն աղքատիկ է այգիներով և պուրակներով, եղածների մի մասն էլ տրամադրված է մասնավորին։ Վարչական շրջանի ղեկավարությունն իր նախաձեռնությամբ սկսել է ուսումնասիրել, թե ինչ արդյունավետությամբ են մասնավորին հատկացված տարածքները օգտագործվում։

«Եթե հանրությունն իր ժամանակը չի անցկացնում այգում, ուրեմն պետք է դրանից վերցրած վարձակալության վճարներով կարողանաս այլ տեղ, այլ հանրային բարիքի մասնակցություն ունենաս»,- ասում է նա։

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունը «Վահագն Դավթյան» այգու բոլոր վարձակալների հետ կնքված պայմանագրերը վերանայելու է։ Արամ Դանիելյանն ասում է, որ որևէ տնտեսվարողի նկատմամբ արտոնյալ պայմաններ չեն սահմանելու. իրենց համար կարևոր է այգու ռեսուրսի ճիշտ օգտագործումն ու համայնքի համար հավելյալ եկամուտների ապահովումը։

Վարչական շրջանի ղեկավարությունն այգու բոլոր վարձակալներին հրավիրելու է բանակցությունների՝ քննարկելու վարձավճարների չափը բարձրացնելու հարցը։ Արամ Դանիելյանն ասում է՝ եթե տնտեսվարողների հետ գան ընդհանուր հայտարարի, իրենք պատրաստ կլինեն իրական վարձավճարներին մոտ գնով վերակնքել վարձակալության պայմանագրերը: Եթե ոչ՝ տվյալ տարածքը կդնեն վարձակալության մրցույթի և առավել բարձր գին առաջարկած տնտեսվարողի հետ կկնքեն վարձակալության պայմանագիր։

«Ցանկանում ենք նաև տնտեսվարողների համար լինել կանխատեսելի և ասենք՝ հարգելիներս, այսուհետ արդեն հանրային ռեսուրսը, միջոցը իրական գներին մոտ գներով պետք է ձեզ առաջարկվի, և եթե համաձայն եք, խնդրեմ։ Այդ գներով պետք է նոր պայմանագրեր կնքվի կամ վերակնքվի»,- նշում է Դանիելյանը։

Վարչական շրջանի ղեկավարի գնահատմամբ՝ հնարավոր չէր, որ նախկին ղեկավարները չնկատեին տարածքների՝ նման ցածր վարձավճարով տրամադրման հանգամանքը: «Պետական պաշտոնյայի կողմից հանրային ռեսուրսի նկատմամբ վերաբերմունքը եղել է կամ մակերեսային, կամ առնվազն նայել են մատների արանքով, որովհետև 19 հազար դրամ կամ մի փոքր ավելի վարձավճարով սրճարան, մեղմ ասած, որևիցե աղերս չունի իրականության հետ, որովհետև եթե համեմատության մեջ նայենք, Արաբկիրում 15 քմ մակերեսով մեկ ավտոտնակի հողի տարեկան վարձավճարը 11-13 հազար դրամ է»:

Արամ Դանիելյանը չի մեղադրում տնտեսվարողներին՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո գործունեություն ծավալելու համար. «Եթե նրանցից՝ որպես տնտեսվարողի, ավելին չեն պահանջում, իրենք չէ, որ պետք է գային, ասեին՝ ինձնից ինչու ավելի շատ գումար չեք ուզում, որովհետև ես պետք է տամ դա։ Իմ կարծիքով՝ եթե ռեսուրսը պատկանում է քաղաքային իշխանությանը, նա է դրա պատասխանատուն, նա պետք է իր միջոցները ճիշտ կառավարեր կամ չփոշիացներ։ Ես սրանում փոշիացում եմ տեսնում» ։

© Hetq.am

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: