• June 30, 2019

Դատավորի ամուսինը 65 միլիոն դրամի նվիրատվություն է ստացել

Դատավորի ամուսինը 65 միլիոն դրամի նվիրատվություն է ստացել

Մարգարիտա Հարթենյանը 2008-2014 թվակններին զբաղեցրել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը:

2014 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն, 2011 թվականին, երբՄարգարիտա Հարթենյանը զբաղեցնում էր Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հայտարարագրել է.

  • 15 միլիոն դրամ,
  • 5000 ռուբլի,
  • 35 հազար դոլար
  • 50 հազար եվրո:

Նրա եկամուտը ստացվել է 3 աշխատավարձից և կազմել 4 միլիոն 742 հազար դրամ:

2012 թ-ին նրա դրամական միջոցներում փոփոխություն չի կատարվել: եկամուտները կրկին ստացվել են 3 աշխատավարձերից և կազմել 4 միլիոն 946 հազար դրամ:

2013 թ-ին նրա խնայողնութունները կազմել են՝ 15 միլիոն դրամ, 35 հազար դոլար 50 հազար եվրո: 3 աշխատավարձերից ստացված եկամուտը կազմել է շուրջ 5 միլիոն դրամ:

2014թ-ին՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելիս Մարգարիտա Հարթենյանը հայտարարագրել է 15 միլիոն դրամ, 35 հազար դոլար 50 հազար եվրո և 4 աշխատավարձից ստացված եկամուտը՝ 5 միլիոն 192 հազար դրամ:

2014 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն, նրա դրամական միջոցները մնացել են նույնը, իսկ եկամուտը ստացվել է 5 աշխատավարձերից՝ կազմելով 6 միլիոն 801 հազար դրամ:

2015-2017 թ-ներին դատավորի դրամական միջոցները մնացել են անփոփոխ, իսկ եկամուտները ստացվել են 2015 թ-ին 6 աշխատավարձերից՝ 8 միլիոն 387 հազար դրամ, 2015 և 2016 թ-ներին՝ 5 աշխատավարձերից՝ 8 միլիոն 672 հազարական դրամ:

2018 թ-ին դատավորի դրամական միջոցները փոքր ինչ նվազել են՝ կազմելով  12,5 միլիոն դրամ, 35 հազար դոլար 50 հազար եվրո: 4 Աշխատավարձերից ստացված եկամուտը կազմել է 8 միլիոն 606 հազար դրամ:

Դատավոր Մարգարիտա Հարթենյանի ամուսինը՝ Տիգրան Մարտիրոսյանը հայտարարագրել է.

  • 2011 թ. – աշխատավարձից ստացված եկամուտը՝ 371 հազար դրամ:
  • 2012 թ. – շարժական գույքի հետ կապված 4 գործարք է կատարվել, թե ինչ՝ չի նշվում: Եկամուտները ստացվել են 3 աղբյուրից՝ աշխատավարձից և ստացած երկու փոխառությունից՝ կազմելով 9 միլիոն 123 հազար դրամ:
  • 2013 թ. – ոչինչ չի հայտարարագրվել:
  • 2014 թ. – աշխատավարձից ստացված եկամուտը՝ 552 հազար դրամ:
  • 2015 թ. – աշխատավարձից ստացված եկամուտը՝ 2 միլիոն 727 հազար դրամ:
  • 2016 թ. – 2 միլիոն 700 հազար դրամի դիմաց օտարել է BMW 520 մակնիշի ավտոմեքենան: Նրա եկամուտը կազմել է 5 միլիոն 642 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և գույքն օտարելու դիմաց ստացված եկամուտից:
  • 2017 թ. – 1 միլիոն 296 հազար դրամի դիմաց ձեռք է բերել Honda Fit 1.3 մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները կազմել են 1,5 միլիոն դրամ, իսկ աշխատավարձից ստացված եկամուտը՝ 3 միլիոն դրամ:
  •  2018 թ. – դատավորի ամուսինը 65 միլիոն դրամ արժողությամբ ձեռք է բերել անհատականբնակելի տուն: Նրա դրամական միջոցները կազմել են 1,5 միլիոն դրամ: Տարեկան եկամուտներից պարզ է դառնում, որ նա 65 միլիոն դրամի նվիրատվություն է ստացել (որքան որ արժեցել է ձեռքբերված տունը), աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 3 միլիոն 183 հազար դրամ:

Դատավորի դստեր՝ Վիկտորյա Մարտիրոսյանի 2017-18 թվականների հայտարարագրերում ոչինչ նշված չէ:

Ստորև կարող եք ծանոթանալ նաև դատավորի կենսագրությանը:

Մարգարիտա Հարթենյանը ծնվել է 1979 թվականին Երևան քաղաքում:

1999 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2001 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:

2004 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի նախագահի օգնական:

2005 թվականին հանդիսացել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմում՝ Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար:

2005 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական:

2006 թվականին զբաղեցրել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության պետի պաշտոնը:

2006 թվականի նոյեմբերից աշխատել է ՀՀ Արդարադատության խորհրդի քարտուղար:

2008 թվականի հունվարից աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2014 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

2015 թվականից ՀՀ արդարադատության խորհրդի անդամ է:

2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում:

© Iravaban.net