«Սուրիկ Խաչատրյանի սնանկ ճանաչվելու փաստը ապացույց է, որ նախկինում իշխանությունը եղել է հարստանալու միջոց»

Այս տարվա հունվարի 1-ից ստեղծված սնանկության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Բաբայանի, վճռել է սնանկ ճանաչել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Սուրիկ Խաչատրյանին սնանկ ճանաչելու դիմողը եղել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն։

Ընկերության ներկայացուցիչ Գեղամ Թադևոսյանը դիմել էր դատարան և խնդրել, որ Սուրիկ Խաչատրյանը ճանաչվի սնանկ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Գրիգորյանի 20.12.2018թ. որոշմամբ դիմումը վերադարձվել էր: «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության ներկայացուցչի կողմից կրկին ներկայացվել է դիմում, որը դատարանի 21.01.2019թ.-ի որոշմամբ ընդունվել էր դատարանի վարույթ, և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ էր նշանակվել Տիգրան Սահակյանը:

Դատական նիստում դիմողի ներկայացուցիչը դատարանին հայտնել էր, որ «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության և Սուրիկ Խաչատրյանի միջև 07.07.2017թ. կնքվել է վարկային գծի պայմանագիրը, ըստ որի՝ Սուրիկ Խաչատրյանին տրամադրվել է 1.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային գիծ, իսկ վարկառուն պարտավորվել է մինչև 07.07.2020թ. վերադարձնել ստացված վարկը և տարեկան 10% վճարել դրանից: Խաչատրյանի կողմից, սակայն, վարկային պարտավորությունները չեն կատարվել։ Դատարանը նաև արգելանք է դրել Սուրիկ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա՝ բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել։

Հիշեցնենք, որ հեղափոխությունից անմիջապես հետո՝ 2018-ի հունիսին, մամուլը գրեց, որ Սուրիկ Խաչատրյանը ընտանիքի հետ լքել է երկիրը, երկրից հանել է նաև իր բոլոր բիզնեսները։ Ըստ նույն լուրերի՝ նա ընտանիքի հետ մշտական բնակության է մեկնել ԱՄՆ։ Թեև եղան հրապարակումներ, որ Սյունիքի նախկին մարզպետը Ֆրանսիայում է, Լիոն քաղաքում։

Սուրիկ Խաչատրյանի երկրպագու, բայց նախկինում նրա թշնամի Սամվել Հարությունյանը մեզ հետ զրույցում լսելով Սուրիկ Խաչատրյանի սնանկ ճանաչվելու պատճառների վերաբերյալ մեր հարցը՝ ասաց, որ չի ցանկանում խոսել, երբ ցանկանա խոսել, ասուլիս կհրավիրի։ Սուրիկ Խաչատրյանի մեկ այլ ջատագով էլ՝ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը, ինչպես նաև Խաչատրյանի փաստաբանը առհասարակ չպատասխանեցին մեր զանգերին։

Սուրիկ Խաչատրյանին սնանկ ճանաչելու դատարանի որոշումից հետո երկու օր է՝ կարծիքներ են հնչում, որ սա, ըստ էության, յուրօրինակ մեխանիզմ է, որով նախկին օլիգարխները փորձելու են առաջիկայում հնարավոր քրեական գործերի շրջանակներում խուսափել պետությանը պատճառված վնասի հատուցումից։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով, սակայն, դեռ վաղ է նման գնահատական տալը: «Սնանկության ճանապարհով խուսափել հետագայում պետությանը պատճառված վնասը փոխհատուցելուց չի հաջողվելու, որովհետև այնուամենայնիվ կա գույք, որը գուցե իրենց անունով չէ, այլ նրանց հետ կապակցված անձանց անուններով է, որը շատ հեշտ է հայտնաբերելը»,- ասաց Սաքունցը։

Նրա խոսքով՝ այս մեկ դեպքը վառ ապացույցն է իրենց նախկինում արած պնդումների, թե՝ իշխանությունը զուտ հարստանալու գործիք է: «Փաստորեն իշխանության մեջ սնանկ չեն, իսկ հենց իշխանությունից զրկվում են՝ սնանկ են դառնում։ Սա արձանագրումն է այն բանի, որ նախկինում իշխանությունը եղել է հարստանալու միջոց։ Սա ուղղակի ապացույց է։ Մարզպետ եղած ժամանակ Սուրիկ Խաչատրյանը կամ ՀՀԿ-ական այլ մարզպետ երբեք սնանկ չի ճանաչվել բանկի կողմից։ Որևէ բանկ երբեք չի դիմել դատարան, որ որևէ պաշտոնյայի սնանկ ճանաչեն։ Այնպես որ՝ քանի որ իշխանությունը փոխվել է, և կա հստակ քաղաքական կամք՝ պայքարել կոռուպցիայի դեմ, ապա կարելի է շատ հեշտությամբ միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակներում ապօրինի հարստացման իրավական կարգավորման շրջանակներում բռնագանձել այդ գույքը, որը թեկուզ տեղափոխվել է արտերկիր։ Այնպես որ՝ սնանկ ճանաչվելը պարզունակ քայլ է պատասխանատվությունից խուսափելու համար։ Բացի այդ, Սուրիկ Խաչատրյանը սնանկ ճանաչվելուց առաջ լավ կաներ ասեր, թե ինչ ճանապարհով է ձեռք բերել այն գույքը, որը բանկում գրավադրելով ստացել էր 1 միլիոն դոլարի վարկ»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ ցավալի է նաև այն, որ ներկայումս դատարանները դեռևս ներքաշվում են նման պրոցեսների մեջ և իրենց որոշումներով աջակցում են նախկին օլիգարխներին: «Բայց թերևս դրա վերջն էլ կգա»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Լուսանկարը՝ Photolure-ի

© 1in.am

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: