• June 9, 2019

Դատավոր Սերժիկ Ավետիսյանը 50 հազար դոլար, նրա կինը՝ 100 հազար դոլար և 16 միլիոն դրամ, իսկ աղջիկը՝ 14,5 միլիոն դրամ նվիրատվություն են ստացել

Դատավոր Սերժիկ Ավետիսյանը 50 հազար դոլար, նրա կինը՝ 100 հազար դոլար և 16 միլիոն դրամ, իսկ աղջիկը՝ 14,5 միլիոն դրամ նվիրատվություն են ստացել

Սերժիկ Ավետիսյանը վճռաբեկ դատարանի քրեական պալատում է աշխատում դեռևս 2012 թվականից: 2016 թվականից մինչև 2018 թվականը նա զբաղեցրել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը: Այժմ նույն դատարանում պաշտոնավարում է որպես դատավոր։

Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:

Սերժիկ Ավետիսյանի 2011 թվականին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն, նրա դրամական միջոցները կազմել են 2,5 միլիոն դրամ: Եկամուտները կազմել են 14 միլիոն 642 հազար դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձից և այլ եկամուտից:

2012 թվականին՝ վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է.

  • ավտոտնակ,
  • 2 միլիոն դրամ,
  • 8 միլիոն 567 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է այլ եկամուտից և երկու աշխատավարձից:

2012 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն, նրա դրամական միջոցները նվազել են՝ կազմելով 200 հազար դրամ, եկամուտները հարկային տարվա վերջում կազմել են 8 միլիոն 247 հազար դրամ, որը ստացվել է այլ եկամուտից և երկու աշխատավարձից: Սերժիկ Ավետիսյանը 2012 թ-ին 50 հազար դոլար նվիրատվություն է ստացել: 

2013 թվականին նրա դրամական միջոցները կազմել են 900 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 16 միլիոն 175 հազար դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձից և կենսաթոշակից:

2014 թ-ին դատավորի խանյողություններն ավելացել են՝ կազմելով 2 միլիոն դրամ: Եկամուտները կազմել են 16 միլիոն 753 հազար դրամ, որը կրկին ստացվել է 2 աշխատավարձից և կենսաթոշակից:

2015 թ-ին նա հայտարարագրել է 3 միլիոն դրամ: Այդ տարի նրա եկամուտները կազմել են 18 միլիոն 973 հազար դրամ, ստացվել նույն աղբյուրներից՝ ինչ նախորդ երկու տարում:

2016 թ-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը զբաղեցնելիս Սերժիկ Ավետիսյանը հայտարարագրել է 4 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 14 միլիոն 613 հազար դրամ:

Հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները հասել են 6,5 միլիոն դրամի, եկամուտները՝ 20 միլիոն 539 հազար դրամի:

2017 թվականին Սերժիկ Ավետիսյանի խնայողությունները կազմել են 6 միլիոն դրամ: Նրա եկամուտները ստացվել են 2 աշխատավարձից և կենսաթոշակից՝ կազմելով 21 միլիոն 431 հազար դրամ:

2018 թ-ին նրա դրամական միջոցները կազմել են 6,5 միլիոն դրամ, եկամուտները՝ 19 միլիոն 690 հազար դրամ:

Սերժիկ Ավետիսյանի կինը` Էվելինա Ավետիսյանը հայտարարագրել է.

  • 2011 թվականին՝ 40 հազար դոլար, 
  • 2012 թ-ին նա 115 հազար դոլար արժողությամբ INFINITI QX 56 մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել:  Դրամական միջոցները կազմել են  5000 դոլար:
  • 2013 թ-ին դատավորի կինը 52 միլիոն 800 հազար դրամի դիմաց ձեռք է բերել հողամաս:Դրամական միջոցները կազմել են 50 հազար դոլար: Էվելինա Ավետիսյանը հարկային տարվա սկզբում 70 հազար դոլար արժողությամբ ներդրում է կատարել, հարկային տարվա վերջում արժեքը կազմել է 50 հազար դոլար: Նրա եկամուտներն այդ տարում կազմել են 80 հազար դոլար:
  • 2014 թ-ին նրա ներդրումները կազմել են 40 հազար դոլար, դրամական միջոցները՝ 50 հազար դոլար, նա 2 աղբյուրից 100 հազար դոլար նվիրատվություն է ստացել: 
  • 2015 թվականի հայտարարգրում ոչինչ նշված չէ:
  • 2016 թվականին դատավորի կինը 3 միլիոն դրամ նվիրատվություն է ստացել:
  • 2017 թ-ին Էվելինա Ավետիսյանը 5 միլիոն դրամ նվիրատվություն է ստացել:
  • 2018 թ-ին Սերժիկ Ավետիսյանի կինը ստացել է 8 միլիոն դրամ նվիրատվություն:

Դատավոր Սերժիկ Ավետիսյանի դուստրը Էդիտա Ավետիսյանը

  • 2016 թվականին 5,5 միլիոն դրամ նվիրատվություն է ստացել,
  • 2017 թվականին ստացել է 5 միլիոն դրամ նվիրատվություն,
  • 2018 թվականին՝ 4 միլիոն դրամի նվիրատվություն:

Դատավորի մյուս դստեր՝ Էլեն Ավտիսյանի 2014, 20152016 թվականների հայտարարագրերում ոչինչ նշված չէ:

Դատավորի որդին՝ Տիգրան Ավետիսյանը, 2017 թ-ի հայտարարագրի համաձայն եկամուտ է ստացել, թե ինչ չափով և ինչ աղբյուրից՝ չի նշվում: 2018 թվականի հայտարարագրում ոչինչ նշված չէ:

 

Ձեզ ենք ներկայացնում նաև Սերժիկ Ավետիսյանի կենսագրությունը.

Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը ծնվել է 1966 թվականին, Տաշիրի շրջանում։

1983 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ:

Առաջին կուրսն ավարտելուց հետո 1984 թվականին զորակոչվել է ժամկետային զինվորական ծառայության:

1986 թվականին ընդունվել է ԽՍՀՄ-ի Պաշտպանության նախարարության Կարմրադրոշ ռազմական ինստիտուտի ռազմաիրավաբանական ֆակուլտետ (ք. Մոսկվա), և 1991 թվականին գերազանցությամբ ավարտել է:

ԽՍՀՄ Նախագահի 1991 թվականի օգոստոսի 4-ի հրամանագրով նշանակվել է Անդրկովկասյան օկրուգի Հայաստանում տեղակայված 7-րդ բանակի 59-րդ զինվորական տրիբունալի դատավոր:

1993 թվականից զինվորական ծառայությունը շարունակել է ՀՀ պաշտպանության նախարարության պայմանագրերի և արտաքին հարաբերությունների վարչությունում՝ որպես խմբի սպա, ավագ սպա, բաժանմունքի պետ (ունի պահեստի արդարադատության փոխգնդապետի զինվորական կոչում):

1995 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից ընտրվել է Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի դատավոր:

ՀՀ Նախագահի 1997 թվականի օգոստոսի 15-ի հրամանագրով նշանակվել է Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի նախագահ` Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահի տեղակալ, 1997 թվականի դեկտեմբերի 18-ի հրամանագրով՝ նաև Գերագույն դատարանի նախագահության անդամ:

ՀՀ գերագույն դատարանի լուծարման կապակցությամբ 1998 թվականի օգոստոսից կատարել է ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պարտականությունները:

ՀՀ Նախագահի 1999 թվականի հունվարի 5-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական և զինվորական գործերով դատարանի դատավոր:

ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 20-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

2016 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը, այժմ նույն դատարանում պաշտոնավարում է որպես դատավոր։

1999 թվականից մինչև 2004 թվականն եղել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ:

1995 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ: Դասավանդել է Երևանի պետական համալսարանում, Կառավարման ակադեմիայում և այլ բուհերում: 2004 թվականից դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:

1998 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ` կապված Հայաստանի քրեական իրավունքի զինվորական ասպեկտների համալիր հետազոտման և նոր զինվորական հանցագործությունների տեսական մոդելի մշակման ու ներկայացման հետ:

2005 թվականի մարտի 31-ին ՌԴ Արդարադատության նախարարության Ռուսաստանյան իրավական ակադեմիայի մասնագիտական խորհրդում, քրեական իրավունքի բնագավառում պաշտպանել է դոկտորական թեզը, ունի Ռուսաստանի և Հայաստանի իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Հեղինակ է 120 գիտական, ուսումնական, ուսումնամեթոդական աշխատանքների, այդ թվում 10 մենագրությունների, 5 դասագրքերի և ուսումնական ձեռնարկների, 90-ից ավելի գիտական հոդվածների և միջազգային զեկույցների, որոնք լույս են տեսել Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Բուդապեշտում, Գերմանիայում, Լեռնային Ղարաբաղում: Համահեղինակ է նաև Սանկտ Պետերբուրգում առաջին անգամ 35 հատորով լույս տեսնող «Քրեական իրավունքի հանրագիտարանի»:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 26-ի որոշմամբ շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում` «իրավաբանություն» մասնագիտությամբ:

Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի 2011 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ շնորհվել է «համալսարանի վաստակավոր պրոֆեսորի կոչում»:

ՀՀ կառավարությանն առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանով նշանակվել է Հայ-ռուսական համալսարանում գործող ՀՀ ԲՈՀ-ի իրավագիտության 063 մասնագիտական խորհրդի նախագահ:

ՀՀ Նախագահի 2011 թվականի սեպտեմբերի 3-ի հրամանագրով ՀՀ Անկախության տոնի առթիվ, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար Սերժիկ Ավետիսյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

2016 թվականին նշանակվել է «Կրիմինալիստների և կրիմինոլոգների միություն» տարածաշրջանային հասարակական կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության նախագահ:

Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ պարգևատրվել է ոսկե մեդալով:

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի սեպտեմբերի 24-ի N 934-Ա/2 հրամանով Ս.Ավետիսյանը ընդգրկվել է «Արդյունավետ գիտաշխատող – 2016» մրցույթի շահառուների ցուցակում:

ՀՀ Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 7-ի հրամանագրով Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, իրավագիտության զարգացման և օրինականության ամրապնդման գործում ունեցած նշանակալի վաստակի համար շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018 թվականի հունիսի 6-ի N 568-Ա/2 հրամանով Ս.Ավետիսյանը ընդգրկվել է «Արդյունավետ գիտաշխատող-2017» մրցույթի շահառուների ցուցակում:

© Iravaban.net