41,7 մլն դրամ հափշտակվել է. չարաշահումներ են հայտնաբերվել Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել։

Ինչպես հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում, 2009-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում, տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։

Հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում, նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41,720,929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով և ուղարկվել նախաքննական մարմին։

Քննությունը շարունակվում է։

Նշենք, որ վերոնշյալ ժամանակահատվածում Դավթաշեն վարչական շրջանը ղեկավարել է երկու անձ՝ Արթուր Գեւորգյանը, որն այնուհետեւ ընտրվեց ԱԺ պատգամավոր ու Ռուսլան Բաղդասարյանը:

Արթուր Գեւորգյանը 2008 թ. մայիսի 18-ին ընտրվել է Դավթաշեն համայնքի ղեկավար, իսկ 2009 թ-ի հունիսի 15-ին, երբ արդեն փոխվել էր Երեւանի մասին օրենքը, նշանակվել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։ Այս պաշտոնում նա եղել է մինչեւ 2012 թ-ը: Այնուհետեւ ընրվել է ԱԺ պատգամավոր, եղել ՀՀԿ ֆրակցիայի անդամ:

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի թափուր պաշտոնում նշանակվել է Արթոր Գեւորգյանի բարեկամը՝ Ռուսլան Բաղդասարյանը, որն այդ պաշտոնին հրաժեշտ տվեց այցյալ տարի՝ թավշյա հեղափոխությունից հետո:

Ռուսլան Բաղդասարյանն Արթուր Գեւորգյանի հետ բարեկամական կապեր ունի: Արթուր Գեւորգյանը Դավթաշենի առաջին թաղապետ Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո) եղբորորդին է, Ռուսլան Բաղդասարյանը՝ Ռուբեն Գեւորգյանի քրոջ որդին է։

© Armtimes.com

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: