Հովիկ Աբրահամյանի ազգականի ընկերությունը քանդում է քաղաքացու հիմնած այգին

Երևան քաղաքի Շիրակի փողոց 2/15 հասցեում շարունակվում է ծառերի սպանդը: Նշված հասցեում 7000 քմ հողակտորի սեփականատերը «Արտաշատ սիթի» ՍՊԸ-ն է, որի հիմնադիրը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական Գագիկ Պողոսյանն է: Հողակտորը ՍՊԸ-ի սեփականությունն է դարձել 2010 թ-ին, այն գնվել է աճուրդով, սակայն հողակտորը մինչև աճուրդը մշակել է քաղաքացի Սամվել Մկրտչյանը: Վերջինս պարտաճանաչ վճարել է ջրի ոռոգման գումարը, տնկել 100-ավոր ծառեր 4000 քմ հողակտորի վրա: Մնացած 3000 քմ հողակտորը մշակել են տարբեր անձինք, սակայն այսօր այն անմշակ է:

«Արտաշատ սիթի» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն այսօր 2 էքսկավատոր էին վարձել և ծառերը հողին էին հավասարեցնում: Սամվել Մկրտչյանը փորձում էր կանխել կատարվողը և պառկում էր էքսկավատորի անիվների դիմաց: Ժամանակավոր դադարներով՝ ծառերը շարունակում էին արմատախիլ անել:

Տարածքում էր Սամվել Մկրտչյանի ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Ասատրյանը, որը փորձում էր բացատրել ՍՊԸ-ի ներկայացուցիչներին, որ պետք է դադարեցնեն իրենց աշխատանքը: «Մենք ներկայացրել ենք դատարան քաղաքապետի՝ աճուրդ անցկացնելու մասին որոշումը վիճարկող հայց, որի համար 2 ամսվա ժամկետ գոյություն ունի: Քանի որ Սամվել Մկրտչյանը նոր է տեղեկացվել իր իրավունքների խախտման մասին, նա ունի վարչական ակտը վիճարկելու իրավունք»,- ասաց Անահիտ Ասատրյանը:

«Արտաշատ սիթի» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ Մհեր Ավագյանը մեր հետ զրույցում ասաց, որ ծառերը տեղահան անելու համար որևէ թույլտվություն հարկավոր չէ, քանի որ հողը սեփականության իրավունքով պատկանում է «Արտաշատ սիթի» ՍՊԸ-ին:

Վերջինիս պահանջով տարածքում էին նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի ոստիկանները, որպեսզի հասարակական կարգը պահպանեն: Այգին հիմնած Սամվել Մկրտչյանը հայտարարեց, որ եթե ծառերը տեղահան արվեն, ապա վաղը ինքը կինքնահրկիզվի կառավարության դիմաց:

© Hetq.am

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: