ԴԱՀԿ չարաշահման գործով. ՍԴ նախագահին կկանչե՞ն պատասխանատվությանն

Ինչպես հայտնի է, 2019 թվականի ապրիլի 15-ին ՀՔԾ-ն Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին օֆշորի գործով ներգրավել է որպես մեղադրյալ:

Սակայն որտե՞ղ էր այդ ժամանակվա ՀՀ արդարադատության նախարար, ներկայումս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, երբ Միհրան Պողոսյանը «ԴԱՀԿ» փողերն էր վատնում: Ըստ նախաքննական մարմնի` Միհրան Պողոսյանը, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին: Նրանք, որպես նշված բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել եւ համապատասխան պաշտոններից բխող պարտականություններ չեն իրականացրել, այլ կատարել են Միհրան Պողոսյանի անձնական բնույթի հանձնարարությունները, սակայն վերջինիս հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարումներ` ընդհանուր 44.199.463 դրամի չափով: Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար` 44.199.463 ՀՀ դրամ: Ավելին, ըստ ՀՔԾ-ի, Միհրան Պողոսյանը 2011-2016թթ.-ի ընթացքում իրեն վստահված պետական միջոցներով ԴԱՀԿ ծառայության կարիքների համար նախատեսված գնման գործընթացում իր կողմից 1997թ.-ին հիմնադրված, այնուհետև իբրեւ այլ կազմակերպությանը վաճառված, սակայն փաստացի իր կողմից կառավարվող, առեւտրային գործունեություն իրականացնող «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել ընդհանուր 211.158.000 դրամ արժողությամբ 32 հատ «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից 20 հատը` նույն ժամանակահատվածում իրական իրացման արժեքից շուրջ 20.000.000 դրամ ավելի բարձր գնով, ինչի հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Ինչպես հայտնի է, Միհրան Պողոսյանը Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության պաշտոնին նշանակվել է 2008 թ. հունիսի 11-ին, իսկ այդ պաշտոնից ազատման դիմում է գրել 2016 ապրիլի 18-ին. «օֆշորի» քրեական գործից հետո հրաժարական տվեց: Սակայն, ինչպես հայտնի է, ԴԱՀԿ ծառայությունը գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ, ինչը ցույց է տալիս մեկ բան, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ունեցել է ղեկավարներ: Իսկ, ահա, նրա ղեկավարը եղել է ներկայումս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Ուսումնասիրելով նրա կենսագրությունը` նկատենք, որ նա 2010թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար, իսկ, ահա, այդ պաշտոնից ազատվել է 2014 թ. ապրիլի 30-ին: Ըստ էության, Հրայր Թովմասյանը, շուրջ 4 տարի լինելով ՀՀ արդարադատության նախարար, արդյոք տեղյակ չի՞ եղել, թե ինչ է կատարվում ԴԱՀԿ ծառայությունում, ինչ է անում իր ենթակա Միհրան Պողոսյանը: Միգուցե Հրայր Թովմասյանը տեղյակ է եղել, ու իր ենթակայի հետ համաձայնության արդյունքում գումարները մեջ-մեջ են արել, կամ էլ տեղյակ չի եղել, եւ Միհրան Պողոսյանը, տեսնելով, որ իր ղեկավարը տեղում չէ, ինչ ցանկացե,լ արել է, եւ, առհասարակ, միգուցե Հրայր Թովմասյանը տեղյակ է եղել, սակայն հաշվի առնելով, որ Միհրան Պողոսյանը հովանավորչություն ունի Բաղրամյան 26-ից` աչք է փակել այդ հանգամանքի վրա: Ամեն դեպքում, երբ ԱԺ-ում 2013թ. բարձրացվել էր Միհրան Պողոսյանի հետ կապված այս հարցը, այն ժամանակ նախարար Հրայր Թովմասյանը, պատգամավորի հարցին ի պատասխան, շտապել էր հայտնել. «Ես զարմանում եմ Ձեր զարմանալու վրա եւ Ձեր իրավաբանական գիտելիքների ցածր մակարդակի վրա, որովհետեւ ՍՊԸ-ի հիմնադիրն ու ՍՊԸ-ն, այս պահին բաժնեմաս ունենալն ու նրա ղեկավարելը, Ձեզ 1-ին կուրսի իրավաբանը կապացուցի, որ դրանք տարբեր բաներ են։ Եթե ես 25 տարի առաջ մեքենա եմ գնել, հետո այդ մեքենան վաճառել եմ իքսի, եւ դա ինչ-որ փուլում եղել է իմ մեքենան, դա չի նշանկում, որ այդ մեքենայի հետ այս փուլում որեւէ առնչություն ունեմ։ Ես նման մեքնաներ ունեցել եմ»։ Սակայն հաշվի առնելով իրավիճակը` նախաքննական մարմինը պետք է այս գործի շրջանակում նաեւ հարցաքննության հրավիրի Միհրան Պողոսյանի գործունեության ընթացքում նրա անմիջական ղեկավարներին` ի դեմս երկարակյաց նախարար Հրայր Թովմասյանի, քանի որ նա, հանդիսանալով ՀՀ արդարադատության նախարար, չի կատարել իր նախարարի պարտականությունները. պետության փողերը «մեջ-մեջ» են արվել: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հատուկ քննչական ծառայություն` պարզելու համար, թե արդյոք Հրայր Թովմասյանը հարուցված քրեական գործով ներգրավված է, թե ոչ, եւ, առհասարակ, նրան հարցաքննության հրավիրել են` պարզելու համար, թե նա տեղյակ է եղել Միհրան Պողոսյանի գործողություններից: Ի պատասխան` լրատվական բաժնից հայտնեցին, որ չեն մեկնաբանում: Նախաքննությունը շարունակվում է:

© Armlur.am

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: