• April 8, 2019

Համայնքային գույքի սահուն անցումը Սեդրակյաններին ու նրանց մերձավորներին

Համայնքային գույքի սահուն անցումը Սեդրակյաններին ու նրանց մերձավորներին

Էրեբունի համայնքի անշարժ գույքը տարիներ առաջ օտարվել է Էրեբունի համայնքի նախկին ղեկավար, նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին ու նրա մերձավորներին: Նրա ղեկավարած տարիներին «Վարդավառ» զբոսայգու տարածքի զգալի մասը դարձել է որդու, եղբոր և մերձավորների սեփականությունը:

Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Վարդավառ» զբոսայգու տարածքի չորս շինությունները, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 2694.05 քմ, Դավիթ, Վարդան Սեդրակյաններին և «Դավիթ-Արտակ ընկերներ» ՍՊԸ-ին են հանձնվել մեկ օրում` 2004թ. օգոստոսի 12-ի որոշումներով: Ըստ Երևանի քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության՝ այդ շինություններից մեկը 84.6 քմ մակերեսով գարեջրի սրահ է եղել, որը վաճառվել է Մհեր Սեդրակյանի եղբորը՝ Վարդան Սեդրակյանին: Վերջինիս և ընտանիքի 5 անդամներին նվիրատվության պայմանագրով օտարվել է նաև 1807քմ մի շինության տարածք, որը կառուցվել է հենց Վ. Սեդրակյանի կողմից:

Նույն օրը օտարված շինություններից երկուսը բաժին է հասել Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին և «Դավիթ-Արտակ ընկերներ» ՍՊԸ-ին, որի բաժնետերերը եղել են Դավիթ Սեդրակյանն ու վերջինիս ընկերը՝ Արտակ Գևորգյանը: Դրանից օրեր առաջ, Էրեբունու ավագանու 2004թ. հուլիսի 30-ի որոշմամբ Դավիթ Սեդրակյանին օտարվել է նաև մոտ 1475 քմ մակերեսով շինություն՝ Վարդաշենի 3-րդ փողոցում: Շինության 1 քմ օտարվել է մոտ 1976  դրամով:

2002թ.-ին 5000 քմ անշարժ գույք, որը գտնվում է Դավիթ Բեկ հասցեում, օտարվել է «Էրեբունի մաքրություն» ՍՊԸ-ին: Տարածքի համար վճարվել է 2 մլն 735 հազար դրամ, կամ՝ 1քմ-ի համար 547 դրամ: Այս ընկերության 50 % բաժնետերը Դավիթ Սեդրակյանն է, մյուս 50%-ինը՝ Ժիրայր Այվազյանը: «Էրեբունի մաքրություն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997թ-ին:

Այդ տարիներին Էրեբունու թաղապետը եղել է Մհեր Սեդրակյանը և վերջինս հստակ գիտեր, որ նշված գույքն օտարվում է իր մերձավորներին: Ավելին, Մհեր Սեդրակյանը, լինելով համայնքի ղեկավար, ավագանու որոշումների հիման վրա իր հերթին կայացրել է գույքի օտարմանը վերաբերող որոշումներ: Հայտնի է, որ Մհեր Սեդրակյանը մեծ ազդեցություն ուներ ոչ միայն Էրեբունիում, այլև իշխող վերնախավում և օգտվում էր «արտոնյալի» կարգավիճակից:

Դավիթ Սեդրակյանը 2006թ. հուլիսի 1-ից մինչև 2007թ. օգոստոսի 1-ը աշխատել է Էրեբունի համայնքի ղեկավարի խորհրդական, իսկ 2007թ. օգոստոսի 1-ից մինչև 2009թ. օգոստոսի 1-ը՝ նույն համայնքի ղեկավարի տեղակալ:

Ինչպես տեղեկացրել են գլխավոր դատախազությունից, Երևանի Էրեբունի համայնքի ավագանու և համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով օտարման ոչ ենթակա հողատարածքները վաճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Մասնավորապես՝ համայնքի ավագանու այդ որոշումներով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա՝ Երևան քաղաքի Էրեբունու թաղային համայնքի սեփականությունը հանդիսացող «Վարդավառ» զբոսայգու տարածքում գտնվող շենք-շինություններն իրենց սպասարկող հողամասերով:

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ, բացի վերը նշված գույքը, օտարվել է նաև շենք-շինություների սպասարկման համար հողամասեր: Ընդ որում, վերը նշված գույքերը օտարվել են անհամեմատ էժան գներով: Այդ տարիների թաղապետ Մհեր Սեդրակյանը քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է և, ըստ էության, «արդարացել» է, որ  չի իմացել օրենքի խախտման մասին: Որոշումը կայացրել է ավագանին, և իրավաբանական բաժինը բացթողում չի նկատել:

Դավիթ Սեդրակյանը պարզաբանում էր տարածել, որ եթե 2002թ. դրությամբ ուսումնասիրվի օտարված հատվածի՝ տիեզերքից կատարված լուսանկարները, ապա պարզ կլինի, որ դրանք զբոսայգու տարածք փաստացի չեն եղել: Ըստ նրա՝ օրինակ՝ տրամվայի գծերը («տրամվայի կրուգը») ինչպես կարող են լինել զբոսայգու տարածք: Սեդրակյանի ասելով՝ օտարումներն օրենքի համաձայն իրականացրել է համայնքի ավագանին, որը 15 անձից բաղկացած կոլեգիալ մարմին է եղել: Համայնքի ղեկավարը ունեցել է խորհրդակցական ձայնի իրավունք: Համայնքի ղեկավարը ընդամենը կնքել է ավագանու որոշումները:

«Վարդավառ» զբոսայգու տարածքից «մասհանում» է եղել նաև այլոց: Ավագանու 2005թ. որոշումներից մեկով ՀՀԿ-ական Վաչիկ Աթոյանին զբոսայգու տարածքից օտարվել է 50.25 քմ շինություն՝ 126.000 դրամով և 60.75 քմ հող՝ 548,820 դրամ արժեքով:

2002-2004 թթ. վաճառվել է Էրեբունի համայնքին պատկանող Սարի թաղում գտնվող մշակույթի տան շենքը՝ 766,3 քմ տարածքով: Գինը կազմել է ընդամենը 2500 դոլարին համարժեք դրամ: Վաճառվել է 2 մանկապարտեզ՝ թիվ 308 մանկապարտեզի 1056,9 քմ մակերեսով մասնաշենքը, որի համար վճարվել է 10 մլն 370 հազար դրամ, ինչպես նաև թիվ 291 մանկապարտեզի շենքը՝ 801,4 քմ: Վերջինի գինը կազմել է 8 մլն 15 հազար դրամ:

2005-2009 թթ-ին քաղաքացի Հենրի Միքայելյանին վաճառվել է 3 գույք: Դրանցից մեկը Տիգրան Մեծի պողոտայում գտնվող թիվ 3 գրադրանի տարածքը: Ըստ քաղաքապետարանի՝ 248 քմ տարածքը վաճառվել է 65 մլն 800 հազար դրամով:

Հենրի Միքայելյանը գործարար է: Նրան է պատկանում քարի արտադրությամբ զբաղվող «Բազալտ Բրոկեն», «Ստոնման» ՍՊԸ-ները,  ռեստորանային ծառայություն իրականացնող «Նովուս» և «Ֆամիլլե» ՍՊԸ-ները: Նշենք, որ Երևանի քաղաքապետի 2015թ. որոշմամբ, Ողջաբերդի անդեզիտաբազալտի հանքավայրի Լեսնոյե տեղամասի զբաղեցրած 101967.58 քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով՝ մինչև 27.11.2038թ. տրամադրվել է «Բազալտ Բրոկեն» ՍՊԸ-ին: Ընդերքի տեղամասի զբաղեցրած 48.000 քմ մակերեսով հողամասի համար տարեկան վարձավճարը սահմանվել է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 7 %-ի չափով, իսկ լեռնահատկացման ակտի սահմաններում գտնվող 53967.58 քմ մակերեսով հատվածինը՝ 3 %-ի չափով:

Հենրի Միքայելյանի հետ այս տարի քաղաքապետարանը մինչև 2022թ. ժամկետով կնքել է նաև Վիլնյուսի փողոցի 70/12 հասցեում գտնվող գույքերի զբաղեցրած 24971.22 քմ մակերեսով հողամասի համար վարձակալության համաձայնագիր: Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 5158.46 քմ մակերեսով հողամասի համար 1,633,581 դրամ, իսկ 19812.76 քմ մակերեսով հողամասի համար՝ 2,688,988 դրամ է: Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմել է 4524 դրամ:

Ըստ քաղաքապետարանի՝ 2003թ-ին 2650 դոլարին համարժեք դրամով Բարեղամ Վարդանյանին է վաճառվել երկաթգծի կայարանամերձ հրապարակի հարևանությամբ գտնվող նախկին կաթսայատունը: Բարեղամ Վարդանյանը 2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին թիվ 4 ընտրատարածքում եղել է պատգամավորության թեկնածու՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակում: ՕԵԿ ցուցակով մասնակցել է ընտրություններին նաև 2003թ-ին: Եղել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի արհեստակցական միության նախագահը:

Օտարվել են նաև Էրեբունի վարչական շրջանի վարչական շենքի տարածքները: Մասնավորապես, շենքը բաղկացած է 2 մասնաշենքերից, որի ընդհանուր մակերեսը կազմում է 4216 քմ: Առաջին մասնաշենքը ամբողջությամբ օգտագործվում է վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից, այդ թվում հողամասը՝ 2673 քմ: Երկրորդ մասնաշենքը, բաղկացած է 5 հարկերից, որից 1-ին և 2-րդ հարկերը պատկանում են վարչական շրջանին, սակայն միայն 2-րդ հարկը վարձակալությամբ տրամադրվել է ՊԵԿ-ին: Վերջինս օգտագործում է նաև 5-րդ հարկը: Իսկ 3-րդ, 4-րդ և 5-րդ  հարկերը սեփականության իրավունքով պատկանում են այլ անձանց: Վարձակալության հիմունքներով 3-րդ հարկը օգտագործվում է Սոցիալական ապահովության ծառայության Էրեբունու և Նուբարաշենի տարածքային բաժնի կողմից, իսկ 4-րդ հարկը՝ «Բիդեք» ՍՊԸ-ի:

«Հետք»-ը բազմիցս անդրադարձել է «Բիդեք» ընկերությանը: 2009թ. ավագանու որոշմամբ ընկերությանը հատկացվել է 179,610 քմ տարածք, որի համար վճարում է 619,655 դրամ: Քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն, վարձավճարի չափը տարածքի կադաստրային արժեքի ընդամենը 1 %-ն է կազմում:

Գրել էինք, որ «Բիդեք» ընկերության հիմնադիր Գառնիկ Ավետիսյանը, Մհեր Սեդրակյանի  ընկերն է: Վերջինս նույնիսկ ուղեկցել է Մհեր Սեդրակյանին արտերկրյա ուղևորությունների ժամանակ: Նշել էինք, որ իրականում այդ ընկերությունը պատկանում է պատգամավորին, սակայն գրանցված է ընկերոջ անունով: Ընկերությունը գրանցվել է 2009թ. և իրականացնում է հիմնականում շինարարական գործունեություն:

Այժմ ընկերությունը «վերադարձվել» է իրական տիրոջը՝ Սեդրակյաններին: «Բիդեք» ՍՊԸ-ն և ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, 2019թ. հունվարի 16-ին դիմում էին ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` հայտնելով, որ Սեդրակյանը ցանկանում է ձեռք բերել Գառնիկ Ավետիսյանին 100 %-ով պատկանող «Բիդեք» ընկերության կանոնադրական կապիտալի 75 % բաժնեմասը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թույլատրել է «Բիդեք» ՍՊԸ-ի և Դավիթ Սեդրակյանի համակենտրոնացումը` վերջինիս կողմից «Բիդեք» ՍՊԸ-ի 75 % փայաբաժնի ձեռքբերման միջոցով:

© Hetq.am