«Սպայկան» պետությանը պատճառել է 7 միլիարդ դրամ վնաս․ ՊԵԿ նախագահ

Պետեկամուտների կոմիտեն մեղադրում է «Սպայկա» ընկերությանը ընդամենը տարվա ընթացքում պետությանը 7 միլիարդ 36 միլիոն դրամ վնաս պատճառելու մեջ և միջնորդություն ներակայացրել դատարան՝ կալանավորելու ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին՝ նրան երեկ մեղադրանք առաջադրելով առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու համար:


Գյուղմթերքների արտադրությամբ և բեռնափոխադրումներով զբաղվող խոշոր այս ընկերությունը՝ «Սպայկան», ըստ լրատվամիջոցների, պատկանում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, ով տարիներ առաջ ընկերությունը գնել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից։

Ըստ ՊԵԿ-ի, «Սպայկա» ընկերության ղեկավարությունը եվրոպական տարբեր պետություններից, այդ թվում՝ Լեհաստանից, Բելգիայից, 2014-2015 թվականների ընթացքում ձեռք է բերել դեպի պանիր, տանձ, խնձոր, չինական կաղամբ, լոլիկ և այլ ապրանքներ, որոնք 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի հունվարի 11-ը ընկած ժամանակահատվածում Վրաստանի տարածքով ներմուծել են Հայաստան: Սակայն ներմուծելիս Հայաստանի մաքսային մարմիններին ներկայացվել են կեղծ փաստաթղթեր այն մասին, թե իբր ներմուծված ապրանքներն իրենցից ներկայացնում մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի վճարումից ազատված ապրանքատեսականի, իսկ որպես ներմուծող կազմակերպություն հանդես է եկել «Սպայկա» ընկերության տնօրինության կողմից կառավարվող «Գրինպրոդուկտ» ընկերությունը:

Արդյունքում, «կիրառելով վերը նկարագրված ստվերային եղանակը», «Սպայկան» պետական բյուջե չի վճարել 7 միլիարդ 36 միլիոն դրամ մաքսատուրք և հարկ:

«2016 թվականի մնացած ամիսների, ինչպես նաև 2017 և 2018 թվականների մասով պետությանը պատճառված վնասը պարզելու համար քննչական և դատավարական գործողությունները շարունակվում են», – ընդգծված է ՊԵԿ հաղորդագրությունում:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանը ձերբակալված չէ, սպասվում է, որ այսօր դատարանը քննելու է նրա կալանավորման հարցը:

© Azatutyun.am

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: