• April 5, 2019

Պետական սեփականության գույքը այլ անձանց կողմից օգտագործվելու հետևանքով պետությանը 226.5մլն դրամի վնաս է պատճառվել. հարուցվել է քրեական գործ

Պետական սեփականության գույքը այլ անձանց կողմից օգտագործվելու հետևանքով պետությանը 226.5մլն դրամի վնաս է պատճառվել. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի գրության հիման վրա կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները:

Մասնավորապես՝ տևական ժամանակ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ չեն իրականացրել պետության սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Զարյան 22/1 և Զարյան 24 հասցեներում գտնվող 4.086,7քմ. ընդհանուր մակերեսով անշարժ գույքերը կառավարելու գործառույթը: Արդյունքում այն փաստացի տևական ժամանակ տիրապետվել և օգտագործվել է մասնավոր անձանց կողմից:

Մինչդեռ ըստ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացրած հաշվարկի՝ նշված անշարժ գույքերը պետության կողմից վարձակալության իրավունքով տրամադրելու պարագայում հնարավոր նվազագույն վարձավճարը կկազմեր ընդհանուր առնվազն 226.5 մլն ՀՀ դրամ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու և այդ կերպ պետության համար անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: