Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 8 աշխատակից` ամբաստանյալի աթոռին

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի շուրջ 8 աշխատակից հայտնվել են ամբաստանյալի աթոռին` կեղծիքներ կատարելու մեղադրանքով:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Էրեբունի» սպասարկման գրասենյակի պետ Յուրիկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել, որ նույն գրասենյակի գլխավոր մասնագետ Արթուր Ենգիբարյանին համոզելու եղանակով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունները: Վերջինս էլ կազմել է կեղծ առուվաճառքի պայմանագիր: Արթուր Ենգիբարյանին մեղադրանք է առաջադրվել Յուրիկ Հայրապետյանի դրդմամբ իր պաշտոնեական լիազորությունները չարաշահել համար` առաջացնելով ծանր հետեւանքներ: Այսքանով ամեն ինչ չի ավարտվում. նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել նաեւ տնտեսական մասի գործավար Էլեն Շահնազարյանին, որ նա 2015թ․ապրիլի 8-ից մինչեւ 2016թ. մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում Յուրիկ Հայրապետյանի դրդմամբ, խոչընդոտները վերացնելով, օժանդակել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Շենգավիթ» սպասարկման գրասենյակի գլխավոր մասնագետ Արթուր Ենգիբարյանի գործողություններին: Էլեն Շահնազարյանից բացի` մեղադրյալի աթոռին է հայտնվել «Արաբկիր» սպասարկման գրասենյակի գլխավոր մասնագետ Լիլիթ Ղազարյանը, որ նա 2013թ․հուլիսի 1-ից մինչեւ 2016թ. ապրիլի 22-ն ընկած հատվածում, ընդառաջ գնալով «Արաբկիր» սպասարկման գրասենյակի առաջատար մասնագետի պաշտոնը զբաղեցնող Աստղիկ Հովհաննիսյանի խնդրանքին, վերջինիս դրդմամբ եւ Յուրիկ Հայրապետյանի ընկեր Մեսրոպ Դարբինյանի օժանդակությամբ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` առաջացնելով ծանր հետեւանքներ: Աստղիկ Հովհաննիսյանին եւս մեղադրանք է առաջադրվել պաշտոնատար անձ հանդիսացող Լիլիթ Ղազարյանին դրդել չարաշահել պաշտոնեական լիազորությունները, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Ջավահիր Ամիրբեկյանին մեղադրանք է առաջադրել, որ նա լինելով «Կենտրոն» սպասարկման գրասենյակի գլխավոր մասնագետ, Յուրիկ Հայրապետյանի դրդմամբ աշխատակազմի տնտեսական մասի գործավար Էլեն Շահնազարյանի օժանդակությամբ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` առաջացնելով ծանր հետեւանքներ: Մեսրոպ Դարբինյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով Յուրիկ Հայրապետյանի ընկերը, ընդառաջ գնալով իր ընկեր Յուրիկ Հայրապետյանի խնդրանքին` վերջինիս դրդմամբ, խոչընդոտները վերացնելով, օժանդակել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Արաբկիր» սպասարկման գրասենյակի գլխավոր մասնագետ Լիլիթ Ղազարյանի գործողություններին: Ուշագրավն այն է, որ կադաստրի աշխատակիցներից այս գործարքներին է խառնվել նաեւ պետի վարորդը: Նարեկ Թեւանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, երկար տարիներ լինելով Յուրիկ Հայրապետյանի վարորդը, ընդառաջ գնալով իր գործատուի` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների համակարգման վարչության նախկին պետ Յուրիկ Հայրապետյանի խնդրանքին, վերջինիս դրդմամբ, խոչընդոտները վերացնելով` օժանդակել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Շենգավիթ» սպասարկման գրասենյակի գլխավոր մասնագետ Արթուր Ենգիբարյանի գործողություններին: Վերոնշյալ անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին: Ի դեպ, այս գործը քննելու է ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին` Դավիթ Բալայանը:

© Armlur.am

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: