• February 8, 2019

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետին

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` դատական ակտը դիտավորությամբ չկատարելու համար՝ մեղադրանք է առաջադրվել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման հաշվառման  տվյալների մուտքագրման բաժնի պետին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց   է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  քաղաքացին բազմաթիվ անգամներ նամակով դիմել է  Անշարժ գույքի կադաստրի կոմիտե՝ հայտնելով, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող իր հողամասերը բնության մեջ և էլեկտրոնային քարտեզում գտնվում են տարբեր իրադրական դիրքում: Քաղաքացին պահանջել է հողամասը տեղադրել էլեկտրոնային քարտեզի վրա և կատարել ուղղում՝ կադաստրային հատակագծերում /էլեկտրոնային քարտեզում/ պահպանելով գծային չափերը և մակերեսը:

Նշված  հանգամանքը քաղաքացին վիճարկել է ՀՀ վարչական դատարանում և վերջինիս հայցապահանջի հիման վրա՝ ՀՀ վարչական դատարանը 2017 թվականի հուլիսի 7-ին վճիռ է կայացրել, որով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին պարտավորեցրել է քաղաքացուն պատկանող  հողամասը տեղադրել էլեկտրոնային քարտեզի վրա և կատարել ուղղում՝ կադաստրային հատակագծերում պահպանելով գծային չափերը և մակերեսը, ինչը, սակայն, կառույցի համապատասխան բաժնի պետի  կողմից չի կատարվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա. Արմենակյանի կողմից որոշում է կայացվել՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման հաշվառման  տվյալների մուտքագրման բաժնի պետին մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով:  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց  է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտե