Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ուղեբեռի փաթեթավորման մենաշնորհին վերջ է դրվել. այժմ դաշտն ազատ է

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո երկրում մի շարք կարեւորագույն խնդիրներ են լուծվել: Այդ խնդիրներից մեկը, որը հանրությանը մտահոգում էր, իսկ փոքր եւ միջին տնտեսվարողներին՝ վախեցնում` մենաշնորհն էր: Մենաշնորհների պատճառով դաշտում մի վիճակ էր ստեղծվել, որը ժամանակ առ ժամանակ անկառավարելի էր դառնում, քանի որ ընդամենը մեկ խաղացող էր որոշում տվյալ ապրանքի գինը:

Սակայն հեղափոխությունը վերջ դրեց այդ ամենին: Ամենավառ օրինակներից մեկը բանանի մենաշնորհն էր, որը կապվում էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի անվան հետ: Հեղափոխությունից հետո բանանի գինը բավականին իջավ եւ ցանկացած մարդ արդեն հնարավորություն ունի բանան ներկրելու:

Մենաշնորհը, սակայն, միայն ինչ-որ ապրանքների հետ չէր կապված: Նախկինում մենաշնորհ է եղել նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գործող ուղեբեռների փաթեթավորման ծառայությունը: Քաղաքացիները պարզապես վախեցել են զբաղվել դրանով, քանի որ այդ գործով միակ զբաղվողը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքն էր:

Այդ ծառայությունն իրենից ընդհանուր առմամբ բարդ եւ ծախսատար բան չի ներկայացնում, ընդամենը ուղեբեռը սարքավորման միջով անցկացնելով՝ փաթեթավորում է, սակայն Գրիգորյանի ընտանիքը դա անում էր 2500-ից 3500 դրամով:

Հեղափոխությունից հետո ոլորտն ամբողջությամբ ազատ է: Այժմ օդանավակայան գնալու ճանապարհին կնկատեք առնվազն 10 նմանատիպ սարքավորում, որը դրված է փողոցներում: Նույն ծառայությունը կա նաեւ օդանավակայանում: Եւ այստեղ ամենաուշագրավն այն է, որ նախկինում եղած գնի փոխարեն ծառայությունն այժմ իրականացվում է ընդամենը 1000 դրամով:

ՀԺ-ն շրջեց նմանատիպ ծառայություններ իրականացնող մի քանի կետերով եւ զրուցեց այդ գործունեությունը իրականացնող մարդկանց հետ: Քաղաքացիներից մեկը նշում էր, որ նախկինում ոչ ոք նման համարձակություն չուներ այդ բիզնեսը սկսելու, քանի որ անձամբ Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանն էր «տիրություն» անում: Քաղաքացու պնդմամբ՝ բոլորն էլ վերջին ամիսների ընթացքում են սկսել այս գործունեությունը եւ եթե այսպես շարունակվի՝ մի քանի ամսից առնվազն 60 հոգի այդ գործը կանի, քանի որ դաշտն ազատ է:

Ծառայությունն իրականացնող մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ քանի որ ազատ է եւ խանգարող հանգամանք չկա, իրենք որոշել են զբաղվել սրանով եւ սա հնարավորություն է տալիս իրենց ֆինանսական վիճակը բարելավել: Նա նաեւ հավելեց, որ ճամփորդող քաղաքացիները գոհ են ներկա գնից եւ ի տարբերություն նախկինում եղած գնի, երբ շատերը չէին էլ ցանկանում փաթեթավորել իրենց ուղեբեռը, այժմ գինը բավականին հարմար է եւ հաճախորդներն էլ շատ են:

© Armtimes.com

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: