• January 10, 2019

Քոչարյանի խափանման միջոցի գործը քննող դատավորը ինքնաբացարկ է հայտնել

Քոչարյանի խափանման միջոցի գործը քննող դատավորը ինքնաբացարկ է հայտնել

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործը քննող ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը ինքնաբացարկ է հայտնել, լրագրողներին ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

Նշենք, որ երեկվա նիստում դատախազությունը և քննիչը ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նիստը նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանին: Ինքնաբացարկի միջնորդության հիմքն այն էր, որ նույն գործով մեկ այլ մեղադրյալի դեպքում նույն դատավորը ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով, որ իրենք ընտանիքներով բավական երկար մոտ են եղել: Խոսքը Մարտի մեկի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի գործի մասին է: Եվ դատախազն ու քննիչը պնդել են, որ այս գործերը փոխկապակցված են, և դատավորը կարող է անաչառ չլինել:

Արամ Օրբելյանն ասաց, որ ինքնաբացարկի հիմնավորումները դեռ հայտնի չեն: “Իմ կարծիքով, արդարադատություն իրականացնելուց խուսափելու մասին է խոսք գնում”, հավելեց փաստաբանը:

Ինքնաբացարկից հետո Քոչարյանի խափանման միջոցի միջնորդության քննության գործը պետք է վերամակագրվի մեկ այլ դատավորի: Արամ Օրբելյանն ասաց, որ հույս ունեն՝ շատ կարճ ժամկետում դա կկազմակերպվի:

© Lragir.am