• December 17, 2018

Նարեկ Սարգսյանի բնակարանից հայտնաբերված նկարները պատկանում են Սարյանի վրձնին. ԱԱԾ տնօրենը հաստատեց

Նարեկ Սարգսյանի բնակարանից հայտնաբերված նկարները պատկանում են Սարյանի վրձնին. ԱԱԾ տնօրենը հաստատեց

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանի բնակարանից խուզարկությամբ հայտնաբերված նկարների պատկանելիությունը փորձաքննությամբ պարզվել է. այն պատկանում է Մարտիրոս Սարյանի վրձնին:

Այս մասին այսօր սեմինարի ընթացքում պատասխանելով մեր հարցին՝ ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Փորձաքննությամբ պարզվել է հասցված վնասը:

Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է Պրահայում դեկտեմբերի՝ 6-ին «Ինտերպոլի» աջակցությամբ:

Հայտնաբերման պահին, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։ Մեր հարցին, թե ԱԱԾ-ն տեղեկություն ունի՞, թե Նարեկ Սարգսյանը ինչպես է Գվատեմալայի կեղծ անձնագիր ձեռք բերել, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց, որ դեռ հայտնի չէ: «Նարեկ Սարգսյանի էքստրադիցիայի հարցը առաջիկայում կլուծվի եւ նա կկանգնի դատարանի առաջ»,- հավելեց ԱԱԾ տնօրենը:

Մեր ճշտող հարցին` ճի՞շտ են մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, համաձայն որի՝ Նարեկ Սարգսյանին մատնել է քրեական հեղինակություն Զապ մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը, Վանեցյանը արձագանքեց. «Սուտ է, տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»:

Հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանի մասով հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, եւ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Նարեկ Սարգսյանի ու իր թիկնապահի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռ հուլիսի 5-ին, այն բանից հետո, երբ իրավապահները, վերջինիս պատկանող բնակարանից տեղափոխման պահին հայտնաբերել էին երկու ճամպրուկ թմրամիջոցներ եւ զենքեր: Բացի այդ, ԱԱԾ-ն հաղորդում է ստացել այն մասին, որ դեռեւս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի 14 գծանկարները, իսկ հետո, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել էր վերադարձնել դրանք։ ԱԱԾ աշխատակիցները հուլիսի 4-ին խուզարկություն են կատարել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են նկարները, ինչպես նաեւ 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ եւ զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում:

© Armtimes.com