244.6 մլն դրամանոց գույքը 10 անգամ էժան է օտարվել. ձերբակալվել է պետգույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալը

Դեռեւս սույն թվականի հոկտեմբերի 2-ին տեղեկացրել էինք ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից պետական գույքի կառավարման եւ մասնավորեցման ոլորտում իրականացված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքների մասին:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, մասնավորապես պարզվել էր, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եւ իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում «Անի» ԲԲ ընկերությանն ընդամենը 22.695.306 ՀՀ դրամով օտարվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հաշվեկշռում հաշվառված եւ անհատույց օգտագործման իրավունքով «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված՝ Շիրակի մարզի Ամասիայի համայնքում գտնվող 1882ք/մ մակերեսով Ջրաձորի ջրանցքը եւ դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1968 հեկտար մակերեսով հողամասը, 5342ք/մ մակերեսով Ամասիայի ջրանցքը եւ դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.38 հեկտար մակերեսով հողամասը, 7060ք/մ թունելը, ինչպես նաեւ ջրանցքները սպասարկող կառուցվածքները, որոնք ընդհանրապես օտարման ենթակա չէին:

Որակավորում ունեցող անձանց կողմից  2018թ. սեպտեմբերի 26-ին կատարված գույքի գնահատման հաշվետվության համաձայն 22.695.305 ՀՀ դրամով օտարված գույքի շուկայական արժեքը կազմում է 244.600.000 դրամ, ինչը շուրջ տասն անգամ ավելի է ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված գնից:

Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից 2018թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով 2018թ. դեկտեմբերի 3-ին ձերբակալվել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալ Ա.Մ.-ն:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները լիարժեք, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն ապահովելու ուղղությամբ:

© Armtimes.com

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: