Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում բնակվող օտարերկրյա քաղաքացին տանը պահում, պատրաստում և իրացնում է տարատեսակ թմրամիջոցներ։
Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Հունվարի 15-ին 41-ամյա տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, և նույն օրը տղամարդու բնակության վայրում կատարվեց զննություն։ Հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգվածով տարաներ, եթերայուղի նմանվող հեղուկներով սրվակներ, մոխրացած հետքերով գլանակներ, ներարկիչներ, տարբեր հարմարանքներ, կշեռքներ, աղաց, պինդ զանգված, մոտ 35 գրամ վարդագույն փոշենման զանգված, ավելի քան երկու կիլոգրամ արմատանման դարչնագույն զանգված։
Նշանակվել են համալիր փորձաքննություններ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։



