Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը, 2021, 2022, 2023 թթ.-ին հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ 3 հողամաս Վանաձորում՝ գնված 2018 թվականին: Գնման գործարքի ժամանակ Անի Նազարյանի ամուսինը Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալն էր:
Հիշեցնենք, որ Փելեշյանը 2016-ին «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակով ընտրվել էր Վանաձորի ավագանու անդամ: «Հայկական վերածնունդը» «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» հետ ստորագրել էր համագործակցության հուշագիր, որով պարտավորվել էր Վանաձորի քաղաքապետի պաշտոնում պաշտպանել «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: Ստորագրված հուշագիրը, սակայն, կյանքի չէր կոչվել, և Վանաձորի քաղաքապետ էր ընտրվել Մամիկոն Ասլանյանը: Դրանից հետո՝ 2017-ին, Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցության ղեկավար Փելեշյանը դարձել էր քաղաքապետ Ասլանյանի առաջին տեղակալը:
2024 թվականին Անի Նազարյանի հայտարարագրում երեք անշարժ գույքերին ավելացել է ևս մեկը՝ անհատական բնակելի տուն Վանաձորում՝ հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով: Գույքի ձեռք բերման ժամանակ Անի Նազարյանի ամուսինն արդեն Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատարն էր:
Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ, ապա Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը, ինչպես նշված է գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրերում, այս տարիներին չի աշխատել և սեփական եկամտի որևէ աղբյուր չի ունեցել:
© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2026/01/16/182556




